«Այն խնդիրը, որից որ, ըստ էության, իմ տպավորությամբ խուսափեց պարոն գեներալը պատասխանելուց, դա չի կարող առկախված մնալ, որովհետև պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մեջ հատկապես կարևորություն ունեն ռազմական բնույթի հույժ գաղտնի տեղեկությունները եւ ականապատ դաշտերի քարտեզները, առհասարակ զինված ուժերի տնօրինության տակ գտնվող տեղեկությունները՝ դրանք հենց այդ դասակարգման մեջ են։ Ես վստահ եմ, որ մենք Ադրբեջանի հետ չունենք ռազմական գաղտնիք, առհասարակ գաղտնի տեղեկություններ փոխանակելու որևէ համաձայնություն»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով ԱԱԾ փոխտնօրեն Եսայի Մկրտչյանին։
ԱԱԾ պաշտոնյան ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագրի նախագիծը։
Էդգար Ղազարյանը հետաքրքրվել էր՝ Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների մասին։
«Թշնամական երկրին այդ տեղեկությունները փոխանցելը չի կարող չունենալ իրավական հետևանքներ, և ես կարծում եմ, որ դա Ազգային անվտանգության ծառայության ուղիղ խնդիրն է՝ չեզոքացնել, վնասազերծել բոլոր այն վտանգները, որոնք վերաբերվում են մեր պետությանը, մեր զինծառայողների կողմից տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում ստեղծված գաղտնի տեղեկատվության, նրանց ծավալած ծառայողական գործունեության արդյունքները պարզապես թշնամուն փոխանցելուն։ Ես կարծում եմ, որ դա պետք է անպայման իրավական գնահատականի արժանանա, և այդ իրականացնող լիազոր մարմինը և միակ պատասխանատու մարմինը Ազգային անվտանգության ծառայությունն է։ Հուսով եմ՝ այսօր երեկոյան դուք կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը»,- ասաց նա՝ արդեն բուն նախագծի մասին էլ ասելով՝ խրախուսելի է, առավել ևս՝ պաշտպանության, անվտանգության ոլորտներում, որտեղ համագործակցությունը կարող է լինել միայն դաշնակցային պետությունների միջև, և դա ցույց է տալիս պետությունների միջև փոխվստահության բարձր մակարդակի մասին։ Ավելին, իր համար զարմանալի էր, որ ՀԱՊԿ անդամ պետության հետ, որը ռազմաքաղաքական կազմակերպություն է ընդհանուր անդամակցության շրջանակներում, մինչ օրս Հայաստանը չի ունեցել նման համաձայնագիր։
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանին իր ելույթում հակադարձեց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Արմեն Խաչատրյանը․ «Ես գիտեմ, որ ձեր մոտ մոլուցք կա խոսալու բոլոր տեղերում անբովանդակ, անկապ, վերջում այնքան, որ ասեք՝ վատն է։ Բայց տեսե՛ք՝ ամեն օր վիրավորում եք ձեր այդ խոսակցությամբ հարյուր հազարավոր մարդկանց։ Ականապատման, ականազերծման կոնվենցիա կա, միջազգային փաստաթղթեր կան, որոնց ուժով ստիպում են պետություններին, որ ականապատ դաշտերի տվյալները գաղտնազերծվեն և տրամադրվեն հակառակ կողմին։ Հակառակ կողմի չտրամադրելը.․․․որոշակի միջազգային պատասխանատվություն կա այդ մասով։ Այս, ինչը որ արվում է, սա արվում է նաև միջազգային պայմանավորվածությունների և ականազերծման մասին կոնվենցիայով։
Եթե գալիս եք այստեղ, պահանջում եք, որ վարչապետին ձերբակալեն, մի քիչ ուսումնասիրեք, հետո եկեք, միայն ձեր մասերի հաճելի տեղեկությունը մի ուսումնասիրեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեման շարունակեցին նաեւ ՔՊ-ականներ Վիլեն Գաբրիելյանը եւ Արփի Դավոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ղազախստանը, քանի որ հանդիսանում է ՀԱՊԿ մեր գործընկերը, այնուամենայնիվ պետք է որոշակի … երկկողմ հարաբերությունները իհարկե շատ կարևոր են, բայց Ղազախստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, և վերջին իրադարձություններից ելնելով՝ փաստացի ՀԱՊԿ անդամ լինելով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության զրկվում է ՀԱՊԿ-ի շրջանակում այդ գաղտնիության իրավունքից, ինչին, որքանով որ ես եմ հասկանում, Ղազախստանի մեր գործընկերները կողմ են քվեարկել»,- ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկվելու մասին հիշեցրեց Վիլեն Գաբրիելյանը։
Նա նաեւ Էդգար Ղազարյանին հարց տվեց, բայց ոչ թե պատասխան ստանալու, այլ մտորելու համար։ Հարցրեց․ «Իսկ դուք ինչի՞ եք պատրաստ Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի համար»։ Նա հավանաբար ակնարկում էր, որ ականապատ տարածքների քարտեզները տրվել են գերիներին վերադարձնելու համար։
ՀԱՊԿ-ի մասով էլ Արփի Դավոյանը մանրամասնեց․ «Մեր գործընկերը շատ հուզված էր ՀԱՊԿ-ի հետ կապված՝ թե ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Ղազախստանի հետ ինչո՞ւ է հիմա ստորագրվում այս համաձայնագիրը։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ էլ երկկողմ… չկա նման համաձայնագիր կնքված, սակայն Հայաստանը մասնակցում է ԱՊՀ շրջանակում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին բազմակողմ համաձայնագրին, որը ստորագրվել է 1993 թվականի հունվարի 22-ին։ Եվ հետևաբար այդ մտահոգությունները ՀԱՊԿ-ի հետ կապված անհիմն են, առավել ևս՝ կարող էիք անհանգստություն հայտնել նաև այլ երկրների հետ կապված՝ ինչու չկան նման համաձայնագրեր ստորագրված, որովհետև Հայաստանը համագործակցում է նաև շատ ու շատ այլ երկրների հետ։ Եվ այդ պետությունները, որոնց հետ համագործակցում ենք, այս համաձայնագրի շրջանակներում փոքրաթիվ են՝ օրինակ՝ Լեհաստանն է, Սլովակիան է, Կիպրոսն է, Գերմանիան է։
Հետևաբար այդ ՀԱՊԿ-ի հետ կապված ավելորդ հոգատարությունը, կարելի է ասել, անհիմն էր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ























































