Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ուզում ենք ընդունվել Բրյուսով, ուզում ենք ավարտել Բրյուսովը, ուզում ենք Բրյուսովը մնա». Բրյուսովի համալսարանի ուսանողները շարունակում են բողոքել

Հոկտեմբեր 13,2022 15:52

Արդեն երկրորդ օրն է, Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները հավաքվում են համալսարանի բակում՝ իրենց համալսարանը պահպանելու համար:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին տարածվեց նորություն, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:

Համալսարանի ուսանող Արման Հարությունյանը ուսանողներին հայտնեց, որ հոկտեմբերի 14-ին գիտխորհրդի նիստ է գումարվելու, որի ընթացքում իրենք բարձրաձայնելու են ուսանողների բողոքները. «Այսօր քայլերթ անելը, նախարարություն փակելը նպատակահարմար չէ, որովհետև վաղը կոնկրետ ժամ կա: Հիմա այստեղ ակտիվությունը պետք է պահի: Դա չի նշանակում, որ եթե մենք այսօր պլանավորած քայլերթ չունենք, բոլորը պետք է տուն գնան, չէ՛: Մենք մեր ալիքը պետք է պահենք, մեր ձայնը պետք է լսելի լինի: Դրա համար խնդրում եմ, դժվար է, մի քիչ կանգնած ենք մնալու, հոգնելու ենք, բայց մեր համալսարանի համար ենք անելու: Եկե՛ք միաբան լինենք, այսօր մնանք համալսարանում, չեմ ասում՝ ամբողջ օրը, ուղղակի հանրությանը ցույց տանք, որ մենք պայքարելու ենք մեր համալսարանի համար ու այս ամեն ինչը հեքիաթ չի»:

Նա նշեց, որ ուսանողները վաղը ժամը 13-ին հավաքվելու են համալսարանի բակում՝ սպասելով ժողովի արդյունքին. «Եթե ուսանողության սրտով չեղավ արդեն: Մեր սրտով չեղավ արդեն, մենք մեր կոնկրետ քայլերը կսկսենք անել: Կլինեն քայլերթեր, մենք մեր բողոքի ձայնը կբարձրացնենք»:

Համալսարանի ուսանող Անաիդա Սարգսյանն էլ համալսարանը անվանեց ուսանողների տունը. «Սա մեր տունն է: Այս պատերի մեջ մենք ունենք կրթություն: Այս տան պատերի ներսում է մեր ընտրությունը: Այստեղ են մեր ընկերները, այստեղ է մեր ընտանիքը, այստեղ է մեր դասախոսական կազմը, որին հոգաչափ շնորհակալ ենք այս տարիների մեր կրթության համար: Եկեք վաղը միահամուռ ժամը 1-ին բոլորս լինենք այստեղ: Սա պայքար է, սա շատ-շատ լուրջ պահ է»:

Իսկ մեկ այլ ուսանող Էդգար Զատիկյանն էլ խնդրեց ուսանողներին իրենց պատվիրակել՝ իրենց բողոքները գիտխորհրդի նիստում բարձրաձայնելու համար: Նա նշեց, որ նիստին հրավիրել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին. «Մենք պատրաստվում ենք ասել այն, որ մենք չենք ուզում դառնալ ուրիշ համալսարանի մաս: Այդքան բան: Վե՛րջ: Մենք ուզում ենք ընդունվել Բրյուսով, ուզում ենք ավարտել Բրյուսովը, ուզում ենք Բրյուսովը մնա: Ուզում ենք Բրյուսովի 100-ամյակին բոլորս այստեղ հավաքվենք շատ սիրուն հագնված ու ուրախությամբ նշենք այն, որ մեր համալսարանը 100-ամյա պատմություն ունի: Մեր պահանջը դա է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31