Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ աքսորել մեր մշակույթը մեզանից»

Սեպտեմբեր 24,2022 12:00

Դժվարին օրերին հենց արվեստի միջոցով պետք է հայրենասիրական գաղափարներ սերմանել

Պատերազմն ու արվեստը հասկացություններ են, առաջին հայացքից՝ անհամատեղելի։ Պատերազմն ուղղված է ոչնչացմանը, արվեստը՝ արարելուն։ Ամեն ինչ, ներառյալ ամենասարսափելի ռազմական գործողությունները, արտացոլվում են նկարիչների կտավներում, գրողների, կոմպոզիտորների ստեղծագործություններում, լուսանկարներում։ Արդյոք արվեստը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է պատերազմը։ Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմն էլ ստեղծում է «իր» երաժշտությունը, գրականությունը, գեղանկարչությունը, լուսանկարչությունը եւ այլն։ Բայց պատերազմն ինչի՞ է վերածում արվեստը, արդյոք դա դարձնում է իր գաղափարական զենքը, թե՞ արվեստը զարգանում է գաղափարական բաղադրիչից դուրս։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին։

Մեր զրուցակիցը նախ սրտնեղեց մեր հարեւան ագրեսոր երկրի վերջերս ցուցաբերած պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանում, ավելի ճիշտ՝ Երեւանում, մշակութային դաշտի պասիվությամբ, թեեւ դա էլ ունի իր բացատրությունը։ Օրինակ՝ որոշ հյուրախաղորդ արտիստներ հասկանալի պատճառով չեղարկել են իրենց երեւանյան համերգները, որոշ կոլեկտիվներ էլ հետաձգել են իրենց ելույթները եւ այլն։ Պարոն Առաքելյանի խոսքերով՝ աննորմալ իրավիճակում ենք հայտնվել, պետք չէ աքսորել մեր մշակույթը մեզնից։

«Մոռացվե՞ց, թե մեր արվեստագետները ինչ գլուխգործոցներ են ստեղծել հենց Հայրենականի տարիներին։ Խաչատրյանը գրեց իր երկրորդ սիմֆոնիան, 1942թ. Երեւանում բացվեց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ Այդ առիթով Իսահակյանը պետք է գրեր՝ օպերետի թատրոնը ստեղծվեց ճիշտ ժամանակին, որպեսզի ժողովուրդը ծիծաղի զենքով պայքարի անարգ թշնամու դեմ։

Լենինգրադը բլոկադայի մեջ էր. փակ էր եւ օդը, եւ ցամաքը։ Անաստաս Միկոյանը իր հնարամտությամբ կարողացավ ճեղքել բլոկադան, Լենինգրադից բառի իսկական իմաստով գողանալ Հովսեփ Օրբելուն՝ Հայաստանում գիտությունների ակադեմիա հիմնելու նպատակով։ Եվ Օրբելին, որ դարձավ ակադեմիայի առաջին նախագահը, առանց օր ու ժամ կորցնելու ձեռնամուխ եղավ գիտահետազոտական ինստիտուտներ հիմնադրելուն, ինչի շնորհիվ բացվեցին գործարաններ եւ այլն։ Նաիրի Զարյանն այդ օրերին հատուկ գրեց «Վրեժ» պիեսը, որտեղ բացեիբաց ծաղրում էր բռնապետ Հիտլերին։ Եվ այդ պիեսը պարտադիր բեմադրվում էր բոլոր դպրոցներում։ Մանկագիրները, այդ թվում՝ Մկրտիչ Կորյուն, Հայրապետ Հայրապետյան եւ մյուսները, ստեղծեցին պիեսներ ու բանաստեղծություններ՝ կորչի ֆաշիզմը, կորչի Հիտլերը լոզունգներով։ Վերեւում մոռացա նշել, որ մինչ Խաչատրյանի սիմֆոնիան, Մարտիրոս Սարյանը ստեղծեց իր հայտնի «Ծաղիկները»։ Ինչպես չհիշատակել երիտասարդ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի հայրենասիրական երկերը։ Բոլորը չես թվարկի։ Ի դեպ, գրող, դերասան Գրիգոր Յաղջյանը գրեց իր հայտնի «Հիտլերը թակարդում» պիեսը, որը դպրոցականներն անգիր գիտեին, բեմադրվում էր, առանց չափազանցության՝ բոլոր դպրոցներում։ Ո՞ր մեկն ասեմ…  Բայց ինչպե՞ս չասեմ, չասե՞մ, որ դպրոցներում մեծ ուշադրություն էր դարձվում հայրենասիրական դաստիարակությանը։ Այդ տարիներից որպես ուսումնական առարկա դպրոց մտավ ռազմագիտությունը։ Եվ ովքե՜ր էին դասավանդում՝ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ… »,-ներկայացրեց մշակութաբանը։

