Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերը կլինի բազմամյա միջին արժեքից զգալի տաք և չոր․ 2022թ. դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը

Դեկտեմբեր 01,2022 23:13
arajnord

Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են`-6…- 11°C:

Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերմաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում, օրինակ 1984թ. հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում: Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 6-8 աստիճանով։ Պատմական նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերին հանրապետությունում դիտվել է 1948 թվականին Աշոցքում, օդի ջերմաստիճանը այստեղ գիշերային ժամերին հասել է -40°C։

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C, Երևանում` –28°C, այս ջերմաստիճանները գերազանցեցին պատմական նվազագույն արժեքները:

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թվականներին, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում հասել է +21…+22°C, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտում +24…+26°C:

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում՝ մինչև 20մմ:

Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վրկ, պոռթկումները` 25մ/վրկ:

Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Արարատյան դաշտի և Երևանի համար շատ ցուրտ և մառախլապատ էր նաև 2013թ. և 2016թ. դեկտեմբերները, որը պայմանավորված էր Արարատյան դաշտում սառը օդի լճացման հետ։ 2016թ. դեկտեմբերին առաջացած մառախուղը պահպանվեց մինչև 2017թ. մարտի առաջին տասնօրյակը։

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։

Եղանակի կանխատեսում 2022թ. դեկտեմբեր ամսվա համար

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս, ինչը նշանակում է, որ դեկտեմբերը կլինի բազմամյա միջին արժեքից զգալի տաք և չոր։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031