Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խախտումներ է թույլ տվել մրցույթների օբյեկտիվության եւ օրինականության համար պատասխանատու մարմինը՝ ՀՌՀ-ն, որ ոչ մի ատյանում չի կարողացել հաղթել. «Հրապարակ»

Օգոստոս 25,2022 12:14

Մի հարց, սակայն, դուրս է մնացել մամուլի ուշադրությունից. Ի՞նչ խախտումներ է թույլ տվել մրցույթների օբյեկտիվության եւ օրինականության համար պատասխանատու մարմինը՝ ՀՌՀ-ն, որ ոչ մի ատյանում չի կարողացել հաղթել:

Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդր Հարությունյանի` հօգուտ Հ2-ի կայացրած վճիռն ուսումնասիրելով, տեսնում ենք, որ դատարանը հիմնական հղումները կատարում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին, որը խախտված է համարել: Այն է՝ «Կարգավորող պետական մարմնի որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված: Կարգավորող պետական մարմինն ապահովում է իր որոշումների հրապարակայնությունը»:

Այսպես. վեճի առարկա ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը չի պարունակում պատշաճ հիմնավորում եւ պատճառաբանում: Հանձնաժողովի որոշմամբ արձանագրվել է, որ բազմակարծությունը խթանելու համար դիտարկվել են ծրագրերում առկա քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հիմնական հաղորդումները՝ հաղորդումների թեմաների, հրավիրված հյուրերի, ինչպես նաեւ նրանց քաղաքական հայացքների տեսանկյունից: Դիտարկումը կատարվել է 2020 թ. հունիսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը, եւ որոշվել է, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» բազմակարծությունը խթանելու կարողությունը բավարար չէ, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ունի բավարար կարողություն՝ բազմակարծության խթանման համար: Սակայն դատարանը գտել է, որ հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ինչպիսի տվյալներ հաշվի առնելով է հանձնաժողովը եկել այդ եզրահանգման:

«ՀՌՀ որոշման մեջ տեղ են գտել վերացական ձեւակերպումներ` այն մասին, որ դիտարկվել են «ծրագրերում առկա քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հիմնական հաղորդումները՝ հաղորդումների թեմաների, հրավիրված հյուրերի, ինչպես նաեւ նրանց քաղաքական հայացքների տեսանկյունից»։ Բայց թե որ հաղորդումներն են դրանք` նշված չէ, կամ ինչ չափանիշով է հանձնաժողովը մրցույթի մասնակիցների ծրագրերում առկա հաղորդումների մի մասն առանձնացրել որպես հիմնական հաղորդումներ` հայտնի չէ, Հ2-ի հրավիրած հյուրերն ու նրանց քաղաքական հայացքները որքանով էին տարբերվում Հ1-ի կողմից հեռարձակվող հաղորդումներից, հրավիրված հյուրերից եւ նրանց քաղաքական հայացքներից։

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության հարցին անդրադառնալիս հանձնաժողովն արձանագրել է միայն յուրաքանչյուր մասնակցի աշխատակազմի քանակական տվյալները՝ որեւէ կերպ չհիմնավորելով մասնագիտական պատրաստվածության տեսանկյունից մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրի առավելությունները կամ թերությունները: Տեխնիկական հնարավորությունների, ազգային, համամարդկային, հոգեւոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության չափանիշների վերաբերյալ ընդհանրապես առկա չեն համեմատական վերլուծություններ, որոնք կփաստեին այն հանգամանքը, թե մասնակիցներից յուրաքանչյուրն ինչ չափով է համապատասխանում վերոհիշյալ չափանիշներին»,- ասվում է վճռում:

Որոշման մեջ հիմնավորված չէ, թե ինչու են հանձնաժողովի անդամներն այս կամ այն միավորը տվել մասնակիցներին: Այս ամենի հիման վրա դատարանը եզրակացրել է, որ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը կայացված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ այն պատշաճ պատճառաբանված եւ հիմնավորված չէ։

Դատարանի այս վճիռը պատմական է` այն առումով, որ առաջին անգամ տարիներ շարունակ կաշկանդված, իշխանության վերին ատյաններից մշտապես կառավարվող հայկական հեռուստատեսության պատմության մեջ դատարանները կայացրել են այդ ատյանների կամքին հակասող որոշում: Անգամ «Ա1+»-ը ներպետական ատյաններում չկարողացավ հաջողության հասնել, եւ անգամ ՄԻԵԴ -ի վճիռն «Ա1+»-ի գործով ընդամենը բացատրում էր, որ պետական մարմինը պետք է մերժման հիմքերը ներկայացներ, եւ այն չապահովեց հեռուստաընկերության մետրային հաճախականության եթեր:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031