Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է այն հիմարը, որը հավատում է, թե Ադրբեջանն իր վերահսկած տարածքում ճանապարհ է կառուցում հայերի համար»․ Էդգար Ղազարյան

Հունիս 30,2022 17:06

«Որեւէ պաշտոնական գործընթացով հանրությունը չի տեղեկացել, որ Արցախը ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհը վտանգված է։ Սա եղավ այն փուլում, երբ Ադրբեջանի ճանապարհաշինական աշխատանքը տեսանելի էր հայկական կողմից․ կառուցված կամրջի եւ ճանապարհի մի մասի ասֆալտապատման մասին է խոսքը։ Եղան պաշտոնական բացատրություններ, որոնք հղում են անում նոյեմբերի իննի հայտարարությանը, թե դրանով արդեն իսկ նախատեսված էր»,-«Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Բերձորի միջանցքն Ադրբեջանին զիջելու վտանգներին՝ հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այս ընթացքում Բերձորի միջանցքը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը հասցնում է ավարտին։

Էդգար Ղազարյանը շեշտեց՝ նոյեմբերի իննի հայտարարությամբ ասվում է, որ․ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Կողմերի համաձայնությամբ ԼՂ և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։

Ղազարյանը գրվածը պարզաբանեց․ «Ասված է նախագիծ՝ երեք տարում, ոչ թե ճանապարհ։ Եվ գրված է՝ կողմերի համաձայնությամբ։ Կողմերը ՀՀ-ն են եւ Ադրբեջանը։ Այսինքն, եթե որեւէ կողմ համաձայնություն չի տալիս, ապա նախագիծը, եւ ոչ ճանապարհը, չի ընդունվում։ Հիմա եթե նախագիծը կա եւ ճանապարհը կառուցվում է, ուրեմն կողմերը տվել են համաձայնություն։ Չկա մի փաստաթուղթ ճանապարհի նոր նախագծի եւ կառուցման վերաբերյալ, որի տակ կլինեին Ալիեւի եւ Փաշինյանի ստորագրությունները։ Այսինքն, հերթական անգամ ունենք բանավոր պայմանավորվածություն՝ առանց որեւէ իրավական ձեւակերպման։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ վարչապետ, հնարավորություն ունենք կասեցնելու այս աղետը, որովհետեւ կողմը կարող է հրաժարվել, ասել, որ համաձայնություն չի տալիս՝ անգամ մեջբերելով աշխարհագրական պատճառներ»։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց նաեւ, որ ըստ նոյեմբերի իննի փաստաթղթի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, բեռների փոխադրումը երկու ուղղությամբ․ «Այսինքն, չկա սահմանափակում, թե որ բեռների ու քաղաքացիների մասին է խոսքը, մինչդեռ նոյեմբերի իննից հետո այդտեղով ռազմական բեռներ եւ զինվորական համազգեստով մարդիկ չեն կարող գնալ Արցախ։ Փաստացի սահմանափակումը կա՝ Նիկոլի եւ Ալիեւի բանավոր պայմանավորվածության արդյունքում։ Իսկ թե ինչ է Լաչինի միջանցքը, նոյեմբերի իննի հայտարարությունում գրված է՝ 5 կմ լայնություն։ Դա է միայն Լաչինի միջանցքը։ Ցանկացած նոր ճանապարհ չի կարող համարվել Լաչինի միջանցք, այն ճանապարհ է, որի համար որեւէ մեկը, համենայն դեպս՝ Ադրբեջանը, որեւէ պարտավորություն չունի։ Ստացվում է, որ եթե մենք դուրս ենք գալիս Լաչինի միջանցքից եւ որոշում երթեւեկել Ադրբեջանի կառուցած շատ ավելի հարմար, գեղեցիկ ճանապարհով, ապա կերթեւեկենք այնքան ժամանակ, որքան Ադրբեջանը կթույլատրի։ Ադրբեջանը, սակայն, պարտավորություն չունի թույլատրելու»։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանի կառուցած նոր ճանապարհի 7 կմ-ոց հատվածն անցնում է ՀՀ եւ Արցախի վարչական տարածքներից դուրս․ «Այն ֆիզիկապես գտնվելու է Ադրբեջանի՝ իրեն պաշտոնապես պատկանող տարածքում։ Ո՞վ է այն հիմարը, որը հավատում է, թե Ադրբեջանն իր վերահսկած տարածքում ճանապարհ է կառուցում հայերի համար՝ թուրքական շինարարական ընկերության ֆինանսական միջոցներով։ Այն Ադրբեջանը, որն, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը փակեց հայերի համար։ Ակնհայտ է, որ հայերի համար ճանապարհ չկա, այն կարող է օգտագործվել Արցախի բնակչության տեղահանության նպատակով։ Կառուցում են, որ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից ադրբեջանցիները գնան Նախիջեւան»։

Բանախոսը նաեւ ընդգծեց, որ Լաչինի միջանցքով են անցնում դեպի Արցախ գազատարը, էլեկտրահաղորդակցության եւ համացանցային կապուղիները, եւ եթե միջանցքը զիջվում է, նշանակում է՝ կորցնում ենք Արցախի տնտեսական ենթակառուցվածքների հանդեպ վերահսկողությունը․ «Բերձորն ու Աղավնոն հնարավորինս շատ մարկանցով պետք է բնակեցվեր այս ընթացքում։ Մինչդեռ Արցախի նախագահի համար «մեծ հաջողություն» է այն, որ Բերձորի բնակիչները դուրս են գալիս։ Նոյեմբերի իննի փաստաթղթով նախատեսվում է փախստականների վերադարձ։ Քանի՞ հոգի է մինչեւ հիմա վերադարձել Հադրութ։ Ոչ մի։ Էլ չասեմ գերիների մասին։ Տեւական ժամանակ է՝ Արցախի փրկարար ծառայությունը զրկված է մարմիններ որոնելու հնարավորությունից։ Ոչ մի կետ Ադրբեջանը չի կատարում»։

Բերձորի միջանցքի հայաթափման վերաբերյալ Արցախի նախագահի այսօրվա պարզաբանումները՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930