Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը hրաժարական ներկայացրեց. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 07,2022 22:02

«Ամերիկայի ձայն». Հինգշաբթի օրը հրաժարական ներկայացրեց սկանդալային մի քանի պատմությունների մեջ հայտնված Բորիս Ջոնսոնը: Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հրաժարականի մասին հայտարարեց այն բանից հետո, երբ 50 նախարարներ հրաժարվեցին նախարարական իրենց պորտֆելներից: Ջոնսոնը կորցրել էր նաեւ պահպանողական օրենսդիրների մեծամասնության աջակցությունը:

«Ես ուզում եմ, որ իմանաք, թե որքան տխուր եմ աշխարհի լավագույն աշխատանքից հրաժարվելու համար», ասել է Բորիս Ջոնսոնը` առանց իր շուրջն առկա խնդիրների ու թույլ տրված սխալների համար ներողություն խնդրելու:

Հիշեցնենք, որ Ջոնսոնն իշխանության եկավ գրեթե երեք տարի առաջ՝ խոստանալով ապահովել Brexit-ը և փրկել երկիրը դառը վիճաբանություններից: Նախկին լրագրողի և Լոնդոնի նախկին քաղաքապետի պաշտոնամուտն այն ժամանակ արժանացավ շատերի հավանությանը նույնիսկ մրցակից կուսակցության շարքերում:

Նրա հրաժարականից հետո տեղի են ունենալու Պահպանողական կուսակցության ներքին ընտրություններ`՝ կուսակցության նոր առաջնորդ ընտրելու համար: Հաղթողը նաեւ կհռչակվի երկրի հաջորդ վարչապետ: Գործընթացը, սակայն, կարող է տևել շաբաթներ, քանի որ մի քանի կուսակցականներ արդեն դիրքեր են գրավում մինչեւ ընտրությունները:

Ջոնսոնը, չնայած հրաժարական ներկայացնելու բազում պահանջներին, մնում էր հաստատուն: Սակայն ստիպված եղավ գնալ հրաժարականի, երբ հիսուն հոգու հրաժարականներից հետո հրաժարականներ ներկայացրին նաեւ միայն երկու օր առաջ նախարարական պաշտոններ զբաղեցրած երկու անձինք: Նրանք ասել են, որ վարչապետի պաշտոնում մնալու Ջոնսոնի համառությունը խարխլում է երկրի քաղաքական հիմքերը:

Սա նվաստացուցիչ պարտություն է 58-ամյա Ջոնսոնի համար, ում հաջողվեց Մեծ Բրիտանիան դուրս բերել Եվրամիության կազմից: Բացի այդ նրան համարում էին COVID-19-ի դեմ պայքարելու եւ պատվաստումների աշխատանքները կազմակերպելու գործում աշխարհում ամենահաջողված առաջնորդը:

Բայց մշտապես խառնիխուռն մազերի սանրվածքով առաջնորդը, որը հաճախ թողնում էր քնից նոր արթնացած մարդու տպավորություն, հաճախ էր ենթարկվում քննադատության` իր պաշտոնական բնակարանում Քովիդի պայմաններում երեկույթներ անցկացնելու համար:
Վերջերս էլ եղան բացահայտումներ այն մասին, որ Ջոնսոնը նախապես է իմացել Պահպանողական օրենսդիր Քրիս Փինչերի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասին, եւ այդ փաստն անտեսելով է, նա նրան նշանակել կառավարությունում բարձր մի պաշտոնի:

Ջոնսոնը հայտարարում է, թե կշարունակի մնալ պաշտոնում մինչև իր իրավահաջորդի ընտրությունը: Մի բան, որին դեմ են արտահայտվում քաղաքական բազում առաջնորդներ: Ինչպես օրինակ նախկին վարչապետ Ջոն Մեյջորն է ասում, ‘’անխոհեմ’’ կլիներ վարչապետի պաշտոնում երկար մնալը:

«Նման իրավիճակում վարչապետը պահպանում է իշխանության լծակները, եւ կարող է այս ընթացքում ընդունել ավելի մտահոգիչ որոշումներ», ասել է նա:

Սույն հոդվածը կազմված է «Ռոյթերս»-ից ստացված հաղորդագրությունների հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031