Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Զաքարյանը չի խաբի, նա այդ տեսակը չի»․համոզված է արցախյան պատերազմներին մասնակցած նորավանցի ընտրողը (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2022 22:55

«Խնդրում եմ վստահել մեր թիմին ու սեպտեմբերի 25-ից հետո, երբ մենք լինենք համայնքային իշխանություն, դուք լինելու եք պահանջատեր։ Պիտի համայնքապետարան գաք ու պահանջեք, այլ ոչ թե խնդրեք մեզ»,-Նորավանում ընտրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Սիսիանի ավագանու ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող անկուսակցական Արա Զաքարյանը։ Թեկնածուն ընտրողներին մանրամասն բացատրեց, թե ինչո՞ւ է ընտրել հատկապես «Ապրելու երկիր»-ը։

Նրա խոսքով՝ ավագանու անդամների թեկնածուների հետ քննարկումներին, երբ քարտեզագրում էին Սիսիան համայնքի խնդիրները՝ իրենց լուծումներով՝ համոզվեցին, որ «Ապրելու երկիր»-ը նույն կերպ է պատկերացնում տարիներով կուտակված խնդիրների լուծումը, ինչպես իրենց թիմը։ «Նաեւ կուսակցությունն ունի հիմնադրամ, որ ծրագրային կարեւոր դրույթներն իրականացնելիս՝ կառավարության, մարզպետարանի կողմից հատկացվող, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերի գումարները «Ապրելու» հիմնադրամը կավելացնի»,-նշեց թեկնածուն։

Արա Զաքարյանը համոզված է՝ իրենց ընտրացուցակում ընդգրկված են կարող, բանիմաց, տարբեր ոլորտներին տիրապետող մարդիկ, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի շտկել ժամանակի ընթացքում տարիներով չլուծված խնդիրները կարգավորել։ «Բնակիչն է հանրային լսումների արդյունքում որոշելու իր թաղամասի, իր բնակավայրի առաջնահերթությունը ու աստիճանաբար, հերթով ամեն ինչ տեղն է ընկնելու»,-հավաստիացրեց Արա Զաքարյանը ։

Նորավանի բնակիչ Աշոտ Քարամյանը ծանոթ է Սիսիանի համայնքային իշխանության հավակնող բոլոր 7 ուժերին։ Հիշեցնենք, որ Սիսիանի ավագանու անդամի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Աշխատանք եւ Արդարություն», «Զարգացող համայնք» դաշինքները։ Aravot.am-ի զրուցակիցը նախապատվությունը տալիս է «Ապրելու երկրին» եւ Արա Զաքարյանին։

«Հավատում եմ նրան, չի խաբի, իմ զգայարանները երբեք ինձ չեն խաբում, նա սուտ չի խոսա»,-մեզ իր թեկնածուին էր ներկայացնում արցախյան բոլոր պատերազմների թոհ ու բոհով անցած Աշոտ Քարամյանը։ Կնոջ, տղայի ու հարսի, 6 թոռան հետ վթարային շենքում է ապրում։ «Միշտ բողոքել եմ, հարցը բարձրացրել եմ, նույնիսկ Լիսկայի (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան-Ա․Դ․) մոտ եմ եղել։ Բայց Զաքարյանը խոստացավ՝ ընտրվի-չի ընտրվի՝ հարցը կլուծի»,-ասում է զրուցակիցս ու շարունակում՝«գյուղի 90 տոկոսին էլ եմ ասել, որ անպայման իրեն ընտրեն»։

Հրաժեշտից առաջ Սիսիանի ավագանու ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներն ընտրողներին խոստանում են՝ քվեարկությունից հետո չեն մոռանալու նրանց։

Մինչեւ ընտրողների հետ հանդիպումը, Արա Զաքարյանն ու ավագանու անդամ թեկնածուները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան պատերազմում անմահացածների հիշատակին, ծաղիկներ դնելով տարբեր բնակավայրերում կառուցված հուշարձաններին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930