Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հավաքականը Երևանում․ «Ֆուտբոլային դիվանագիտության» երկրորդ փորձը տեղի կունենա 2023 թվականին

Հոկտեմբեր 10,2022 11:12

Տեղի ունեցավ ԵՎՐՈ 2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականին դժվար փորձություն է սպասվում ոչ միայն մարզական իմաստով։ Մեր մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Լատվիայի և Թուրքիայի ազգային հավաքականները։ Մեր ընտրանին ընդգրկվել է բավականին ուժեղ հավաքականների հետ մի խմբում։ Խորվաթիան 2018 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է, իսկ Ուելսի հավաքականը երբեք հեշտ մրցակից չի եղել անգամ հզորագույն ընտրանիների դեմ պայքարում։ Լատվիան մեզ որակապես զիջում է, սակայն նրանք նույնպես հենց այնպես միավորներ չի նվիրելու։ Իսկ ահա ամենասկանդալային մրցակիցը, իհարկե, Թուրքիայի հավաքականն է։ Թուրքիան միշտ էլ արժանի պայքար է մղել ֆուտբոլային Օլիմպոսի գագաթնակետին գտնվող ազգային հավաքականների դեմ պայքարում։ Բայց այս դիմակայությունում կարևորը ամենևին էլ մարզական գործոնը չէ։ Հիմա փորձենք ներկայացնել մեր մրցակիցներին ըստ հերթականության։

Խորվաթիա

Խորվաթիայի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 12-երորդ հորիզոնականը։ Վերջերս Խորվաթիան Ազգերի Լիգայի Ա դիվիզիոնի խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով անգամ Ֆրանսիայից։ Սա նշանակում է, որ Խորվաթիան պայքարելու է Ազգերի լիգայի փլեյ֊օֆֆ փուլում, որի հաղթողը ԵՎՐՈ-ի ուղեգիր է ստանում։ Այս առումով կարող ենք ենթադրել, որ խորվաթները մոտիվացիայի պակաս կունենան և ամբողջ ուժերը չեն ներդնի առավելագույն արդյունքի հասնելու համար։ Սա, իհարկե, միայն ենթադրություններ են, քանի որ այս մակարդակի թիմերը երբեք հաշվարկներով չեն պայքարում։ Խորվաթների ընտրանին շատ հայտնի ֆուտբոլիստներ ունի իր կազմում, սակայն ընդգրկված աստղը Մադրիդի Ռեալի փորձառու կիսապաշտպան և ոսկե գնդակի դափնեկիր Լուկա Մոդրիչն է։ Խորվաթիայի հավաքականի դեմ մեր ընտրանին ընկերական հանդիպում է անցկացրել 2021 թվականի ամռանը, հանդիպումը ավարտվել էր 1։1 հաշվով։ Խորվաթիան այս խմբի ֆավորիտն է, սակայն, վստահաբար, մյուս թիմերն էլ պայքար են մղելու մրցանակային հորիզոնականների համար։

Ուելս

Ուելսի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 19-երորդն է։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ հատվածին մասնակցելու իրավունք է ստացել երկուական անգամ։ Աշխարհի առաջնության լավագույն արդյունքը գրանցել է 1958 թվականին, երբ հասել է ¼ եզրափակիչ, իսկ Եվրոպայի առաջնությունում նույնիսկ նվաճել է բրոնզե մեդալ (2016 թ.)։ Ուելսի և Հայաստանի հավաքականները հանդիպել են Մունդիալ 2002-ի ընտրական փուլի շրջանակներում՝ 2001 թվականին։ Երկու խաղերում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք։ Այդ ժամանակվա համեմատ Ուելսի ընտրանին առաջընթաց է գրանցել և նույնպես խմբից դուրս գալու հիմնական հավակնորդներից է։ Ուելսի ընտրանու ընդգծված առաջատարը և պատմության լավագույն ռմբարկուն Մադրիդի Ռեալի երբեմնի աստղային հարձակվող Գարեթ Բեյլը։

Թուրքիա

Իհարկե, բոլորիս ուշադրությունը հենց այս հավաքականի դեմ պայքարն է։ Ամենասկզբունքային դիմակայությունը, որը կարող էր լինել մեր հավաքականի համար։ Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները միմյանց դեմ մրցել են Մունդիալ 2010-ի որակավորման փուլում։ Երկու հանդիպումներում էլ մեր հավաքականը պարտվել է 2։0 հաշվով։ Այդ հանդիպումները Հայաստանի քաղաքական շրջանակները կոչեցին ֆուտբոլային դիվանագիտություն։ Թուրքիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 45-երորդն է։ Թուրքիան երկու անգամ մասնակցել է Աշխարհի առաջնության, չորս անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Երկու մրցաշարերում էլ լավագույն արդյունքը կիսաեզրափակչին մասնակցելն է։ Թուրքիայի հավաքականի կազմում շատ ֆուտբոլիստներ են հանդես գալիս ուժեղագույն լիգաներում, սակայն ընդգծված առաջատար է համարվում Ինտերի կիսապաշտպան Հական Չալհանողլուն։

Լատվիա

Մեր խմբի վերջին մասնակիցը Լատվիայի ազգային հավաքականն է։ Լատվիացիները միակն են, որոնց հետ խաղերում կարող ենք 6 միավոր վաստակել։ Մնացած հավաքականների դեմ էլ է հնարավոր պայքարել, սակայն հարյուր տոկոսանոց արդյունք ակնկալելը իրատեսական չի լինի։ Լատվիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումներ ենք անցկացրել 2009-ին և 2014-ին։ Մեկ անգամ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել, մյուս խաղում պարտվել ենք 2։0 հաշվով։ Լատվիան ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 134-երորդ հորիզոնականում է։ Ազգային հավաքականի պատմության լավագույն արդյունքը ԵՎՐՈ 2004-ի խմբային փուլին մասնակցելն է։ Լատվիայի հավաքականի ներկայիս կազմի լավագույն ռմբարկուներն են Յանիս Իկաունիեկսը և Վլադիսլավ Գուտկովսկին 11-ական գոլով։ Լատվիացիների կազմում ընդգծված առաջատար կամ հանրահայտ ֆուտբոլիստ դժվար է գտնել, սակայն թերագնահատել մեձբալթյան երկրի ընտրանուն կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր հավաքականի համար։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի համար չափազանց բարդ է լինելու այս խմբում պայքար մղել, սակայն ասել, թե շանսերը զրոյական են, նույնպես ճիշտ չէ։ Համարյա բոլոր թիմերն էլ կարող են արժանի պայքար մղել, իսկ մեր ընտրանու համար մոտիվացիան կրկնապատկվելու է Թուրքիայի ընտրանու դեմ խաղերում։

 

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31