Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ուզում եմ խաղաղություն լինի մեր ներսում»

Հուլիս 01,2022 12:30

Փարավոն Միրզոյանը` հայրենիքի, մշակութային քաղաքականության, նոր գրքի եւ գալիք ցուցահանդեսի մասին

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը հերոսություն է համարում այս դժվարին օրերին ստեղծագործելը, ասում է՝ դա նաեւ մեծ պատիվ է ժողովրդի համար: Վերջերս նա կրկին եղել է Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում ու բարձրաձայնել իր մտածումները: «Նկարիչն ամեն ինչ անում է` կտավն առնում է, ներկն առնում է, շրջանակը դնում է, Նկարիչների միությանը վճարում է, որ ցուցահանդեսը բացի, այնուհետեւ մեկ շաբաթ ցուցադրվելուց հետո հավաքում գնում է տուն: Հարգելի ղեկավարություն, այս նկարիչներից ի՞նչ եք ուզում: Պետությունը նրանց կրթության է տվել, ծախս է արել, չեմ ասում բոլորին աջակցեք, բայց գտեք ձեւը ինչ-որ կերպ ստեղծագործողների կողքին կանգնելու, որպեսզի մարդիկ էլ ավելի կառչեն հայրենիքից, չուզենան գնալ արտասահման կամ Թուրքիա` նկարները վաճառելու: Վերջիվերջո չի կարող արվեստը զարգանալ առանց պետական աջակցության, առանց ծրագրերի, մշակութային քաղաքականության, արվեստը զարգանում է այն երկրներում, որտեղ կոնկրետ պետական քաղաքականություն կա, իհարկե, խոսքը գրաքննության մասին չէ»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ճանաչված նկարիչը:


Խոսելով կոչումներից ազատվելու չարչրկված թեմայից, Փարավոն Միրզոյանը կարծիք հայտնեց, որ չպետք է իսպառ հրաժարվել կոչումներից. «Ես գտնում եմ, որ պետությունը պետք է ունենա կոչումներ, այո, համաձայն եմ, որ ամեն տարի մայիսին ու սեպտեմբերին չպետք է պարտադիր կոչումներ շնորհվեն: Թող ժողովրդական նկարչի կամ դերասանի արժանիքները գնահատեն ասենք՝ 4-5 տարին մեկ, ոչ թե ամեն տարի` պետական տոների առիթով: Չպետք է էժանացնել ամեն բան: Բայց արվեստագետներին արժեւորելն ու կոչումներն անհրաժեշտ են, իհարկե, խոսքը ծանոթներին տրվող կոչումների մասին չէ: Հաճախ օրինակ են բերում, թե Եվրոպայում չկան վաստակավորի ու ժողովրդականի կոչումներ, բայց չէ՞ որ նրանց մոտ այլ քաղաքականություն է տարվում, նրանք էլ այլ կերպ են արժեւորում արվեստագետներին: Եթե դու պետություն ես, պետք է քո գաղափարախոսությունն ու արվեստի ոլորտում քաղաքականություն ունենաս, ոչ թե վերցնես ու ծանոթով ինչ-որ մեկի պետական մրցանակ հանձնես»:


Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ նորատիպ «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» գիրք-ալբոմին: «Շատ շնորհակալ եմ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ղեկավարարությանը, որ որոշեց հրատարակել «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» գիրք-ալբոմը; Ուրախ եմ, որ գտնվեցին հովանավորներ, խոսքը Արմեն եւ Մարիաննա Տիգրանյանների մասին է, որոնք ֆինանսավորեցին գրքի հրատարակությունը: Մարիաննան մեր կոնսերվատորիայի դասախոսներից է, շատ հետաքրքիր անձնավորություն, ինձ էլ հաճույք պատճառեց իր եւ նրա դստեր դիմանկարը նկարելը: Շատ գեղեցիկ ստացվեց նկարչության եւ երաժշտության մարդկանց միջեւ ներդաշնակ համագործակցությունը: Այսօր այդպիսի մարդիկ քիչ են: Շնորհակալ եմ Սեն Հովհաննիսյանի «Նահապետ» հրատարակչությանը, որը շատ մեծ գործ արեց, շնորհակալ եմ «Էդիթ պրինտ» հրատարակչությանը, որ հավուր պատշաճի հրատարակեց այս գիրքը:


«Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» գրքի շնորհանդեսը կկայանա աշնանը, երբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իմ անհատական ցուցահանդեսը, որն ավելի քան երկու տարի է՝ հետաձգվում է պատերազմի ու քովիդի պատճառով: Մի խոսքով, կկայանա եւ իմ ծավալուն ցուցահանդեսը, եւ գրքի շնորհանդեսը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նկարչից հետաքրքրվեցինք, թե ինչ աշխատանքներ է նախատեսում ցուցադրել: «Ես ընդհանրապես սիրում եմ, որ վերջին տասը տարվա ստեղծագործությունները լինեն ցուցահանդեսին, բայց մեկումեջ էքսպոզիցիայի համար այլ բաներ էլ կներկայացնեմ: Օրինակ, նատյուրմորտ, որ Փարավոն Միրզոյանը նկարել է 1978թ., եւ նատյուրմորտ՝ նկարված 2020թ.: Այցելուները պետք է տեսնեն արվեստի մոտեցումը, թե ինչ կյանք է ապրել այդ 50 տարում նկարիչը, ինչ տարբերություններ կան երկու նատյուրմորտներում: Ի թիվս այլն, կլինի նաեւ կոմպոզիցիա` մեր պատերազմին է նվիրված, կցուցադրվեն մեր ժամանակակիցների դիմանկարները, մեր հայրենիքի բնանկարները, կլինեն տարբեր մատերիալներով արված գործեր: Սպասում ենք, որ պատկերասրահի վերանորոգումն ավարտվի, որ կարողանանք հավուր պատշաճի կազմակերպել ցուցադրությունը: Դրա մասին հոգ է տանում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը եւ շատ-շատերը սպասում են իմ ցուցահանդեսին»,-հայտնեց նկարիչը:


Քանի որ Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ դասավանդում է, դասերն ավարտվել են, Փարավոն Միրզոյանը մտադիր է 2 շաբաթով մեկնել Իտալիա եւ այնտեղ ստեղծագործել: Ասաց, որ այլ ծրագրեր էլ ունի. «Իտալիայից հետո կգնամ Լեհաստան` Գդանսկ, որից հետո Լիտվայում կմասնակցեմ պլեների: Գդանսկում կբացվի էրոտիկ նկարների իմ ցուցահանդեսը եւ հանդիպում նկարչի հետ: Այնուհետեւ կվերադառնամ Երեւան: Կտեսնենք, թե մեր երկրում ինչ փոփոխություններ կլինեն, որովհետեւ մեր բոլորի մտքում մեր երկրի զարգացումն է, մեր երկրի համերաշխությունն ու կայունությունը: Ուզում եմ խաղաղություն լինի մեր ներսում: Երբ դրսից տեսնում են, որ մեզ մոտ նման վիճակ է, շատ բան ենք կորցնում: Այլ բան է, երբ դրսից տեսնում են, որ համերաշխ ենք, մտածում ենք ոչ թե զուտ մեր անձնականի մասին, այլ երկրի զարգացման ու կայունության»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031