Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

Արծաթե մեդալ Վրաստանից․ հայ ավտոմարզիկների թիմը մասնակցել է «Georgian Kart Masters 2026»-ի եզրափակչին

Նոյեմբեր 20,2026 15:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 14-15-ը Վրաստանի «Rustavi International Motorpark» միջազգային մրցուղում կայացել է «Georgian Kart Masters 2026» քարթինգի մրցաշարի եզրափակիչ փուլը (Georgian Kart Masters Race Week Finale)։ Մրցաշարին ամբողջ կազմով մասնակցել է Հայկական ավտոսպորտի ակադեմիայի (AAA) թիմը։

Լարված և բարձր մրցակցային պայքարում Ակադեմիայի 15-ամյա պրոֆեսիոնալ մրցարշավորդ Սամվել Համբարձումյանը ցուցաբերել է վարման բարձր վարպետություն, կայուն արագություն և զբաղեցրել 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ։ Հատկանշական է, որ սա մարզիկի հերթական առաջընթացն է միջազգային հարթակում. ընդամենը երկու շաբաթ առաջ Վրաստանի քարթինգի առաջնության 4-րդ փուլում նա արժանացել էր բրոնզե մեդալի։

«Georgian Kart Masters 2026»-ի եզրափակիչ մրցութային շաբաթվա ընթացքում Հայկական ավտոսպորտի ակադեմիան ներկայացել է ամբողջ թիմով՝ մարզիկներով, մարզչական և տեխնիկական անձնակազմով։ Թիմի յուրաքանչյուր անդամ ձեռք է բերել կարևոր միջազգային մրցակցային փորձ, կատարելագործել մրցուղային մարտավարությունն ու թիմային համակարգված աշխատանքը՝ պայքարելով տարածաշրջանի ուժեղագույն մրցարշավորդների հետ։

Չնայած Հայաստանում գործող պրոֆեսիոնալ ավտոմրցուղու բացակայությանը և մարզումային բազայի սահմանափակ հնարավորություններին՝ Հայկական ավտոսպորտի ակադեմիայի սաներն ու մարզչական կազմը հետևողական աշխատանքի շնորհիվ շարունակում են բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում և գրանցել կայուն աճող արդյունքներ։

Հայ մարզիկների այս հաջողություններն առավել արժեքավոր են տարածաշրջանային իրողությունների համատեքստում․ այսօր Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը չունի միջազգային չափանիշներին համապատասխանող գործող ավտոմրցուղի կամ պրոֆեսիոնալ քարթինգային համալիր։ Մինչդեռ հարևան բոլոր երկրներում վաղուց գործում են Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) ստանդարտներին համապատասխանող ենթակառուցվածքներ՝ Վրաստանի «Rustavi International Motorpark»-ը և Իրանի «Ազադի» մարզահամալիրի մասնագիտացված մրցուղիները, ինչպես նաև «Ֆորմուլա 1»-ի մրցաշարեր հյուրընկալող Բաքվի «Baku City Circuit» և Թուրքիայի «Istanbul Park» բարձրագույն կարգի ավտոդրոմները։ Սեփական մարզումային բազայի բացակայության պայմաններում Հայկական ավտոսպորտի ակադեմիայի սաները ստիպված են իրենց ուսումնամարզական գործընթացն ու մրցելույթները կազմակերպել արտերկրում՝ միևնույն ժամանակ ապացուցելով, որ լիովին մրցունակ են տարածաշրջանի առաջատար ավտոսպորտային դպրոցների հետ պայքարում։

Հայկական ավտոսպորտի ակադեմիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել