Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի ասածն անելու համար պետք է ՀՀ-Ադրբեջան ցանկացած փաստաթղթում ամրագրում լինի, որ կա Արցախի խնդիր». Կիրո Մանոյան

Հոկտեմբեր 31,2022 17:28

«Իշխանին հարցրեք»,- լրագրողների հարցին՝ ի՞նչ կտա փողոցային պայքարը, որի մեկնարկի մասին այսօր հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, այսպես պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում անցկացված հանդիպման ժամանակ:

Լրագրողների հարցերին ի պատասխան նա անդրադարձավ նաև ՌԴ-ի կողմից առաջարկվող խաղաղության պայմանագրի տարբերակներին: Կիրո Մանոյանն ասաց. «Վլադիմիր Պուտինի ասածն անելու համար պետք է ՀՀ-Ադրբեջան ցանկացած փաստաթղթում ամրագրում լինի, որ կա Արցախի խնդիր: Մենք ամիսներ լսում ենք այս իշխանության առաջին դեմքերից, որ նման պայմանագրում Արցախի անուն չի լինելու: Այդ կեցվածքով քաղաքական ուժը փորձում է համահայկական ինչ-որ բան կազմակերպել և քսաներորդական օրակարգի հարց դարձնել Արցախի հարցը»:

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի 907-րդ բանաձևին: Այս առիթով Կիրո Մանոյանն ասաց. «907-րդ հոդվածի կամ հավելվածի խնդիրը երկու գլխավոր դերակատար ունի. Մեկը՝ օրենսդիրը, մյուսը՝ գործադիրը: Օրենսդիրը սեպտեմբերի 11-ից հետո թույլ տվեց գործադիրի նախագահին, որպեսզի շրջանցի Ադրբեջանին ռազմական օժանդակություն տալու արգելքը: Բայց ամեն տարի օրենսդիրին պետք է զեկուցի: Այս գործադիր իշխանությունը նույն մոտեցումն ունի՝ շրջանցելու: Հիմա օրենսդիրում որոշ շրջանակ է ձևավորվում, որը դեմ է շրջանցելու իրավունքը պահպանելուն: Բավական բան կախված է առաջիկա ընտրություններից, թե իրականում որ քաղաքական ուժը կկարողանա պահել մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում: Դրանից կախված կլինի՝ օրենսդիրը որքանո՞վ կկարողանա շրջանցելու իրավունքը վերցնել և թույլ չտալ, որ գործադիրը շրջանցի: Բոլոր գործադիրներն էլ 2002-ից ի վեր կողմ չեն եղել, որ շրջանցելու իրավունքը պահպանվի՝ ասելով, որ դա ճկունություն է Կասպից ծովից եկող անվտանգության խնդիրների հետ կապված»:

Կիրո Մանոյանն ասաց, որ փորձում են ԱՄՆ-ում բացատրել, որ այդ օժանդակությունը՝ հարյուր միլիոնը, ՀՀ-ի, Արցախի դեմ է օգտագործվում, և պետք է դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին: Կիրո Մանոյանը նաև կարևորեց, որ Արևմուտքի հետ հարաբերություններում պետք է մղենք Արևմուտքին, որ արձանագրի՝ կա Արցախի չլուծված խնդիր:

Փաստմանը՝ Ֆրանսիայի սենատում նոր բանաձևի նախագիծ է շրջանառվում, որը քննարկվելու է նոյեմբեր 15-ի և հարցին՝ դա ի՞նչ կտա հակամարտության կարգավորման հարցում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այսպիսի բանաձևերը պարզ է, որ ունեն քաղաքական արժեք, եթե նույնիսկ իրավական արժեք էլ չունեն, որ պատասխանատվության ենթարկեն ինչ-որ մեկին: Անկախ՝ ինչ է ասվում բանաձևում, կա նաև քաղաքական դինամիկա: Ընդդիմությունը, եթե բանաձևը ներկայացրեց և որդեգրեց, իշխանությունն այս դեպքում սենատում ասելու է, որ ընդդիմության ասածը չպետք է անեմ: Ընդդիմությանը դեմ է լինելու: Բայց, որ բարձրաձայնվի, այդ մասին խոսվի, դա արդեն օգտակար է: Բանաձև է ներկայացվել նաև իրենց խորհրդարանի ստորին պալատում, որտեղ մեծամասնությունը նախագահի կուսակցության անդամներն են: Շեշտադրումները նույնը չեն, բայց ինչքան ես եմ տեղյակ, այդքան էլ խնդրահարույց բանաձև չէ: Կարևոր բանաձև է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31