Մեծանուն երաժիշտ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը (սեպտեմբերի 8- հոկտեմբերի 30) կհյուրընկալի առաջին անգամ մեր երկիր այցելող երաժիշտների նույնպես։ Փառատոնային համերգաշարի բացմանը հայաստանցի հանդիսատեսը առաջին անգամ կունկնդրի դանիացի երիտասարդ բաս, բայց արդեն իր երգչական ձայնի շնորհիվ մեծ հետաքրքրություն առաջացրած Նիկոլայ Էլսբերգին։ Նա իր հայաստանցի գործընկերների՝ սոպրանո Արծվիկ Դեմուրչյանի, մեցցո սոպրանո Բելլա Ամարյանի, տենոր Տիգրան Մելքոնյանի ընկերակցությամբ (լուսանկարում), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ հանդես կգան Բեթհովենի թիվ 9 սիմֆոնիայի կատարմամբ։ Այս ծանոթ ու սպասված ստեղծագործությունը կղեկավարեն Օհան Դուրյանն ու Էդուարդ Թոփչյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին «Առավոտի» հետ զրույցում ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը մեր հարցին ի պատասխան՝ առանց մանրամասնելու հայտնել էր, թե հանդիսատեսին անակնկալ է սպասվում եւ այո, սիմֆոնիայի 3-րդ մասը ղեկավարելու է Օհան Դուրյանը։
Գլխավոր փորձի ընդմիջմանը մեզ ժամանակ տրամադրեց Նիկոլայ Էլսբերգը։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչու է արտասահմանյան մամուլը, անդրադառնալով նրա արվեստին, նշում, որ երգչի բասը ունի ոչ հաճախ հանդիպող եզակի երանգ, ավելին՝ ժամանակակից կոմպոզիտորները օպերա, օրատորիա եւ այլ մեծակտավ գործեր են ստեղծում՝ նկատի ունենալով Էլսբերգի բասը։ «Տեսեք, օրինակ, այս ստեղծագործության (նկատի ունի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան- Ս.Դ.) բասի պարտիայում բասին հատուկ շատ ցածր նոտաներ չկան, բայց ունկնդրելիս դրանք հնչում են հենց այդպես»,- ասաց մեր զրուցակիցը։
Շուրջ հինգ տարի առաջ ավարտելով Կոպենհագենի կոնսերվատորիան, ապա Դանիայի թագավորական ակադեմիան, երգիչը համալրել է Դանիայի օպերային թատրոնի մենակատարների ցանկը։ Նա տեղեկացրեց, որ անցյալ թատերաշրջանում հանդես է եկել Քոլինի դերերգով՝ «Բոհեմում», «Դոն Ժուանում» կերտել է Կոմանդորի կերպարը, իսկ Շոստակովիչի «Քիթը» օպերայում հանդես է եկել միանգամից մի քանի դերերգերի մեկնաբանմամբ։ Մեր զարմանքին՝ այսօր, երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արեւմտյան մշակութային օջախներում դադարել են ներկայացվել ռուս կոմպոզիտորների, գրողների գործեր, ռուսաստանցի օպերային երգիչների դիմաց փակվել են հեղինակավոր թատրոնների դռները, Դանիայի թատրոնում Շոստակովի՞չ է հնչում, արվեստագետը պատասխանեց. «Փաստորեն իմ երկրում հնչում է, մենք խաղաղության կողմնակից ենք եւ ստեղծված այդ դաժան իրավիճակին, վստահաբար կարող եմ ասել՝ շատ շուտով լուծում կտրվի»։ Իսկ թե ինչպես կամ ում շնորհիվ է այսօր ինքը Հայաստանում մասնակցում մեծանուն երաժիշտ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային երաժշտական փառատոնին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Հայաստանում է IMG պրոդյուսերական կենտրոնի շնորհիվ, որին անդամակցել է վերջերս։ Ընդ որում՝ սա պրոդյուսերական կենտրոնի միջոցով առաջին հյուրախաղն է։
Զրույցի ընթացքում Նիկոլայ Էլսբերգը հիացմունքով արտահայտվեց հայազգի երաժիշտների, մասնավորապես՝ օպերային ձայների մասին, հատկապես առանձնացնելով դանիաբնակ, մեր հանդիսատեսին քաջածանոթ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի անունը, հայտնելով. «Դանիայում Մարիաննան դասվում է լավագույն երաժիշտների շարքին եւ մենք նրան մերն ենք համարում»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ կարճ ժամանակահատվածում հասցրել է գլխավոր դերերգերով հանդես գալ համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշներում, այդ թվում՝ «Կախարդական սրինգ», «Դոն Ժուան», «Նորմա», «Օրփեոս» եւ այլն, մինչդեռ արեւմտյան մամուլում ոչ մի խոսք չկա միջազգային մրցույթներին իր մասնակցության մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեկ-երկու մրցույթի, ինչպես նաեւ օպերային փառատոնի մասնակցել եմ, բայց կուզեի բարձրաձայնել անցյալ տարի BBC Cardiff Singer համաշխարհային մրցույթին մասնակցությանս մասին։ Ինչպես հավանաբար գիտեք, այստեղ՝ ընդունված կարգի համաձայն, դիպլոմներ, մրցանակներ, տեղեր նախատեսված չեն, միայն մրցույթի ավարտին հնչում են այն մասնակիցների անունները, որոնք ժյուրիի կողմից արժանանում են բարձր գնահատանքի։ Այդ պատվին արժանացա նաեւ ես»։
Արվեստագետը, որը նաեւ սիմֆոնիկ ու ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ բեմելների փորձ ունի, առանձնակի հարգանքով խոսեց մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի, մաեստրո Չեքիջյանի ղեկավարած ակադեմիական երգչախմբի մասին. «Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ այլ կերպ է հնչում Բեթհովենի սիմֆոնիան։ Ես տեղեկացել եմ, որ դիրիժորը ուսանել է Օհան Դուրյանի ղեկավարությամբ, իսկ վերջինիս անունը ինձ ծանոթ է հայ ընկերներիս շնորհիվ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.09.2022



















































