Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավան համայնքի գործող ղեկավարը քաղաքական հաշվեհարդար է տեսնում մրցակցի կնոջ նկատմամբ. «Արդար Հայաստան»

Օգոստոս 23,2022 12:49

Ս.թ. սեպտեմբերի 25-ին Բյուրեղավան խոշորացված համայնքում տեղի են ունենալու համայնքի ավագանու ընտրություններ:

Համայնքի գործող ղեկավար Հակոբ Սուրենի Բալասյանը, ով շուրջ 14 տարի ղեկավարում է Բյուրեղավան համայնքը և հավակնում ևս 5 տարի ղեկավարել այն, հերթական նախընտրական արշավը մեկնարկել է բառիս բուն իմաստով իր մրցակցի ընտանիքի անդամի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու անփառունակ գործընթացով, ինչը խոսում է նրա ունեցած լրջագույն մտավախության և առաջիկա ընտրություններում պարտություն կրելու անխուսափելիության մասին:

«Արդար Հայաստան» կուսակցությունը նույնպես մասնակցում է նշված համայնքի ավագանու ընտրություններին, որի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքում մեծ հեղինակություն վայելող, պարկեշտ, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող Արմեն Համազասպի Սարգսյանը։

Հակոբ Բալասյանը ս.թ. հուլիս ամսին իր մոտ է հրավիրել Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրեն Էլինա Հայրապետյանին, ով հանդիսանում է Արմեն Սարգսյանի կինը և առաջարկել նրան ընդգրկվել իր ղեկավարած ընտրական ցուցակում:

Վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո սկսվել և մինչ օրս շարունակվում է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հետապնդում Էլինա Հայրապետյանի նկատմամբ:

Վերջինս, որը 10 տարի ղեկավարում է Բյուրեղավանի «ԱՐԵՎ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունը և իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, հանկարծ վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ Հակոբ Բալասյանի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ կամայականորեն աշխատանքից ազատելու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելու համար:

Հատկանշական է, որ նշված մանկապարտեզում ենթադրյալ խախտումներ հայտնաբերելու նպատակով ստուգումներ իրականացնելու համար Հակոբ Բալասյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամներից մեկը հանդիսանում է նույն համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող անձի կինը, իսկ Հակոբ Բալասյանի գլխավորած ընտրական ցուցակը առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Արդար Հայաստան» կուսակցությունն արձանագրում է, որ տարիներ շարունակ տարբեր բռնաճնշումների, ընտրական զեղծարարությունների, հետապնդումների, հաշվեհարդարների, զոռբայության մշակույթը, ցավոք սրտի, որոշ ուժերի ու անհատների գլուխներից դեռևս դուրս չի եկել, ինչը նշանակում է, որ մեծ է վտանգը, որ այս մարդիկ, մնալով անպատիժ, շարունակում են իրենց անփառունակ գոյությունն ու գործունեությունը:

«Արդար Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է նշված վարքագիծը, իշխանություններից պահանջում է ձեռնարկել իրենց իրավասություններից բխող բոլոր օրինական միջոցները՝ իսկապես արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար,  միաժամանակ հորդորում է Բյուրեղավան համայնքի բոլոր բնակիչներին տուրք չտալ որևէ սադրանքի, որևէ ճնշման, որևէ ապօրինի ազդեցության և սեպտեմբերի 25-ին իրենց վստահության քվեով ընտրել օրինական, հեղինակություն վայելող ավագանի:

«Արդար Հայաստան» կուսակցությունը հետամուտ է լինելու, որպեսզի քաղաքական դրդապատճառներով որևէ հետապնդում իրականացնող յուրաքանչյուր ոք ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031