Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ Մարկ Բուշկովը

Օգոստոս 22,2022 12:30

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ հանդես եկավ ջութակահար Մարկ Բուշկովը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Դանիել Ռայսկինը։

Նվագախումբը նախ կատարեց հայ կոմպոզիտորների հեղինակած գործեր՝ Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիետան լարային նվագախմբի համար և Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը։ Երեկոն եզրափակվեց փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի՝ ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտով։

Մարկ Բուշկովը բազմիցս է հանդես եկել Հայաստանում և սիրված երաժիշտ է, որին հանդիսատեսն այս անգամ նույնպես ընդունեց մեծ ջերմությամբ։ Ծագումով ռուս բելգիացի ջութակահար Մարկ Բուշկովը մենակատարային գործունեությամբ հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր դահլիճներում՝ Լոնդոնի «Ուիգմոր հոլ», Նյու Յորքի «Կարնեգի հոլ», Ամստերդամի «Կոնցերտգեբաու», Համբուրգի «Էլբֆիլհարմոնի», Բեռլինի «Կոնցերտհաուզ» և այլն։ Նրա նվագախմբային ելույթները ներառում են համերգներ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Վալերի Գերգիևի, Ֆրանկֆուրտի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Քրիստոֆ Էշենբախի, Թագավորական «Կոնցերտգեբաու» նվագախմբի և դիրիժոր Մարիս Յանսոնի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆիլիպ Ջորդանի հետ։ Մարկ Բուշկովը ծավալում է նաև մանկավարժական գործունեություն. նա դասախոսում է Լիեժի թագավորական կոնսերվատորիայում և Լիխտենշտեյնի երաժշտական ակադեմիայում։

Ի դեպ, համերգին ներկա էին և իրենց ստեղծագործությունների կատարումներն ունկնդրում էին նաև կոմպոզիտորներ Էդուարդ Հայրապետյանն ու Ալեքսեյ Շորը, որոնք ողջունեցին երաժիշտներին ու հանդիսատեսին։

Նշենք, որ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կողմից: Փառատոնի անցկացմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031