Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Մայիս 06,2022 22:30

ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարությունը 2021 թ դեկտեմբերի 14-ին հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որով առաջարկվել էր որպես դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջ սահմանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած մարդու հիմնարար իրավունքի միտումնավոր խախտումը, ընդ որում նախատեսվել էր Նախագծերին հետադարձ ուժ տալ։

2022 թ․ մարտի 21-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր խորհրդատվական կարծիք, որում մի շարք խնդիրներ էր արձանագրել։ Չնայած դրանից հետո Նախագիծը լրամշակվել էր, բայց պետք է նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի ոչ բոլոր դիտարկումներն էին հաշվի առնվել։ Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, բացասական կարծիք էր հայտնել Նախագծին հետադարձ ուժ տալու մասով և նշել էր, որ դա ՀՀ-ի համար ՄԻԵԴ-ում կարող է մարտահրավերներ առաջացնել։

Հանրային շահի ապահովման տեսանկյունից անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի գործողությունը կարող է տարածվել վարչական և քաղաքացիական գործերով քննության վարույթներ վրա, սակայն ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է հետադարձության արգելման ընդհանուր պահանջ, հետևաբար՝ մինչ սահմանադրական փոփոխություններն այս մոտեցումը կհամարվի Սահմանադրությանը հակասող։

Օրենքին հետադարձ ուժ հաղորդելու հարցերն անհրաժեշտ է դիտարկել Սահմանադրության բարեփոխումների շրջանակներում՝ նախատեսելով որպես լավագույն փորձի վրա հիմնված, խիստ իրավաչափ նպատակ հետապնդող և հանրային շահից բխող բացառություն։

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը շեշտել էր, որ Նախագծերում չկան խախտման մակարդակը սահմանող շեմ և աստիճանական պատժամիջոցների ձև։ Այնուամենայնիվ լրամշակված նախագիծը նույնպես չի սահմանում որոշակիության և կանխատեսելիության չափանիշներ․ պատժի խստությունը չի սահմանվում ըստ խախտման հետևանքների լրջության։ Նախատեսված է նաև ուսումնասիրել ՀՀ դեմ ՄԻԵԴ վճիռները, սակայն սահմանված չեն ուսումնասիրության և ԲԴԽ դիմելու ժամկետները։

Վերոնշյալ և այլ խնդիրների մասին ՀՔԱՎ դիրքորոշումն առաջարկներով ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031