Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տունը թողնենք՝ շտեղ մնա՞նք, մեր հայրենիքը թողնենք՝ գնա՞նք»․ Գորիսի բնակիչը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Նոյեմբեր 03,2022 11:24

Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ Եվրախորհրդարանի բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի գլխավորած պատվիրակությունը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը Գորիսի Ակներ բնակավայրում են։

Սեպտեմբերի 13-ից 14-ն՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերվել է Էդգար Սալբունցի առանձնատունը։ Նա պատմում է, որ պայթյունի ձայներ լսելով՝ ընտանիքի բոլոր անդամներով շտապել են հարեւանի նկուղը։ «Հենց հասանք տեղ՝ արկն ուղիղ խփեց շենքի տանիքին, այն ամբողջովին վառվեց։ Այստեղ ննջասենյակն է եղել, ինչ կար՝ մահճակալներից սկսած, բոլորը հալվել՝ վառվել են։ Հետեւի պատին է խփել նաեւ»,-պատմում է Էդգար Սալբունցը։ Վերջինս Եվրախորհրդարանի պատգամավորներին ցույց է տալիս արկի բեկորները։ «Տանս հատակի մեջ բեկորներ են Եթե հավաքեմ, մի 10 կգ կլինի, մի էդքան էլ հավաքել՝ տարել են»,-ասում է նա։

Պատգամավորները հետաքրքրվում են՝ պետությունը աջակցություն տրամադրել է։ «2 մլն դրամ ստացել եմ, բայց դա չի հերիքում՝ տանիքն ամբողջովին պիտի փոխեմ։ Նորից դիմում եմ գրել՝ խոստացել են օգնել»,-ասում է տուժած գորիսեցին։

Մինչեւ Ակներ հասնելը՝ Գորիսի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Վնասվել են բնակավայրեր, կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների վրա։


Առուշանյանը հորդորեց չհավատալ Ադրբեջանի անհիմն հայտարարություններին՝ թե իբր առաջինը հայկական կողմն է կրակում։ «Եթե մենք կրակենք, ապա դրանից հետո հակառակորդի գործողությունների արդյունքում՝ թիրախավորվում է ոչ թե միայն սահմանին կանգնած զինվորը, այլ մեր խաղաղ բնակչությունը, քանի որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանն այդ իրավիճակում է։ Այսինքն, թշնամին ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք»,-ասաց Առուշ Առուշանյանը։
Գորիսի համայնքի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը խաղաղության կողմնակից է, բայց եթե աշխարհը լռի, շարունակի իր առեւտուրը, ապա մի ելք կա։ «Աշխարհը եթե աչք փակեի Հայաստանի խնդիրների վրա, մեզ մնում է մի բան՝ զենքով պաշտպանել մեր հայրենիքը եւ դրան մենք պատրաստ ենք»,-նշեց նա։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հավաստիացնում է, որ իրենց տեսածը կներկայացնեն միջազգային հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան, թե ով է իրական ագրեսորը։ «Մեր նպատակն է Եվրամիությանը ներկայացնել այստեղ առկա իրավիճակը՝ կոչ անելով ըստ պատշաճի արձագանքել դրան։ Ինչպես գիտեք, օրինակ` Ուկրաինայի պարագայում, Եվրոպական միությունը ճիշտ դիրքորոշում բռնեց՝ հաշվի առնելով, թե ով է ագրեսորը։ Ադրբեջանի դեպքում էլ՝ Եվրոպական միությունը պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, այսինքն` այն մարդկանց դեմ, ովքեր հրաման են տվել այսպիսի գործողություններ կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ֆաբիո Մասիմո Կաստալդոն ։

Վերջինս խոսքով՝ իրենք կդառնան ագրեսիայից տուժածների ձայնն աշխարհում։ «Իրավիճակը արձանագրեցինք, եւ տեսանք տներ, որ գնդակոծվել են Ադրբեջանի կողմից։ Նաեւ տեսանք, ինչքան մոտ է դարձել սահմանը, որովհետեւ ադրբեջանցիները անօրինական բռնազավթել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ, եւ այսօր փաստորեն մարդիկ վտանգի առաջ են կանգնած։ Դա ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա»,-ասաց պատգամավորը։

Եվրախորհրդարանի պատգամավորները զարմացան նաեւ սյունեցիների վճռականությունից, որ այդ պայմաններում շարունակում են ապրել իրենց բնակավայրերում։ Ապահո՞վ եք զգում հարցին՝ Ակների բնակիչ Էդգար Սալբունցը կարճ պատասխանեց․ «Ապահովը ո՞րն է։ Թողնելո՞ւ ենք մեր գյուղը, մեր հայրենիքը թողնելու ենք, գնա՞նք։ Բա ո՞ւր մնանք, մինչեւ երբ մնանք, մեր տունը թողնենք՝ շտեղ մնա՞նք»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930