Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հակազդեցությունն իրեն սպասեցնել չտվեց, ակնկալվում է, որ ՌԴ-ն էլ կարձագանքի. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 02,2022 11:09
senat

Ֆրանսիայի Հանրապետության Սենատից հետո նախօրեին այդ երկրի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Սա, ըստ էության, ի դեմս Ֆրանսիայի, ԵՄ-ի պատասխանն է Ադրբեջանին՝ ԵՄ միջնորդական առաքելությունն արհամարհելու համար:

Եվրոպական այս կառույցը չէր կարող չպատասխանել նաեւ Բաքվի պահվածքին, երբ Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությամբ ավելացան սահմանային հրադադարի խախտման դեպքերը: Ադրբեջանն այստեղ իրեն բնորոշ խորամանկությամբ է գործում, այսպես ասած՝ «հավասարակշռությունը» պահպանելու համար կրակում է ինչպես ՀՀ սահմանին, այնպես էլ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով՝ փորձելով ցույց տալ, որ իր համար միեւնույն է՝ այդ հատվածներում ռուս խաղաղապահները կլինեն, թե ԵՄ դիտորդները:

Այս պահվածքին ԵՄ հակազդեցությունն իրեն սպասեցնել չտվեց, ակնկալվում է, որ ՌԴ-ն էլ իր մասով կարձագանքի: Այսօր Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն այնպիսի դրսեւորումներ ու աբսուրդային հիմնավորումներ ունեն, որ նույնսիկ ԵԱՀԿ միջնորդ պետությունները չեն կարողանում աչք փակել դրանց վրա, եթե անգամ վտանգ կա, որ խաթարվելու է իրենց առաքելությունը:

Ֆրանսիական օրենսդիր մարմնի բանաձեւը նախանշում է նաեւ կոնկրետ գործողություններ՝ պաշտոնական Բաքվի հետագա ագրեսիան զսպելու եւ նրան կառուցողականության դաշտ բերելու համար: Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձեւով առաջարկվում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների եւ օկուպացիայի շարունակման դեպքում, կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Բանաձեւով ֆրանսիացի օրենսդիրներն իրենց կառավարությանը կոչ են անում շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ 2020 թ. իր ընդունած 502 բանաձեւով նրա անկախությունը ճանաչելու միջոցով, եւ դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը:

 Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031