Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Որպես ժողովուրդ մեր պատիժը Նիկոլն է, նա մեր խաչն է». Արմեն Աշոտյան

Հունվար 11,2023 00:44

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Կուլտուրական» Նիկոլը նույն ստախոս Նիկոլն է։ Չխաբվե’ք։

Նիկոլն արեց ձևի մեջ ճիշտ, բովանդակությամբ՝ սուտ հայտարարություն՝ ասելով, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 6-րդ կետով ՀՀ-ն չունի Լաչինի միջանցքի գործունեության հետ կապված գործառույթ. այդ պատասխանատվությունը դրված է ՌԴ-ի և Ադրբեջանի վրա:

Նիկոլն ամենակեղտոտ մանիպուլյացիան արեց ՝ այդ 6-րդ կետն օդից չի ընկել, այն ստորագրել է Նիկոլ Փաշինյանը ՝ Հայաստանի անունից, հետևապես այդ ամբողջական հայտարարության բոլոր կետերը կյանքի կոչելու պահանջատիրությունը դրված է ՀՀ վրա:

Արցախի Հանրապետությունն այդ հայտարարությունը չի ստորագրել, չի փակել իր երկու ճանապարհները, բայց Լաչինի միջանցքի փակման պատճառով տուժում է:

Պետք է շարունակել պահանջել հայկական իշխանությունից մաքսիմալ ջանքեր գործադրել միջանցքի բացման ուղղությամբ:

Երբ Նիկոլի ԱԽՔ-ը հայտարարում է, թե երրորդ ճանապարհ են կառուցելու Արցախի համար, դա նույն՝ դեպի Աջափնյակ մետրոյի կայան կառուցելու ստերի շարքից է:

Լրագրողները հիշեցրին որ Կառավարության ծրագրով անգամ նշված է, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը:

Նիկոլը մեզ վրա խաղաղապահների գոյությունը որպես գերագույն շնորհ ու լավություն է վաճառում, մոռանալով, որ ինքն է Արցախը հասցրել այն կետին, որ մնան ռուս խաղաղապահների հույսին:

«Հայաստանի պետբյուջեից փող ենք տալիս Արցախին» ասելուց Նիկոլը մոռանում է մի կարևոր հանգամանք, Արցախին հատկացվող գումարի աճը հետևանք է նրան, որ Արցախը Նիկոլի պատճառով կորցրել է իր տարածքների 3/4-ը, տնտեսական ենթակառուցվածքների հսկայական պոտենցիալ, մարդիկ զրկվել են իրենց ապրուստի միջոցից:

Մի՛ փորձիր դա ներկայացնել որպես լավություն Արցախին ու մի՛ հրամցրու դա որպես Հայաստանի կողմից իր անվտանգային երաշխիքները կատարելու փորձ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անկախ Ադրբեջանի՝ խաղաղապահների մանդատը չստորագրելը, այն գործում է, որովհետև առկա է ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների ստորագրությունը:

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ շփումների մեջ է Ադրբեջանի ղեկավարության հետ՝ ունենալով հանդիպումներ:

Նա կարող էր չգնալ այդ հանդիպումներին, մինչ Ադրբեջանն այդ մանդատը չստորագրեր:

Վստահ եմ՝ Նիկոլը միտումնավոր առաջ չի քաշել այդ նախապայմանը, որովհետև նա ցանկանում էր խնդիր լինի. Լաչինի միջանցքի փակումը նրա աշխարհաքաղաքական տերերը ծառայեցնում են ՌԴ-ին այս տարածաշրջանից դուրս մղելուն:

Անգամ «կուլտուրական» Նիկոլն անբարո ստերի և ցինիկության կատարյալ մարմնավորում կարող է լինել:

Նիկոլն ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու ժամանակ ինձ բոլորը հայհոյում էին, իսկ հիմա հղում են անում այդ փաստաթղթին:

Ըստ Նիկոլի՝ այդ թուղթը «լավ» թուղթ է, դիվանագիտական ձեռքբերում. անբարոյականություն է, որ այս 4,5 տարիների ընթացքում մեզ հասցրել են մի վիճակի, որ մենք ստիպված ենք կախվել փրփուրներից:

