Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Համաշխարհային խաղացողները պետք է վերջ տան Հայաստանի նկատմամբ «խաղաղություն հաստատելու» վերաբերյալ ճնշումներին. Լեմկինի ինստիտուտ

Հոկտեմբեր 09,2022 22:37

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հերթական նախազգուշացումն է հրապարակել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ցեղասպանության վերաբերյալ, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև. 

Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական պատերազմական հանցագործությունները, ահաբեկչությունը, ցեղասպանական լեզուն և Հայաստանի և հայերի նկատմամբ ցեղասպանական նպատակները՝ Լեմկինի ինստիտուտը կտրականապես դեմ է Հայաստանի վրա գործադրվող միջազգային ճնշումներին՝ տարածք հանձնելու, Արցախը զիջելու, Սյունիքի մարզով մուտքի երթուղիներ թույլատրելու և/կամ իր սահմաններն ապառազմականացնելու վերաբերյալ: Համաշխարհային և տարածաշրջանային բոլոր ուժերը, որոնք ճնշում են գործադրում հայկական պետության վրա՝ «խաղաղություն հաստատել» ցեղասպանությամբ սպառնացող հարևանների հետ, պետք է անհապաղ վերջ տան դրան։ Փոխարենը, միջազգային հանրությունը պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ ամրապնդելու իր բանակն ու սահմանները, այդ թվում՝ Արցախում՝ հայության կյանքը պաշտպանելու համար, և պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի գործողություններն ու ցեղասպան հռետորաբանությունը։

Մենք կոչ ենք անում տնտեսական խիստ պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական պետության և նրա ղեկավարության դեմ, այդ թվում՝ արգելել բոլոր տեսակի ռազմական օգնությունն ու զենքի մատակարարումը։ Այն երկրները, ինչպիսիք են Ադրբեջանի զենքի առևտրի հիմնական գործընկերները՝ Իսրայելը, Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան, նույնպես պետք է պատժամիջոցների ենթարկվեն, եթե նրանք շարունակեն զենք մատակարարել Ադրբեջանին։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում, մասնավորապես, ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ անդամներին և Եվրամիությանը, որոնց գրոտեսկային աջակցությունը Ադրբեջան ցեղասպան պետությանը՝ ցեղասպան նախագահ Իլհամ Ալիևի օրոք, ինչպես նաև Թուրքիայում բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մեծապես նպաստել է այն անպատժելիությանը, որի պայմաններում այժմ երկու պետությունները գործում են։ Այդ աջակցությունն աղաղակող է ուկրաինական ճգնաժամի հետ կապված բարոյական ներկայացումների լույսի ներքո: Եթե ​​ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չկարողանան ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ լքել հայկական տարածքը, վերադարձնել հայ ռազմագերիներին, բացահայտել անհետ կորածների մասին տեղեկությունները, ճանաչել Արցախում ինքնորոշման հայցերի օրինականությունը և իրական հավասար բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա այդ տերությունները կշարունակեն պատասխանատվություն կրել Ադրբեջանի կողմից կատարված ցանկացած վայրագ հանցագործության համար: Մենք հիշեցնում ենք այս ուժերին, որ մեղսակցությունը` օժանդակելը  և հրահրելը, կարող է պատասխանատվություն առաջացնել՝ համաձայն միջազգային քրեական իրավունքի:

Լեմկինի ինստիտուտը նաև զգուշացնում է աշխարհին թուրքական և ադրբեջանական քարոզչության մասին, որը լավ ֆինանսավորվում է երկու պետությունների կողմից, և որը խորը և շարունակական ազդեցություն է ունեցել 1915թ. ցեղասպանությունից ի վեր Հայաստանի, հայերի և Հարավային Կովկասի հակամարտության ընկալումների վրա: Ամբողջ աշխարհը դեռ ապրում է ցեղասպան արմենոֆոբիայի գոյության պայմաններում: Այդ ճանապարհը հարթվել է կրթաթոշակների, լրագրության և քաղաքականության միջոցով: Այս ազդեցության մի մասը ուղղակիորեն գնվել է փողով և նվերներով, բայց դրա մեծ մասը համաշխարհային հանրային դաշտի՝ հակահայկականությամբ և ցեղասպանության ժխտմամբ հագեցված լինելու հետևանք է: Այս ամենը հաշվի առնելով՝  տարածաշրջանում զարգացումներին հետևել ցանկացողները պետք է հասկանան և ուշադիր վերլուծեն ադրբեջանական պետության «հայելային կրկնօրինակման» մարտավարությունը, որը ներառում է Հայաստանին և հայերին մեղադրել այն հանցագործությունների մեջ, որոնք նա ինքն է կատարել կամ պատրաստվում է կատարել:  

Պատմության մեջ կան պահեր, երբ ցեղասպանությունը կարելի է կանխել։ Սա այդ պահերից մեկն է։ Աշխարհը կամ կգործի հստակ և ուժով՝ հայերի կյանքը պաշտպանելու համար, կամ կվերահսկի ցեղասպանական բռնությունների վերսկսումը այն պետությունների կողմից, որոնք դեռևս առաջնորդվում են 1915թ. ատելության գաղափարախոսությամբ:

Նման համատեքստում այսպես կոչված խաղաղության պլանները և պայմանագրային բանակցությունները, որոնց Հայաստանին պարտադրում են համաշխարհային հզոր խաղացողները, ավելի հավանական է, որ կհանգեցնեն հայերի դեմ ոճրագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության, քան որևէ «խաղաղության»: Աշխարհը պետք է ամաչի, որ հայ ժողովուրդը հայտնվել է այս վիճակում. գործելու համար դեռ ուշ չէ, բայց ժամանակը սպառվում է։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31