Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. Վրանները վաղը կհանվեն, «Դիմադրություն» շարժման ղեկավարները որոշել են վերափոխել շարժման կառուցվածքը եւ մարտավարությունը

Հունիս 14,2022 23:15

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի  ժամանակ ասաց, որ «Դիմադրություն» շարժման նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը եւ Հայաստանի թրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար նախ՝ պետք է հեռացնել այս իշխանություններին:

«Քանի դեռ այս հարցերը չեն լուծվել, այս շարժումը դադար չունի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով, շարժման շնորհիվ հասարակությունը, լաոն զարթնեց, եւ վերջնականապես փակվեց հարցը, թե Արցախի հարցը հետաքրքրում է հանրության միայն փոքր շերտերին։ Երկրորդ՝ միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում եւ զիջում պարտադրել. «Ձեւավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը այլեւս գործոն է։ Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական եւ սոցիալական հիմքերը, իշխանության միակ հենարանը ՔՊ–ի նեղ շրջանակն է եւ ոստիկանական բիրտ ուժը։ Հանրային խոսույթում վերջնականապես ձեւավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։ Այդ օրակարգը ձեւավորվեց այս հրապարակում քաղաքացիների շնորհիվ եւ այլեւս դա հանրային օրակարգ է։

Որքան էլ վարչախումբը հետպատերազմյան ժամանակաշրջանում փորձեց հանրությանը տրամադրել նոր պարտության եւ աշխարհին համոզել, թե հայերը հաշտվել են տեղի ունեցածի հետ, մենք այս շարժումով ապացուցեցինք հակառակը։ Մենք ասացինք՝ տեր ենք մեր երկրին, ունենք այդ կամքը, վճռականությունը եւ 5000-ամյա ժողովրդի ընթացքը կասեցնել հնարավոր չէ»։

Նրա համոզմամբ, հայ ժողովուրդը սկսեց հաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտության հետեւանքները եւ կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջները։

«Գծվեց հստակ ջրբաժան։ Մեր ժողովրդի 90 տոկոսը բացահայտ հայտարարել է՝ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սա սոցհարցման պաշտոնական արդյունք է։ Շարժումը այս պահին առնվազն կանխեց եւ խախտեց նոր կապիտուլյացիա ստորագրելու ժամանակացույցը, եւ դրանով են պայմանավորված Նիկոլի ու Ալիեւի վախերը։ Մեր շարժումը սկսեց ոտքի հանել արցախահայությանը, ոտքի է նաեւ Սփյուռքը։ Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնությունը վերականգնման փուլում է։ Քաղաքական ճգնաժամը դրսևորված է եւ փաստ։ Որքան էլ փորձեն այն քողարկել, սա այլեւս իրականությունը։ Իսկ Նիկոլի հեռացման հանրային պահանջը հստակ է եւ աներկբա»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաեւ նշեց, որ հենց այս հրապարակում ձեւավորվում է ազգային, պետական կորիզը. «Այս կորիզը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը, այս կորիզը դառնալու է մեր պետության իմունիտետը, որը պաշտպանելու է մեզ ամեն տեսակ վարակներից և հիվանդություններից»:

Իշխան Սաղաթելյանը ասաց, որ գլխավոր խնդիրը մնում է չլուծված՝ Հայաստանը դեռ ղեկավարում է գոյաբանական վտանգ ներկայացնող մարդը. «Մենք հեռացնելու ենք Նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարյուն»,–ասաց նա՝ նշելով, որ շարժմանը պլանավորած քայլերն իրականացրել են ամբողջությամբ, սակայն «իշխանությունների ցինիզմը, աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողել շարժման ծրագրերի վերջնարդյունքի վրա», ուստի շարժումը կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։

«Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել մեր վերջնական նպատակին»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի մերժողների թիվը շատ ավելի մեծ է, քան այս հրապարակում գտնվողներինը. «Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոց դուրս բերել: Դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, որ սա պայքար է իշխանության համար, պայքար է նախկինների վերադարձի համար»։

Իշխան Սաղաթելյանը նաեւ ասաց, որ շարժումն ունեցել է կազմակերպչական բնույթի թերացումներ, որոնք եւս պետք է շտկեն: Ըստ նրա, շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր եւ կարեւոր հանգրվանի առջեւ են կանգնած, հետեւաբար՝ «Դիմադրություն» շարժման ղեկավարները որոշել են վերափոխել շարժման կառուցվածքը եւ մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրված այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել են։

«Ուստի՝ անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, քաղաքական կազմակերպական, քարոզչական աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար։ Երկրորդ՝ շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային եւ ճյուղային կառուցվածքային միավորներ»,– ասաց նա՝ նշելով, որ շարժումը այսուհետ ունենալու է կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, ինչի շնորհիվ լուծելու են քաղաքական, կազմակերպչական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը ընդլայնելու, նորանոր խմբեր, կարող անհատներ ընդգրկելով շարժումն ավելի ընդլայնելու եւ նոր ուժ տալու հարցը։

Ֆրանսիայի հրապարակի վրանները հանել-չհանելու վերաբերյալ էլ հարցերին ի պատասխան, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վաղվանից հավաքելու են վրանները, բայց անհրաժեշտության դեպքում երկու ժամվա ընթացքում վերականգնելու են վրանային ավանը: Ասաց, որ իրենց գործողությունները շարունակելու են եւ շաբաթական ցույցեր, երթեր, փողոցային միջոցառումներ են կազմակերպելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Մենք գնալու ենք մինչև վերջ։ Հոգնել չկա։ Առաջիկա օրերին նիկոլը գնալու է։ Հաշված օրեր են մնացել….
    Ցավալի է արձանագրել բայց չէր էլ ստացվելու, նիկոլը պետք է գնա միանշանակ, բայց դուք էլ պետք է իր հետ գնաք։ Ձեր օրոք ապրել ենք ու գիտենք ինչ եք բերելու եթե գաք։ Տեղը ազատեք թող նոր մարդիկ գան, դուք հեռացեք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930