Նիկոլն ասում է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ՝ սպառնալիք:

Ինչ է նա ասում՝ գայլերը ոչխարներին համոզում են, որ քանի դեռ շունը նրանց պաշտպանում է, գայլերը շարունակելու են հարձակվել և ոչխարները ցանկանում են շանը քշել:

Այս անհեթեթությունը, ցավոք, այլևս առակ չէ՝ իրականություն է:

Նիկոլն Արևմուտքի սիրած տղեն էր, «բալան» էր, նրան շոյում էին, գովում էին, ինչպես է ստացվում, որ նրա նմանը Արևմուտքում, իրեն սիրող շրջանակներում չի կարողանում Ադրբեջանի անհեթեթությունների դեմն առնել, որ իբրև թե ՌԴ-ն ՀՀ-ի հետ միասին ընդդեմ Ադրբեջանի գործողություններ է պլանավորում:

ՀԱՊԿ-ը լավագույն ռազմաքաղաքական դաշինքը չի մեր հանդեպ, բայց այսօրվա դրությամբ, որովհետև նույն այդ ՀԱՊԿ-ը 2016-ին ընդունեց հայամետ հայտարարություն:

Տարբերությունն այն է, որ ՀՀ-ն այժմ ներկայացված է Նիկոլ Փաշինյանով:

Միութենական պետությունների մասով ԱԽՔ ակնհայտ ստի, էժանագին քարոզչական դիվերսիայի մասին Նիկոլ Փաշինյանի «կռուտիտն» այն էր, որ փորձագիտական շրջանակների մասով նարատիվ էր առաջ տանում:

Նիկո՛լ, դու պատկերացնու՞մ ես, եթե Կրեմլում Հայաստանի և քո վարած քաղաքականության մասին եզրահանգում անեն Հ1-ին հյուրընկալվող փորձագետների դեմքերի և խոսույթի հիման վրա:

Ապրիլյան պատերազմը հավասարեցնել 44-օրյա պատերազմի հետ՝ բարոյազուրկ հայտարարություն է, տղամարդուն պատիվ չբերող:

Ապրիլյան պատերազմ 2016

400 հեկտար կորուստ

75 զոհ

տևեց 4 օր

Ադրբեջանը խնդրեց զինադադար

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում դիվանագիտական հաղթանակներ

Արցախյան երկրորդ պատերազմ 2020

950 000 հեկտար կորուստ

5000 զոհ

Տևեց 45 օր

Դու, Նիկո՛լ, մուրացիր դադար

Խայտառակ պարտվողական պայմանագիր:

Նիկոլն ասում էր՝ մենք գիտեինք, թե մեր բանակն ուժեղ է:

Այո, բանակն ուժեղ էր, բանակը 2016-ին ապացուցեց, որ ուժեղ էր:

2018-ից սկսեցիր փոփոխություններ անել ոչ թե լավ զինվորականներ լինեն սկզբունքով, այլ ՝ լինեն քեզ հաճոյացող:

Նիկո՛լ, դու քանդեցիր բանակը, հանրության աչքերում վարկաբեկեցիր, խաղալիք ինքնաթիռներ, ներկած ականներ ձեռք բերեցիր:

2015-ին Հայաստանն ուներ սեփական «Իսկանդեր», գերհզոր զենք ՝ լոկալ կոնֆլիկտի լուծման համար:

Նիկոլն ասում է ՝ ռեֆորմներ չեն իրականացվել բանակում, մինչդեռ պատգամավորական տարիներին ինքն էր այդ մասին բարձրաձայնում:

Եթե բանակն այդքան վատն էր՝ ելակո՞վ էիր լավացնում, տավուշյան դեպքերից հետո գովում էիր այդ նույն բանակը, դա դու՞ չէիր:

2020-ի պատերազմից հետո արդյո՞ք բանակաշինության համար բավարար փող է հատկացվել. համեմատե՛ք կարմիր բերետավորների «շիկ» վիճակն ու սահմանի ցելոֆանները:

Նիկո՛լ, դու ընդդիմադիր պատգամավորական ժամանակներում վարկաբեկում էիր բանակը, մինչդեռ մենք այսօր բանակին չենք կպնում, բանակում եղած խնդիրները չենք բարձրաձայնում, որովհետև բանակը մեր զավակն է:

