Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գործող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանից հետաքրքրվեց, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Գյումրի տեղափոխված ռուս ծրագրավորողները հեռացա՞ն, թե՞ շարունակում են բնակվել Հայաստանի երկրորդ քաղաքում։
Ամիսներ առաջ Վարդան Սրտաշյանը բարձրաձայնել էր Գյումրիում տների վարձակալության գների թանկացման մասին՝ պայմանավորված ռուս ծրագրավորողների Գյումրի տեղափոխվելով։
«Այդ մարդիկ զբոսաշրջիկներ չեն, նրանք եկել են Հայաստան՝ բնակության։ Նախնական շրջանում, երբ գալիս էին Հայաստան ու չգիտեն՝ որտեղ փնտրեն բնակարան, ոնց անեն, բնականաբար տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր։
Կարդացեք նաև
Որոշ մարդիկ, օգտվելով իրավիճակից, բնակարանների գները հասցրեցին աստղաբաշխական թվերի։ Պահանջարկն է ծնում առաջարկ, այդ օրենքը շատ լավ աշխատում է Գյումրիում։ Գյումրեցիները, որոնք բարեկամներ ունեին Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այդ մարդկանց տները դատարկ էին, շատ արագ այդ տները բարեկարգեցին և սկսեցին վարձակալությամբ տալ ռուսներին։ Շատ ռուսների գիտենք, որոնք անգամ բնակարաններ են գնել, և բնակարանային շուկայում գները ևս բարձրացել են։
Դա էր պատճառը, որ մի պահ ճգնաժամ եղավ, բայց այս պահին խնդիր չկա,մարդիկ տեղավորվել են, շատերը բացել են իրենց ֆիրմաները, նրանք Հայաստանում են իրենց գումարն աշխատում։ Ասեմ, որ նրանք ապահովված մարդիկ են, միջին և բարձր եկամուտ ունեցող են, որոնք կարող են իրենց թույլ տալ նորմալ ապրել իրենց երկրից դուրս՝ օտար երկրի պայմաններում»։
Մեր հարցին՝ ռուս ծրագրավորողներից կա՞ն մարդիկ, որոնք Գյումրիում են բնակարան գնել,Վարդան Սրտաշյանը պատասխանեց, որ թեև նրանց մեծ մասը տեղափոխվել են Երևան, բայց Գյումրիում ևս տեղավորվածներ կան։
«Նրանց հիմնական տեղավորման վայրը Երևանն է, կարելի է ասել Գյումրու «Մուշ» թաղամասի ազատ բնակարանային ֆոնդը 90 տոկոսով արդեն զբաղված է, շատերը բնակարաններ են վարձակալել այդ թաղամասում։ Ռուսաստանից արտագաղթած մարդիկ երբեք օրավարձով բնակարան չեն վերցնում, վարձակալում են երկարաժամկետ, շատ դեպքերում հաշվի առնելով, թե ինչքան երկար են մնալու, գնում են բնակարաններ։ Այո, Գյումրիում ևս բնակարաններ գնել են։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իմ ընկերների հետ շփվելով՝ տեսնում եմ, որ բավական մեծ թվով ֆիրմաներ են հիմնվել Հայաստանում և շատ դեպքերում դոլարի ու եվրոյի փոխարժեքի ցածր մակարդակը կապում են ռուսական ընկերությունների գործունեության հետ, որովհետև մեծ քանակությամբ դոլար է գալիս և դոլարի ինքնարժեքը բնական է, որ իջել է»,-ասաց Վարդան Սրտաշյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































