«Ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ժողովրդական ընդվզման մեծ ալիք բարձրացավ, եւ հիմնական պատճառը Արցախի խորհրդարանական պատվիրակության այստեղ գալու, հենց դա է: Մենք պատրաստվում էինք իմանալ, թե ինչ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որի պատճառով իրեն դավաճան կանվանեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Արթուր Մոսիյանը:
«Արցախցիները լավ գիտեն, թե ինչպես նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրվեց Հայաստանի եւ Արցախի ժողովրդի թիկունքում: Դառը փորձ ունենք: Փաշինյանի` նշաձողը իջեցնելու մասին եւ այլ հայտարարություններ անընդհատ նման խնդիրներ են առաջացնում, որովհետեւ պատերազմից հետո պարտված իշխանությունը չի հեռացել: Ես մի քանի անգամ հարցազրույցներում ասել եմ` քանի որ կեղծ խաղաղության օրակարգը բերվեց քաղաքական դաշտ, պարզ է, որ ամեն օր եւ ամեն ժամ զիջումներ ենք ունենալու»,-հավելեց նա:
Արթուր Մոսիյանն ընդգծեց . «Մենք տեսել ենք, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ոնց են «հաղթել», ասել են` հաղթել ենք, մինչդեռ ասելն ուրիշ բան է, անելն` ուրիշ բան: Մենք հանդիպել ենք ՀՀ խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի, խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ եւ բարձրացրել ենք մեր ժողովրդին հուզող մի շարք հարցեր: Մարդիկ ասում են` Նիկոլ Փաշինյանն այդպես չի ասել, հետո հերքել է, լավ չեք հասկացել, ես մի հարց եմ տվել` ոնց է պատահում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՔՊ-ն ճիշտ է հասկանում, բայց հազարավոր մարդիկ` սխալ: Թող այդ հարցի պատասխանը տան: Ուրեմն կամ խոսելը չգիտեն, կամ չի կարողանում ասել այն, ինչ իրականում ուզում է ասել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում