Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական դատարանը չի անդրադարձել տուժողի, այսպես կոչված, դրդիչ խոսքին, որը կարող է արդարացնել հակադարձումը». Հատուկ կարծիք

Մայիս 25,2022 13:00

Վերջապես «Ծանր վիրավորանքի» գործով ՍԴ երեք դատավորների Հատուկ կարծիքները հրապարակվեցին

Մայիսի 6-ին «Առավոտում» տեղեկացրել էինք («Ծանր վիրավորանքի գործով» հատուկ կարծիքները ՍԴ կայքէջում չեն հրապարակվել»), որ Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 29-ի՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1646 որոշման վերաբերյալ եղել էր դատավորներ Հ. Թովմասյանի, Ա. Պետրոսյանի եւ Ա. Խաչատրյանի հատուկ կարծիքները: ՍԴ պաշտոնական կայքում տպագրվել էր 40 էջանոց որոշումը մայիսի 2-ին, սակայն երկար ժամանակ դատավորների հատուկ կարծիքները բացակայում էին:

Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանի նիստը տեղի էր ունեցել գրավոր ընթացակարգով:

Հրայր Թովմասյանի ու Արեւիկ Պետրոսյանի Հատուկ կարծիքը ներկայացվել է միասին՝ մայիսի 6-ի թվագրմամբ: Ըստ նրանց՝ «Նման հայեցակարգային մոտեցումից (նկատի ունեն ապաքրեականացումը-Ռ.Մ.), ըստ էության, հետքայլ կատարելը թերեւս հիմք է տալիս թե ներպետական եւ թե միջազգային համապատասխան հանրույթին արձանագրելու, որ կատարվում է ժողովրդավարությունից հետընթաց՝ ստեղծելով հատկապես ազատ խոսքի ոչ իրավաչափ սահմանափակմանն ուղղված քայլերի հնարավորություն, որոնցից քաղաքացիաիրավական պատասխանատվության պայմաններում «ծանր վիրավորանքի» քրեականացումը միայն մեկն է: Ընդ որում` իրեն իրավական հռչակած պետությունում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը վտանգվում է ոչ միայն եւ ոչ այնքան ազատ խոսքի հակաիրավական սահմանափակումների, այլեւ հայհոյախոսության, քաղաքական խոսույթի արժեզրկման, դատական իշխանության նկատմամբ ակնհայտ անհարգալից խոսքի դրսեւորումներ թույլ տալու, տեղեկատվական ահաբեկման այնպիսի միջավայրի խթանման պատճառով, որում առաջին հերթին առանցքային դերակատարում ունեն հանրային իշխանության տարբեր ներկայացուցիչներ»:

Դատավորների կարծիքով, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1646 որոշմամբ հիմնվել է այն սխալ ելակետի վրա, ըստ որի` վիրավորանքի քրեականացման եւ ապաքրեականացման հարցը բացառապես Ազգային ժողովի իրավասության տիրույթում է: Մեկ այլ դիտարկմամբ. «Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնարար իրավական դիրքորոշումները պատշաճորեն վերլուծելու փոխարեն՝ Սահմանադրական դատարանը հանգել է դրանց տրամագծորեն հակադրվող դիրքորոշումների, որոնցով, հարցի լուծումը պայմանավորելով զուտ օրենսդրի հայեցողությամբ, հիմք է ստեղծել վիճարկվող դրույթները (Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը) համարելու սահմանադրականության  առումով ոչ խնդրահարույց»:

Անդրադառնալով քննադատության ու վիրավորանքի միջեւ էական տարբերությանը, դատավորները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՍԴ-ն իր այս որոշմամբ  ամբողջովին անտեսել է «սուր քաղաքական քննադատության եւ վիրավորանքի միջեւ տարանջատման անհրաժեշտությունը», այսինքն՝ քաղաքական գործիչներին եւ հանրային իշխանության պաշտոնատար անձանց ամբողջովին նույնացնելով մասնավոր անձանց հետ. «Ավելին՝ ոչ օրենսդիրը, ոչ Սահմանադրական դատարանը, ոչ էլ դատարանները չեն սահմանել կամ ուրվագծել որեւէ տարբերակիչ հատկանիշ, որով հայհոյանքը կտարանջատվեր անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելուց»:

Սահմանադրական դատարանը բազմաթիվ մեջբերումներ էր կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից, ինչի կապակցությամբ դատավորները նշել են՝ «Այդ դիրքորոշումների կենսագործման հարցում նկատվում է մեկնաբանողական գործընթաց, եւ սա բավարար է թվում Սահմանադրական դատարանին, որպեսզի նա իրավակիրառ պրակտիկայի սահմանադրականությունը գնահատելու փոխարեն սահմանափակվի միայն «հետաքրքիր մեկնաբանողական գործընթացի» վերհանմամբ: Ընդ որում, «առհասարակ վիրավորանքի եւ ծանր վիրավորանքի, ծայրահեղ անպարկեշտ եղանակների զանազանման հետաքրքիր 14 մեկնաբանողական գործընթացի» արձանագրումը Սահմանադրական դատարանը կատարում է հիմք ընդունելով ընդամենը վեց քրեական գործերով կայացված` առաջին ատյանի դատարանների դատավճիռները: Սահմանադրական դատարանը փաստում է, որ «դատավճիռների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարաններն արդեն կայացրած դատավճիռներով առայժմ ծանր վիրավորանք են որակել միայն կոնկրետ անձի (անձանց) ուղղված սեռական բնույթի հայհոյանքները, անձի վրա թքելը»: Այլ կերպ՝ նման արձանագրմամբ Սահմանադրական դատարանը, ըստ էության, ակամա փաստում է, որ իրականության մեջ վիրավորանքի եւ ծանր վիրավորանքի զանազանման գործընթացը ձախողվել է»:

Երրորդ Հատուկ կարծիքը հայտնած դատավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի հիշյալ ՍԴՈ-1646 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը Սահմանադրության 1-ին, 42-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց է, եւ նա գտնում է. «Սահմանադրական դատարանը վիճելի իրավակարգավորման սահմանադրականության հարցն անհրաժեշտ էր քննարկել Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչ՝ իրավական որոշակիության եւ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքների հարաբերակցության տեսանկյունից»:

Ըստ նրա, «ծանր վիրավորանք հասցնելը» մի դեպքում ընկալվում է որպես «հայհոյել», իսկ մեկ այլ դեպքում՝ «վիրավորել», այսինքն՝ ծանր վիրավորանքի բովանդակային իմաստը նույնականացվում է հենց «ծանր վիրավորանքի» բաղկացությունը կազմող բնութագրիչի հետ, ինչն իրավական որոշակիության ապահովման եւ հատկապես քրեաիրավական կարգավորումներով սահմանված արգելքների ապահովման տեսանկյունից այնքան էլ որոշակի չէ: Ակնհայտ է, որ վիճարկվող կարգավորման շրջանակում օրենսդիրը, պայմանավորված այդ արարքի կատարման եղանակով, սահմանազատել է ծանր վիրավորանքը՝ որպես հանցավոր արարք, վիրավորանքից: Ըստ նրա՝ վիճահարույց են նաեւ «հրապարակախոսական գործունեություն», «հասարակական գործունեություն», «քաղաքական գործունեություն» եզրույթների սահմանման ու բովանդակային նշանակության հարցերը: Օրինակ՝ քաղաքական գործունեության իրականացումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն քաղաքական պաշտոն զբաղեցնելու, այլեւ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնելու կամ քաղաքական կուսակցության անդամի կարգավիճակով կուսակցական գործունեության իրականացման հետ: Իսկ դա նշանակում է, որ ծանր վիրավորանքից քրեաիրավական հատուկ պաշտպանության   տակ գտնվող հանրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը դառնում է անորոշ, որը չի կարող բխել հանրային կարեւոր նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունների համակարգային կարգավորման տրամաբանությունից:

Ա. Խաչատրյանը կարծում է, որ «ծանր վիրավորանք հասցնելու» գնահատման ենթակա հանգամանքները դառնում են բազմազան, իսկ դրանց կամայական մեկնաբանությունը գործնականում կարող է ստեղծել միեւնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսեւորման վտանգ:

Մեկ այլ դիտարկմամբ էլ՝ ծանր վիրավորանքից քրեաիրավական հատուկ պաշտպանության տակ են գտնվում հանրային գործունեություն իրականացնող այն անձինք, որոնց վարքագիծը  կապված է «լրագրողական գործունեության հետ», «հրապարակախոսական գործունեության հետ», «ծառայողական պարտականությունների կատարման հետ», «հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ», «հանրային պաշտոն զբաղեցնելու հետ», «հասարակական գործունեության հետ», «քաղաքական գործունեության հետ»։ Արդյունքում՝ դա նշանակում է, որ ծանր վիրավորանքից քրեաիրավական հատուկ պաշտպանության  տակ գտնվող հանրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը դառնում է անորոշ, որը չի կարող բխել հանրային կարեւոր նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունների համակարգային կարգավորման տրամաբանությունից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031