Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց ավելի հետաքրքիր է, որ «սրտի» օլիգարխներն ասֆալտ փռեն, ծառ ու ծաղիկ տնկեն»․ Թադեւոս Ավետիսյան

Հուլիս 06,2022 20:50

«Գործող իշխանությունը սոցիալական ոլորտում սուտ խոստումներ է տվել։ Իշխանությունը հաճախ սոցիալական խնդիրները մեկնաբանում է  մեկ տրամաբանությամբ՝ իրենք մեղավոր չեն, աշխարհում գնաճն ուժգնանում է, ուստի իրենք բան չեն կարող անել։ Այսինքն, փորձում են ասել, թե իրավիճակն օբյեկտիվ է։ Առաջին չորս ամսվա տնտեսական աճն էլ վերագրում են իրենց»,-Սարյանի անվան պուրակում այսօր Դիմադրության շարժման կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր քաղաքացիներին առավելապես հետաքրքրում է, թե թոշակներն ու անապահովության նպաստներն ինչու չեն ավելանում․ «Օբյեկտի՞վ է վիճակը, որ նման գնաճի պայմաններում չեն ավելանում ցածր եկամուտ ունեցողների, թոշակառուների նպաստներն ու թոշակները,  նվազագույն աշխատավարձը։ Բարձր գնաճը շարունակվում է։ 2020թ․-ից ականատես ենք, բայց այս փուլի ամենավտանգավոր սոցիալական հետեւանքն այն է, որ շատ բարձր գնաճ կա առաջին անհրաժեշտության ապրանքների։ Տրամաբանական է, որ մարդիկ գնաճին համարժեք թոշակների եւ նպաստների բարձրացում են  պահանջում, իսկ իշխանությունը բացատրում է, թե սա նորմալ երեւույթ է»։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն իր հերթին անդրադարձավ այս խնդրին․ «Պետական բյուջեն պլանավորելիս պետք է հաշվի առնվեին գնաճի միտումները, որոնք մի քանի ամիս չէ, որ կային, այլ մեկ տարի ու կես․․․պատկերն այսքան տխուր չէր լինի, եթե այս ֆոնին չտեսնեինք պարգեւավճարների ու կառավարության պահուստային ֆոնդի ավելացում․ դրանք այն գումարներն են, որոնք գործադիրն առանց ԱԺ-ի համաձայնության կարող է ծախսել։ Գումար կա, ուղղակի կառավարությունն իր հայեցողությամբ է դրանք տնօրինում, եւ ոչ թե տրամադրում սոցիալապես խոցելի խմբերին»։

Թադեւոս Ավետիսյանն այնուհետեւ նշեց․ «Քաղաքացին պետք է հասկանա, որ անգամ նման պայմաններում որոշակի հնարավորություն կա, որ առաջնահերթ բարձրանան աղքատության նպաստի, կենսաթոշակի չափերը 30%-ով։ Չի արվում պարզ պատճառով։ Կապիտալ ծախսերին են վերագրում, որովհետեւ կապիտալ ծախսը թղթի վրա գրում են, բայց չկա, չեն անելու։ Բացի այդ, ավելի հետաքրքիր է ասֆալտ փռել եւ ծաղիկ տնկել, ծառ ցանել, որովհետեւ այդտեղ հետաքրքրություն կա իրենց սրտի օլիգարխներից։ Այդ ասֆալտն իրենք են անում՝ պետպատվերով եւ մեկ անձից գնումներով։ Երեւանում ծաղիկ ցանելով ու «բորդյուր» տնկելով էլ պատրաստվում են քաղաքապետի առաջիկա ընտրություններին»։

Թադեւոս Ավետիսյանը պնդեց՝ կառավարությունը ստում է, երբ ասում է, որ աշխարհում  նույն ճգնաժամն է․ «Տարածաշրջանի բոլոր երկրներում, բացառությամբ ՀՀ-ի, միջին գնաճին հավասար կամ ավելի բարձրացվել են նպաստները, աշխատավարձերն ու թոշակները։ Անգամ Ռուսաստանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031