Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես քննիչն օգնեց լուծել 11-ամյա երեխայի առողջական խնդիրը

Մայիս 20,2022 15:30

11-ամյա Լիլիթը երազում է սրտաբան դառնալ, նա անձնական փորձով է համոզվել, թե ինչ կարեւոր մասնագիտություն է դա, երեխան առողջական խնդիր է ունեցել, որը լուծվել է, իսկ թե ինչպես, «Առավոտի» խնդրանքով ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Աննա Խաչատրյանը:

«Երեխան 2021թ. աշնանից տեղափոխվել էր «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Նրա առողջական խնդրի մասին իմացել եմ պատահական` գործով անցնող մասնակիցներից: Գործը ստացել եմ այս տարվա հունվարի կեսին: Հնարավոր բժշկական բոլոր հաստատություններին, որտեղ երեխան կարող էր հսկվել, մեր կողմից գրություններ են ուղարկվել, որպեսզի մեզ տրամադրվեին երեխայի բժշկական փաստաթղթերը` հասկանալու համար, թե ինչ խնդիր ունի նա, ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի կարողանանք օգնել եւ առողջական խնդիրը լուծել: Համապատասխան փաստաթղթերը մեզ տրամադրվել էին բժշկական հաստատությունների կողմից: Այդ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ երեխան բնածին արատ ուներ` նախասրտային միջնապատի դեֆեկտ է կոչվում:

Դա այն դեպքն է, երբ սրտի միջնապատի վրա գոյություն ունի անցք, որտեղով թթվածնով հարուստ արյունը եւ արդեն կեղտոտ ածխածնով արյունը խառնվում են միմյանց, ինչը կարող է երեխայի մոտ առաջացնել հոգնածություն, լարվածություն, օրգանիզմի բնականոն հունը կարող է խախտվել»,-ասաց քննիչը:

Նրա խոսքով. «Կամ երեխայի մեծանալուն զուգընթաց անցքը պետք է փակվեր, կամ բժշկական միջամտություն իրականացվեր, սակայն երեխայի մոտ դա այնպես էր զարգացել, որ ինքնուրույն դեֆեկտը չէր փակվելու: Մինչեւ 2018թ. երեխան Նորքի սրտաբանական կիլինիկայում հսկվել էր, ու 2018թ. սկզբին արդեն մայրիկի կողմից վերջին անգամ տարվել հսկողության եւ խորհրդատվության: Այդ ժամանակ նշանակվել էր դեֆեկտի փակման գործողություն, ու հենց տվյալ պահին հնարավոր էր միջամտությունը կատարել, ընդ որում` պետպատվերով, սակայն մինչ օրս չէր իրականացվել: Այս ամենն իմանալով՝ առաջին օրվանից ձեռնամուխ ենք եղել բժշկական միջամտության կազմակերպմանն ու իրականացմանը: «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի ու Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների հետ հասել ենք միջամտության իրականացմանը: 2022թ. ապրիլի 20-ին իրականացվել է բժշկական միջամտությունը: Երեխան լավ է զգում իրեն, բժիշկների հսկողության ներքո է, արդեն տեղափոխվել է «Զատիկ»:

Աննա Խաչատրյանը, խոսելով բժշկի ապագա երազող փոքրիկի մասին, նշում է. «Ինչքան համոզում եմ, որ բժշկի մասնագիտությունը մի քիչ դժվար է, ավելի հեշտ բան ընտրի, Լիլիթն ասում է, որ երազում է դառնալ բժիշկ- սրտաբան, որ մյուս երեխաները նման խնդիրներ չունենան, ու ինքը կարողանա բոլորին բուժել: Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ինքը վերջին անգամ 8 տարեկանում էր այցելել հիվանդանոց, լսել բժշկական միջամտության մանրամասնությունները, ու ամեն ինչ նա հիշում էր, թե որ հիվանդանոցում է բուժվել, ինչ խնդիրներ է ունեցել, այնպիսի պրոֆեսիոնալիզմով էր պատմում իր խնդրի մասին, ասում էր` այն երկու լուծում ունի, մեկը ներանոթային սարքի միջոցով ոտքից դեֆեկտի փակումն է, մյուսը` բաց վիրահատության միջոցով, որի դեպքում պետք է կրծոսկրը կոտրվի ու հետո կատարվի բաց վիրահատությունը, ու ինքը մանրամասն նկարագրում էր, թե որը ինչ ռիսկեր է պարունակում, ու ինքը որին է համաձայն»:

Քննիչն ասում է, որ չնայած տվյալ պահին որպես քննիչ իր առաջնային դատավարական խնդիրներն այլ էին, սակայն յուրաքանչյուր պարագայում առաջինը, որ պետք է մտքիդ գա, հետեւյալն է. «Դու պետության ներկայացուցիչն ես ու բացի քրեական դատավարությամբ նախատեսվող պարտականություններից, ունես նաեւ այլ պարտականություններ, որոնք կոչված են ապահովելու Սահմանադրությամբ պաշտպանվող մարդու իրավունքները, իսկ մարդը, ինչպես գիտենք, բարձրագույն արժեք է, եւ յուրաքանչյուր դեպքում նրան անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի, իսկ հարցն ավելի խստանում ու լրջանում է, ու քեզ վրա հավելյալ պարտականություններ է դնում, երբ վերաբերվում է երեխաներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Լիլիթի կերպարային տիկնիկը

«Առավոտ» օրաթերթ
19.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031