Մայիսի 10-ին Թբիլիսիում Վիրահայոց թեմի, մասնավորապես թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի աջակցությամբ Հայարտուն կենտրոնում կկայանա «Մարտական եղբայրություն» վավերագրական շարքի առաջին նախագծի շնորհանդեսը, որը նվիրված է ԽՍՀՄ հերոս օդաչու, հետախույզ, փոխգնդապետ Վազգեն Օգանեսովի սխրանքին: Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում տեղեկացրեց գրող եւ պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը (լուսանկարում):
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օգանեսովը կատարել է 324 մարտական թռիչք, մասնակցել ավելի քան 67 օդային մարտի, ոչնչացրել հակառակորդի 23 ինքնաթիռ։ Հերոսի կոչման նա արժանացել է Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Հենց նա է ձախողել Հիտլերի փախուստը 1945 թվականի գարնանը: Ի դեպ, 1990 թ. Օգանեսովը ընտանիքով տեղափոխվել է Երեւան՝ փրկվելով Բաքվի հայկական ջարդերից։ Հայաստանում նրա տաղանդն ու փորձը օգնել են նորաստեղծ հայոց բանակին, Օգանեսովը զբաղվել է հայ օդաչուների վերապատրաստմամբ։
«Կարծում եմ նախագիծը սրանով չի ավարտվի, մենք պատրաստվում ենք այլ հերոս հայերի մասին էլ ֆիլմեր նկարել, եւ ինչու ոչ, եթե մեր վրացի գործընկերները ցանկություն հայտնեն, լինի փոխըմբռնում նաեւ ֆինանսական աջակցություն, կցանկանայինք ֆիլմ նկարել նաեւ մեկ այլ հերոս օդաչուի՝ Գարի Մերկվիլաձեի մասին»,-ասաց Փաշինյանը:
Ռուբեն Փաշինյանի ձեւակերպմամբ, նման հերոսական պատմությունները շատ են, դրանք այն մարդկանց մասին են, որոնց, ցավոք, քչերը գիտեն. «Ես՝ որպես ռեժիսոր, եւ նախագծի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մաշկարյանը կարծում ենք, որ պետք է այդ պատմությունները շարունակվեն, այլապես եթե կանգ առնենք, նրանց մասին այլեւս ոչ մեկը չի հիշի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի


















































