Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ է կատարվել, այսպես ասած մեր տառապանքը փորձ ունի». Արփի Դավոյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Սեպտեմբեր 02,2022 19:01

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է քննիչ հանձնաժողովերի համար սահմանել 1 տարի ժամկետ: Գործող օրենքով հանրային հրատապություն ունեցող հարցերով կարող էր ձեւավորվել քննիչ հանձնաժողով 6 ամիս ժամկետով, եւ դիմել ԱԺ-ին՝ եւս 6 ամիս երկարացնելու խնդրանքով:

Ըստ Բագրատյանի, 6 ամիսը բավարար չի, որ քննիչ հանձնաժողովը ճիշտ եզրակացության հանգի: Որպես հիմնավորում, նա հիշեցրեց, որ մետաղական հանքավայրերի հետ կապված քննիչ հանձնաժողով, երբ ձեւավորել էին, տարվա կեսին գիտեին՝ ընկերությունները շահույթ չունեին, բայց տարվա վերջին պարզվեց, որ 1-2 ընկերություն շահույթ արձանագրեցին. «Տարին չամփոփված՝ մենք ստիպված էինք եզրակացություն ներկայացնել հանրությանը, որը թյուրըմբռնման տեղիք է տալիս»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ստեղծված «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի նախագահը Սերգեյ Բագրատյանն էր՝ ընդդիմադիր եղած ժամանակ: Ու իմքայլական պատգամավորները, հատկապես Արտակ Մանուկյանը հարցախեղդ էին անում, քննադատում էին, որ Բագրատյանը հիմք չունենալով՝ հայտարարություններ է անում: Այդ ժամանակ Բագրատյանը, որպես արդարացում, ասում էր, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել են հանձնաժողով, չի եկել ու տեղեկություններ չի տրամադրել, դրա համար էլ ունեն այն, ինչ ունեն:

Հիմա Բագրատյանը կարծում է, որ եթե քննիչ հանձնաժողովին մեկ տարի ժամկետ տան, արդյունավետ կաշխատի, հանրային հարցի քննարկմանը սպառիչ պատասխան կներկայացնի:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը հիշեցրեց, որ մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալն ինքն էր. «Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ է կատարվել, այսպես ասած մեր տառապանքը փորձ ունի»:

ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ լավ կլինի, եթե նախագիծն ընդունվելու դեպքում տարածվի ոչ թե նոր ստեղծվելիք հանձնաժողովների վրա, այլ՝ արդեն իսկ գործող: Այս հարցի հետ կապված պատգամավորները որոշեցին աշխատանքային քննարկում անել ու գալ մի հայտարարի: Քննարկումից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ առաջարկում են ոչ թե մեկ տարի ժամկետով երկարաձգել քննիչ հանձնաժողովների գործունեությունը, այլ՝ 18 ամիս. «6 ամիս ստանդարտն է,որը կարող է ԱԺ որոշմամբ երկարաձգվել 6-ամսյա ժամկետներով, բայց ոչ ավելի, քան 2 անգամ: Այսինքն, կստացվի, որ հանձնաժողովի գործունության ժամկետը 18 ամիս է»:

Հիշեցնենք, որ այս պահին գործում են 3 քննիչ հանձնաժողովներ, որոնցից մեկը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովն է:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930