Նիկոլն ասում է, ինքը պատասխանատու է, բայց պատասխան չի ուզում տալ՝ օրենքի, Աստծո և ժողովրդի առաջ:

Մի կողմից Նիկոլը ՌԴ հասցեին օբսիդիան է նետում, մյուս կողմից դա վերցնում, լիզում ու դնում է կողքը, երբ ասում է երբեք հայ-ռուսական հարաբերությունները նմանատիպ փոխվստահության մակարդակ չեն ունեցել. դա անում է նույն ասուլիսի ժամանակ:

Պարզ է, որ Москва слезам не верит, այս դեպքում՝ Москва Никола не верит, Նիկոլին օգտագործել են և օգտագործելու են, բայց ոչ ավելին:

Նիկո՛լ, երբ ասում ես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Հայաստանը պարտավորություն չունի, դիցուք դու ճիշտ ես, ուրեմն քո արտաքին գործերի նախարարը հանդիպմանը ինչո՞ւ չի գնում Մոսկվա և ասում դա:

Նիկոլն ասում է ՝ կարելի էր խուսափել պատերազմից:

44-օրյա պատերազմն այդպիսի տևողությամբ ու այդքան արյունալի եղավ Ալիևի հետ սիրախաղեր տվող, բանակցությունները տապալող Նիկոլի պատճառով:

Լիլիթ Մակունցն ասում էր՝ Թուրքիան չի մտնելու Կովկաս, մոռացե՞լ ես դա:

Ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը մեզ համար գերագույն արժեք է կոչում մի մարդ, ում օրոք ինքնիշխանությունն ու անկախությունը պատմական մինիմումի վրա են, իսկ պետականություն չունենք:

Ինչպես կասեր ռուս խաղաղապահը՝ слышал звон, да не знает, где он, մարդն ով ինստիտուտները քանդելու սատանեական շնորհով է աչքի ընկել, խոսում է պետական ինստիտուտների կառուցման, կայացման և զարգացման մասին:

Նիկոլն ասում էր չկար գեթ մեկ երկիր, որ ճանաչեր Արցախն Ադրբեջանից դուրս, որ չճանաչեր Ադրբեջանի մաս:

Նիկոլն անբարո ստում է, եթե

1.պետությունները ճանաչեին Արցախը Ադրբեջանից դուրս, Արցախի խնդիրը կհամարվեր լուծված,

2.միջազգային հանրությունը ճանաչեին Արցախը Ադրբեջանի մաս, ապա կարգավորման սկզբունքների մեջ, առնվազն մեր իշխանության օրոք չէին ամրագրի, չէին երաշխավորի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարգավորման անբաժանելի սկզբունքներից մեկն է:

3.Արցախի ճակատագիրը դիտարկվեր Ադրբեջանի կազմում, Նիկոլի ընկեր Ալիևը չէր բողոքի, թե միջազգային հանրությունը շատ երկերեսանի է:

Քանի մենք եղել ենք իշխանության, ընդունված փաստաթղթերում մշտապես Արցախի հարցը տարանջատվել է հետխորհրդային տարածքների կոնֆլիկտներից:

1993-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 4 բանաձև, որոնց նպատակը Արցախում ռազմական գործողությունները կանգնեցնելն էր, ոչ թե ՝ Արցախի կարգավիճակի որոշումը, ինչպես ներկայացնում էր Նիկոլը:

92 թվականին արդեն ստեղծվել էր Մինսկի խումբը, որը 94-95-ին ստացավ մանդատ՝ կարգավիճակը քննարկելու:

Այսինքն, եթե ՄԱԿ ԱԽ-ն որոշում էր Արցախի կարգավիճակը, ուրեմն Մինսկի խումբն ի՞նչ նպատակով էր ստեղծվել:

Նիկոլը 2020-ի հունվարին՝ Կապանում, հերթական շոուի ժամանակ արձանագրում էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որտեղ շատ հստակ գրված էր՝

1.Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում հանրաքվեի միջոցով,

2.5 շրջանների հանձնումն Ադրբեջանին, որի դիմաց Արցախը կստանար միջազգայնորեն երաշխավորված միջանկյալ կարգավիճակ,

