Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք երջանիկ եք, որ ունեք ասպիսի բացառիկ դիրիժոր»․ ծնունդդ շնորհավոր, Մաեստրո՛

Սեպտեմբեր 08,2022 11:21

70-ականների սկիզբն էր, մարտ ամիսը: Ես որոշեցի արձակուրդս անցկացնել Կիևում, հատկապես հասկանալու, թե ինչու էր Փարաջանովը այնպես սիրում այդ քաղաքը, հասկանալու սլավոնական այդ հնամենի քաղաքի խորհուրդը, որն, ինչպես տեսա, իր գույներով ու ազգային անխառն կոլորիտով ճարտարապետությամբ անմեկնելի էր, ինչպես Փարաջանովի ներաշխարհը:

…Ու մինչ ծանոթանում էի քաղաքին՝ ինչ որ շինության բարձր պարսպին փակցված մշակութային միջոցառումների ազդագրերի շարքում տեսա Օհան Դուրյանի անունը կրող ազդագիրը՝ նկարում մաեստրոն էր, իր ձեռքերն էին, դեմքը, և դա իրականություն էր:

Մոտեցա պարսպի վերջավորությամբ գործող փոքրիկ դրամարկղին: Պարզվեց, որ տոմսերը վերջացել էին երկու շաբաթ առաջ: Ես դիմեցի «հնարամտության». ասացի, որ Երևանից այստեղ եմ հասել համերգը մեկնաբանելու համար, և ցույց տվեցի ինքնաթիռի տոմսը: Դրամարկղի կինը ժպիտով հանեց խորքերում դրված տոմսերից մեկը և ասաց, որ «բալկոնում, դիմացից նայող» լավ տեղ ունի ինձ համար, ես չհասկացա ինչ ասել է «դիմացից», և խնդրեցի պարտերում՝ եթե հնարավոր է: Նա ուսերը վեր քաշեց և տվեց պարտերի տոմս, որի համար, իհարկե, ես հետո զղջացի:

Համերգը տեղի էր ունենալու Կիևի ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում: Ծրագրում, առաջին մասում, Բրուկների 4-րդ սիմֆոնիան էր, երկրորդ մասում Ռավելի «Բոլերոն»: Գնեցի սմբուկի գույնի կակաչների մի մեծ փունջ ու ներս մտա:

Առաջին տպավորությունը դահլիճի սլավոնական հին ոճի ճարտարապետական լուծումն էր, նույն ոճի կահավորանքը: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր հանդիսատեսը: Ես, որ դպրոցական հասակից ճանաչում էի դասական երաժշտության ունկնդրին (պետական ծրագրով օպերային թատրոնում տարին բոլոր տրվում էին ցերեկային անվճար ներկայացումներ բարձր դասարանցիներիս համար), Կիևի հանդիսատեսին իսկույն զգացի՝ աներևույթ հետաքրքրությամբ և հանդարտ խորությամբ սպասում էր…

…Համերգի 15-20-րդ րոպեներին մաեստրոն արդեն նվաճել էր դահլիճը: Բրուկներից հետո չդադարող ծափերին խառնվել էին զարմանքի և հիացմունքի կոչերը: Ընդմիջմանը ես լսողությունս սրած, ներքին հպարտությամբ հետևում էի դասական երաժշտության կիևյան հմուտ լսարանի հիացմունքի բարձր գնահատականներին: Իսկ մեծագույն անակնկալը առջևում էր…

Երկրորդ մասն սկսվեց բեմի խորքից մոտեցող մաեստրոյին հոտնկայս ծափահարություններով։ Երբ քար լռության պայմաններում «Բոլերոյի» հազիվ լսելի սկիզբը սկսեց աստիճանաբար զարգանալ՝ մաեստրոն կանգնած էր նույն դիրքով՝ դեմքով դեպի նվագախումբը, թևերը՝ կողքին ծալած: Բոլորը սկսեցին տարակուսած լռությամբ նայել իրար: Իսկ երաժշտությունը թափ էր հավաքում, տարածվում…

Կարճ ժամանակ անց դահլիճն արդեն երաժշտության անսահմանության մեջ էր, իսկ մաեստրոն շարունակում էր ղեկավարել մատներով, դեմքով, թևերը չբարձրացնելով: Թևերը բացվեցին, ձեռքերը տարածվեցին միայն երաժշտության ավարտից առաջ, ասես ցանկանալով նվագախմբին օգնել հաղթահարելու «Բոլերոյի» անհաղթահարելի թվացող բարձունքը:

Կարճ պաուզայից հետո Օհան Դուրյանը դեմքով շրջվեց հանդիսատեսը. շիկացած դահլիճը ինքնամոռաց օվացիայի մեջ էր… Չդադրող ծափերի տակ ես մոտեցա բեմին ու նրան պարզեցի կակաչների փունջը: Այն մեծ էր և մի մասը իմ ձեռքերից թափվեց բեմահարթակին, մաեստրոյի ոտքերի մոտ: Մեծարման մտացածին հանդեսն անգամ այդքան բնական չէր ներկայացվի: Ծափերը ավելի բորբոքվեցին, իսկ նա ինձ լսելի ձայնով ասաց․ «Մերսի, ջանս»։

Դուրս գալիս ինձ շրջապատեցին կանայք,հետաքրքրելով՝ արդյոք ես ճանաչո՞ւմ եմ դիրիժորին, որ պատրաստված էի եկել: Եվ, երբ իմացան իմ հայ և հայաստանցի լինելը՝ գնահատանքի խոսքերով շնորհավորեցին, որ նման մեծություն ունենք: Մի կին ինձ ասաց.

-Դուք երջանիկ եք, որ ունեք ասպիսի բացառիկ դիրիժոր և կարող եք հաճախ լսել նրան: Ես շատ անվանիների համերգների եմ եղել, բայց ձեր դիրիժորը ինձ պարգևեց արբեցում, հոգու տոն: «Բոլերոյի» ղեկավարումը առասպելական էր:

Ես շնորհակալություն հայտնեցի նրան նման ընկալման և գնահատանքի համար:

Մինչև այսօր ափսոսանքով եմ հիշում, որ դիրիժորին «դիմացից նայող» ամֆիթատրոնի տոմսը չվերցրի՝ դեքով ու մատներով «Բոլերոյի» ղեկավարման դուրյանական մեկնաբանությունն ավելի խորքից հասկանալու համար:

Մաեստրոյի հետ հետագա զրույցներից մեկում իմ այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունի հատկապես «Բոլերոյի» նման մեկնաբանությունը, նա ասաց՝

– Թևերի, ձեռքերի ռիթմիկ կրկնությունը հոգնեցնում է հանդիսատեսին և խանգարում՝ երաժշտության խորությամբ ընկալմանը։

Գերմանիայում Ռավելի «Բոլերոն» համարել են Օհան Դուրյանի հաղթաթուղթը:

«Հիշողության կայարաններ»

Անահիտ Քնարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930