Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, Սահմանադրության օրվա առթիվ պարգեւատրում չենք ստացել, ավելին՝ վերջին 2 ամիսներին ընդդիմադիր պատգամավորներից շատերիս աշխատավարձերից էականորեն պահումներ են արվել». Ագնեսա Խամոյան. «Հրապարակ»

Հուլիս 07,2022 09:45

Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է ԱԺ պատգամավորներին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- կարդում ենք պաշտոնական հրամանում: Բնականաբար, ԱԺ կայքում սույն հրամանի հետ հավելված չի ներկայացվել, եւ հասկանալի չէ, թե խոսքը որ պատգամավորների եւ, առհասարակ, ինչ գումարի մասին է: Սակայն, մեր տեղեկություններով, դրամական պարգեւի արժանացել են միայն «Քաղպայմանագրի» պատգամավորները: Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականներին խորհրդարանի ղեկավարը պարգեւատրել է թերեւս նրա համար, որ հնազանդորեն դակում են մայր օրենքն աղճատող՝ իշխանության թիվ մեկ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի երկնած նախագծերը:

«Ոչ, մենք պարգեւատրում չենք ստացել, ավելին՝ վերջին երկու ամիսներին ընդդիմադիր պատգամավորներից շատերիս աշխատավարձերից էականորեն պահումներ են արվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Որոշ տեղեկություններով, խոսքը 150-300 հազար դրամ պահումների մասին է: Վերջին ամիսներին՝ դիմադրության շարժումը սկսվելուց հետո, դրանից էլ առաջ, երբ ընդդիմադիրները մեկնել էին Արցախ, սակայն Բերձորից նրանց թույլ չտվեցին առաջ գնալ, ԱԺ ղեկավարությունը նիստերից ու քվեարկություններից բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ էր արել՝ հաշվի չառնելով, որ ընդդիմադիրները հայտարարել են քաղաքական բոյկոտի մասին: Պահումները տարբեր պատգամավորների պարագայում տարբեր են՝ կախված այն հանգամանքից, թե որ հանձնաժողովի անդամ է տվյալ պատգամավորը, հանձնաժողովը որքան հաճախակի է նիստեր հրավիրել։ Հետեւաբար՝ որքան շատ են բացակայությունները, այնքան մեծ է պահվող գումարը: «Պատգամավորներ կան, որ հունիս ամսին 200 հազար դրամ աշխատավարձ էլ չեն ստացել»,- ասաց մեր աղբյուրը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031