3.Քելբաջարն ու Լաչինը մնալու էին հայկական:

Հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական ամբողջ սահմաններով միակ կայուն վայրը, որտեղ կրակոցները քիչ են, Տավուշն է, որովհետև այդտեղ մնացել են նախկինների թողած ինժեներական կառույցները, դիրքերը. դեռ ոչինչ չի հասցրել զիջել:

Դա՞ եք ուզում տալ, ինչի՞ դիմաց:

Ադրբեջանն ուզում է «անկլավները»:

Տավուշի սահմանամերձի հարգելի՛ բնակիչներ, գուցե այդ վարելահողերը շատ կարևոր են ձեզ համար, բայց Նիկոլի «կուտը» չուտեք, որովհետև դրա դիմաց զիջելու եք ռազմավարական բարձունքներ, կոմունիկացիաներ, ձեր գյուղ չեք կարողանալու մտնել, վարելահողերին չեք կարողանալու մոտենալ ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո:

Ադրբեջանից բռնագաղթած հայության մի մասն արդեն վաղուց Հայաստանում չի՝ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում է, եթե մարդահամար եք ուզում անել, դիմե՞լ եք ՌԴ կամ ԱՄՆ իշխանություններին, չե՛ք դիմել:

Նիկոլն ասում է Սերժ Սարգսյանը 2017-ի հուլիսին խոստովանել է, որ Ալիևը Ադրբեջանը Ղարաբաղի մաս է դիտարկում:

Ալիևը միշտ է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս, ինչ կապ ունի նա ինչպես է դիտարկում, կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես էին դիտարկում միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԽ համանախագահների:

2017-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը Ալիևի հետ հանդիպեց Ժնևում և վերահաստատել տվեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պարտավորություն:

ԵՄ հարաբերություններում Նիկոլը կրկին ստում ու կեղծում է:

Մայր փաստաթուղթը՝ ՍԵՊԱ-ն նորմալ կյանքի՞ է կոչվում, ոչ:

2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:

ԵՄ դեսպանատունը խնամքով թաքցնում է ՀՀ կառավարության, պետական գերատեսչությունների կիսագրագիտությունն ու անգործությունը:

ԵՄ դիտորդական առաքելության մոնիտորինգի բուն արդյունքների մասին կարող ենք միայն փաստել, որ հայ հասարակությանը դրանք հասանելի չեն, քանզի ի պատասխան ադրբեջանական կրկնվող կրակոցներին, մենք այդպես էլ չտեսանք ԵՄ գեթ մեկ պաշտոնական արձագանք, որը հղում կաներ առաքելության զեկույցների վրա։

Հատկանշական էր, որ առաքելության մանդատի չերկարաձգումը Ադրբեջանի պատճառով էր:

Նիկո՛լ, ինչու չես կարողացել այդ հարցը լուծել, որ առաքելության այցը երկարաձգվի:

Նիկոլն ասում է ՝ տեսեք աշխարհում ինչ է կատարվում, 2020-ի պատերազմը այս աշխարհաքաղաքական վերադասավորման մի մասն էր:

Իրականում, 2018-ի Հայաստանում իշխանազավթումն էր միջազգային աշխարհակարգի փոփոխությունների, հայ ժողովրդի գլխին եկող աղետի առաջին ծիծեռնակը, առաջին սև ագռավը:

Ամենավատն այն է, որ մինչ այսօր դու ես ղեկավարում մեզ:

Որպես ժողովուրդ մեր պատիժը Նիկոլն է, նա մեր խաչն է:

Մենք ունենք մեր տարբերակները, թե որն է լինելու Նիկոլի պատիժը, բայց նա իմ ու ձեր պատիժն է, թե որ մեղքերի համար, գուցե եղածը չգնահատելու, Աստծուց հեռանալու, իրար չհարգելու պատճառով:

Հարցադրումներ կան, որ գուցե պատասխանների ազնվությունից է կախված այն փաստը, թե մենք երբ և ինչպես կկարողանանք ազատվել Նիկոլից և ոտքի կանգնել որպես ժողովուրդ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031