Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցանկացած զբոսաշրջային երկիր չէ, այն մի քիչ ավելի բարդ է իր տարածաշրջանային խնդիրներով»․ Զարուհի Օրբելյան

Նոյեմբեր 29,2022 17:30

Տուրիզմի փորձագետ, գրող, լրագրող Ռուբեն Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ տուրիզմի ոլորտի հետ կապված կարեւորագույն խնդիրների, ասաց, որ տուրիզմի ոլորտի ներկայացնողների լիցենզավորումը պետք է պարտադիր լինի, ու խոսքը միայն զբոսավարներին չի վերաբերվում։ Նա խոսեց նաեւ այն ոչ պրոֆեսիոնալ տեղացի եւ Հայաստան տեղափոխված ռուս զբոսավարների մասին, որոնք չունեն ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ էլ Հայաստանի մասին անհրաժեշտ գիտելիքներ։ Ռուբեն Փաշինյանն ընդգծեց՝ հեծանիվ հորինելու կարիք չկա, պետք է պարզապես օգտագործել աշխարհում եղած փորձը:

«Բազմաթիվ բլոգերներ են եկել Հայաստան ու ցույց տվել մեր երկիրը։ Բայց մի բան է ցույց տալ երկիրը սոցցանցերում ու բլոգում՝ այցելողի աչքերով, պատմել տպավորությունների մասին, այլ հարց է՝ պատմել ապագա այցելուներին այն մասին, ինչը դու լավ չգիտես»,- ասաց նա։

«Փառք աստծո, դաշտն ազատ է թողնված պետության կողմից, ինչը դրական է, որովհետեւ ցանկացած բիզնես անպայման պետք է ազատ լինի։ Հարցն այն չէ, թե մենք ենք ուզում որոշել՝ ով աշխատի, ով չաշխատի, կամ խտրականություն դնել․․․Հարցն այն է, որ անհրաժեշտ են որոշ կարգավորումներ, որոնք արդեն գոյություն ունեն բոլոր զարգացած երկրներում։ Մենք ուղղակի ուզում ենք ընդօրինակել գոյություն ունեցող փորձը։ Իսկ դա հետեւյալն է․ մեր երկրում կա երկու կառույց, որոնք ներկայացնում են զբոսավարներին, ստանում են պետության կողմից լիցենզիա, ըստ որի կարողանում են ատեստավորել աշխատող զբոսավարներին։ Համաշխարհային փորձ է ընդունված, որ եթե զբոսավարը գնում է որեւէ արգելոց, թանգարան, մշակութային վայր, ապա անպայման պետք է ներկայացնի այդ լիցենզիան»,-ասաց Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանը։

Նրա ձեւակերպմամբ՝ «Հայաստանը ցանկացած զբոսաշրջային երկիր չէ, Հայաստանը մի քիչ ավելի բարդ է իր տարածաշրջանային խնդիրներով եւ ամեն ինչով։ Մենք կուզենայինք, որ մեր երկիրը ճիշտ ներկայացվեր։ Իհարկե, զբոսաշրջությունն առաջին հերթին հանգիստ է, լավ ժամանց է, բայց ունի նաեւ ճանաչողական տարր։ Այդ տարրը պետք է պետականորեն պաշտպանված լինի, կառավարելի եւ վերահսկելի լինի, թե ինչ է ներկայացվում»։

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահը գտնում է, որ զբոսավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան հմտություններ, գիտելիքներ եւ ճկունություն, ուստի պետք է վստահ լինել, որ այդ ամենն ու պատասխանատվություն ունեցող մարդիկ են ներկայացնում մեր երկիրը։


Շուրջ 40 տարի զբոսավար աշխատող լրագրող Աշոտ Լևոնյանը նշեց․ «Շատ հաճախ հյուրերը բացի զբոսավարից, ուրիշ մեկի հետ չեն էլ հասցնում շփվել, ժամանակ չի լինում։ Դրա համար զբոսավարը անկախ իր ազգությունից՝ պետք է լինի մեր մշակույթի կրողը, իսկ դա միայն պատմություն իմանալով չէ։ Կարելի է անգիր սովորել ցանկացած եկեղեցու կառուցման թիվը, թագավորների տարեթվերը, բայց պատմությունը մեր շփման շատ փոքր մասն է զբաղեցնում»։

Զարուհի Օրբելյանը հավելեց, որ թեման վաղուց բարձրացվել է Զբոսաշրջության կոմիտեի առաջ․ «Մեր բանակցությունները գնում են։ Մանավանդ հիմա պետք է օգտվենք առիթից, քանի որ զբոսաշրջության մասին նոր օրենք է ընդունվում, որ համապատասխան կետը հնարավոր լինի ներառել օրենքի մեջ։ Իրականում սա առաջարկ է, որը մենք բարձրաձայնում ենք ոչ առաջին անգամ, ու առաջարկի մասին այնպես չէ, որ այս ասուլիսից պետք է տեղեկանա Զբոսաշրջության կոմիտեն։

Մենք միասին ենք աշխատում ենք դրա վրա։ Մեր առաջարկը, պահանջ- խնդրանքը պետական մարմիններից այն է, որ տան այդ հնարավորությունները՝ կիրառելու կարգավորումները, ինչի համար մեզ պետք է աջակցություն վերահսկման ոլորտում։ Ես չեմ կարող վերահսկել իմ աշխատող գործընկերներին, զբոսավար գործընկերներիս հանդիպելիս ես չէ, որ պետք է հարցնեմ՝ լիցենզավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Դա պետք է լինի, ենթադրենք, տվյալ արգելոցի, թանգարանի, տեսարժան վայրի աշխատակցի աշխատանքը։ Պետք է կարողանանք միասին, ընդհանուր ուժերով վերահսկել պրոցեսը։ Հայաստանի համար բացի շահույթ հետապնդելուց՝ տուրիզմն ունի նաեւ այլ գործառույթ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930