Դիտարկմանը՝ գիտենք, որ այն տարիներին դպրոցներին պարտադրվել էր ստեղծել խմբեր՝ հոսպիտալներում հանդես գալու համար, մեր զրուցակիցը հիշեց, իր խոսքերով՝ մի սահմռկեցուցիչ տեսարան, որի ականատեսն էր եղել.  «Հայրենականի տարիներին Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Երկիր հայրենի» դրաման, որը բեմադրվեց Հայաստանի բոլոր թատրոններում։ Պիոներպալատում ես էլ ընդգրկվեցի այդ բեմադրության մեջ. խաղում էի ամուսնու դեր, իսկ կնոջս դերում Մետաքսյա Սիմոնյանն էր։ Հոսպիտալներից մեկում ներկայացման ավարտին այնպիսի՜ օվացիա էր։ Հանկարծ իմ ու Մետաքսյայի աչքն ընկավ կողք կողքի պառկած երկու զինվորի, որոնցից մեկի աջ ձեռքը չկար, մյուսի ձախը, բայց նրանք այնպես էին դիրքավորվել, որ բեմադրության ավարտին կարողանան ծափահարել…»։ Շարունակելով հոսպիտալներում ելույթների թեման, պարոն Առաքելյանը բարձրաձայնեց դերասանների անուններ, որոնք մի հոսպիտալից մյուսն էին վազում, աշխատելով բաց չթողնել ոչ մի ելույթ՝ Արուս Ոսկանյան, Հայկանուշ Դանիելյան, Վաղարշ Վաղարշյան, Գարուշ Խաժակյան… «Իսկ Ավետ Ավետիսյանը, պատահում էր, մարշալ Կուտուզովի գրիմով վազում էր դպրոցից դպրոց (որոշ դպրոցներ վերածվել էին հոսպիտալի- Ս. Դ.), ծիծաղի թագուհի Սվետլանա Գրիգորյանը բառի իսկական իմաստով ժպիտ էր շաղ տալիս հոսպիտալներում։ Որոշ անվանի արվեստագետներ ղեկավարում էին այդ խմբերը, օրինակ՝ օպերային թատրոնի մեներգչուհի, ժողովրդական արտիստ Շարա Տալյանի կինը՝ Մարիաննա Սեդմարը…»։

Սերգեյ Առաքելյանը փաստեց, որ եղել են նաեւ արվեստագետներ, որ կամավոր են մեկնել ռազմաճակատ. «Հայաստանի ժողգործիքների անսամբլում ունեինք հրաշալի քամանչահար՝ Արշավիր Ֆիրջուլյան, որը կամավոր մեկնեց ռազմաճակատ, գերի ընկավ, փախավ գերությունից… Այդ տարիներին կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը Մոսկվայից բերեց առաջին բրոնյաները՝ տաղանդավոր արվեստագետների համար։ Նրանց թվում էր Ֆիրջուլյանը, Արամ Մերանգուլյանը եւ այլք։ Ինչպես չհիշել Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ ջազ անսամբլի ելույթները ռազմաճակատում։ Նվագախմբում չորս հրաշալի պարողներ կային՝ Օրբելյան եղբայրները։ Պատկերացնո՞ւմ եք, ելույթներից մեկի ժամանակ, երբ երեքը բեմում էին,  կրտսեր եղբայրը ռմբակոծության հետեւանքով զոհվեց՝ գտնվելով ընդամենը 100 մետր հեռու դաշտային բեմից…  Սուրեն Քոչարյանը Շեքսպիրի քրոնիկների վրա ստեղծեց «Հանուն հայրենիքի» կոմպոզիցիան, որը ռուսերեն կարդում էր բարձրախոսին միացրած դաշտային հեռախոսով եւ այն լսում էր ողջ ռազմաճակատը։  Ո՞ր մեկը հիշեմ…»։

Զրույցի ընթացքում Սերգեյ Առաքելյանը, մի պատմությունից մյուսն անցնելով,  անընդհատ ընդմիջում էր, նշելով, թե արվեստի միջոցով պետք է  հայրենասիրական գաղափարներ սերմանել՝ «Առանց արվեստի ոչինչ չի կարող լինել ու չես ստեղծի»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930