Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամի արժեւորումը ՏՏ ոլորտը քայքայում է, ընկերությունների եւ մասնագետների արտահոսք է սպասվում, մինչդեռ կառավարությունը չի արձագանքում

Նոյեմբեր 02,2022 16:22

Դոլարի արժեզրկման պատճառով տուժում են հատկապես ՏՏ ոլորտի ընկերությունները, քանի որ դրանց գերակշիռ մասը արտահանող է։ Այս ընկերությունները խոշոր վնասներ են կրում։ Խնդրի մասին ոլորտի ներկայացուցիչները փետրվար ամսից բազմիցս բարձրաձայնել են, սակայն մինչ օրս կառավարությունը պատշաճ չի արձագանքել։ Եվ ստիպված այսօր առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների ղեկավարները ասուլիս էին հրավիրել՝ խնդիրները բարձրաձայնելու համար։

Հայկ Չոբանյան

«Ընկերությունների կրած կորուստները չվերականգնվող են։ Այդ ամբողջ ռիսկերը կրում են ընկերությունները։ Կան բազմաթիվ փակված ընկերություններ, կան ընկերություններ էլ, որոնք ստիպված կրճատումներ են անում, եւ դա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ ապրիլ ամսից սկսած բազմից հանդիպել են ԿԲ եւ այլ գերատեսչության ղեկավարների հետ, հունիս-հուլիսին ներկայացրել են ոլորտի աջակցության սուբսիդավորման նախագիծ, ապա էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկվում է սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի վերադարձ։ Սա, ըստ Չոբանյանի, մասամբ կփոխհատուցի վնասները, սակայն, հանրային քննարկման դրված այս նախագիծն առ այսօր չի դրվել պետական համակարգում քննարկման, եւ, բնականաբար, չի ընդունվել։

Արմեն Քոչարյան

Ասուլիսի մեկ այլ բանախոս, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանն էլ ասաց՝ կազմակերպություններ, որոնք տասնյակ տարիներ բնական միջավայրում զարգացել են, փորձել են ստեղծել համակարգեր, թիմեր, որոնք բարդ խնդիրներ են լուծում, կանգնած են քայքայման եզրին․ «Փոխարժեքի այսօրվա սթրեսային արժեւորումը բերել է նրան, որ կազմակերպությունները, որոնք ներդրումներ էին անում կրթական ոլորտում, սոցիալական ծրագրերում, հիմա չեն կարողանում շարունակել այդ ծրագրերը։ Օրինակ ծրագրերից մեկը՝ ուսանողներից պատրաստում էինք ավագ մասնագետներ, վտանգված է այդ ծրագիրը։ Աշխատավարձային բյուջեն է հարցականի տակ դրվում։ Այս խնդիրներին ուշադրություն չդարձնելն ու խնդրին չարձագանքելը բերելու է նրան, որ հետո վերականգնելու համար տարիներ են պահանջվելու»։

Արմեն Քոչարյանի խոսքով՝ պետական պաշտոնյաների հետ հանդիպումից հետո այնպիսի տպավորություն է, որ նրանք իրականությունից կտրված են, չեն կարողանում գիտակցել, թե ինչ է իրականում կատարվում։

Արսեն Բաղդասարյան

«Դատաարտ» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանն էլ իրավիճակը օրհասական բնութագրեց։ Ասաց՝ եթե կառավարությունն արագ չարձագանքի խնդիրներին, կորուստներն անդառնալի են լինելու, օրինակ՝ ընկերությունների եւ կադրերի արտահոսք է լինելու․ «25 տարում ոլորտը զարգացրել ենք, վերջին մի քանի տարում ոլորտն ամբողջովին բերել ենք հարկային դաշտ, եւ եթե արտահոսք էլ չլինի, ապա այդ հարկային դաշտից գնալու են դեպի «ֆրիլանս» տարբերակին, որովհետեւ մարդիկ է՛լ չեն գտնի պաշտպանություն մեծ կամ փոքր կազմակերպություններում՝ իմանալով, որ կարող է այն մի օր փակվի։ Դրսի գործընկերների հետ ենք աշխատում եւ ամեն ամիս ներկայացնել, թե մեր դրամը արժեւորվել է, դրա համար պետք է ավել վճարեք, որ պատվերը կատարենք, դա լուրջ չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում

«Ինստիգեյթ» ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանն էլ հավելեց․ «Մեր ընկերությունը միջին մասնագիտական տեխնոլոգիական կրթության վրա տարեկան ներդնում է 200 մլն, գիտահետազոտական աշխատանքներ ենք ֆինանսավորում, այն դասընթացներով, որի միջոցով ոչ մասնագետները դառնում են ՏՏ մասնագետներ, 2000 մասնագետ ենք մեր հաշվին պատրաստել, որպեսզի ոլորտն աճի, հիմա այս ծրագրերը վտանգված են, սա նշանակում է տուժում են ոչ միայն ապագա աշխատատեղերը, այլեւ տնտեսությունն ու ռազմավարական ոլորտը»։

Արման Պողոսյան

«ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանն էլ նշեց, որ դրամի նման սթրեսային արժեւորման պայմաններում պետությունը գործ ունի անելու։ Նա նկարագրելով իրավիճակը՝ ԵԱՏՄ երկրներից աշխատողների եւ կազմակերպությունների ներհոսքը ՀՀ, ասաց՝ այս երեւույթը ժամանակավոր է․ «Այո, եկել են մեր երկիր, սթրեսային քանակի արտարժույթ է մտնում մեր երկիր, տնտեսական աճ են ապահովում, բայց դա ժամանակավոր անոմալիա է։ Արդյունքում ամբողջ աշխարհի վեկտորը հակառակ ուղղությամբ է, մեզ մոտ արտահանողները հայտնվում են անմրցունակ վիճակում։ Իսկ պետությունն ասում է՝ արտահանողները թող փակվեն։ ԵԱՏՄ-ից այս արագ ներհոսքն օգտագործելով, բանի տեղ չդնելով մեր կազմակերպությունները կփակվեն, հետո երբ եկածները հետ գնան, կառավարությունը կհասկանա, որ հայկական արտահանումը չկա, կամ մնացել է 50%-ը։ Էկոնոմիկայի նախարարության նախագիծը, որը ժամանակավոր է, մեզ համար ընկալելի է, դա մեղմման միջոց կարող է լինել, սակայն այն կառավարությունում քննարկման չի արժանանում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութերը՝ ԱՏՁՄ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930