Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա. Նա փորձելու է հասարակության վրա միանձնյա ազդեցություն ունենալ իր եւ Ադրբեջանի քարոզչական թեզերը տարածելու հարցում. «Հրապարակ»

Հունիս 20,2026 10:30 Share

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի դիլիջանյան հանդիպմանը, ասել է․ «Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ եւ կառավարում ենք այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ… Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՝ ոչ։ Մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ»։ Ըստ էության, ակնարկել է, որ այս հանդիպումներով պատերազմի ռիսկն են նվազեցնում: Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը եւ Հիքմեթ Հաջիեւը հանդիպել էին հունիսի 14-ին, անգամ զբոսնել Դիլիջանում։ Հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ ասված էր, որ քննարկվել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, եւ ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարեւորությունը։ «Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

– Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ակնարկում է, որ իրենք կանխում են պատերազմի վտանգը, ռիսկերը, այս անգամ՝ Հաջիեւ-Գրիգորյան հանդիպմամբ։ Բայց նույն Փաշինյանը նաեւ պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության դարաշրջան է Հայաստանը մտել, որ Արցախը հանձնելով, այն ուրանալով, անգամ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելով, ինքը վերջապես խաղաղություն է հաստատել տարածաշրջանում, սակայն ստացվում է, որ պատերազմի ռիսկերը դեռ կան, եւ դրանք չեզոքացնելու անհրաժեշտությունն էլ կա: Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանը չի բավարարվել Արցախը գրավելով եւ հիմա հավակնություններ ունի նաեւ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։

– Նախ պետք է մի շատ կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցելեց ընտրություններից անմիջապես հետո։ Խոսքն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի այցի մասին է։ Սա առաջին կարեւոր բանն է, որի վրա պետք է հանրությունն ուշադրություն դարձնի։ Հաջիեւը Հայաստան էր եկել իրավիճակն ու իրադրությունը ճշտելու։ Ադրբեջանական պաշտոնական խոսույթից, ԶԼՄ-ների հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը դժգոհ է Հայաստանի ընտրությունների արդյունքներից։

– Ինչո՞ւ է դժգոհ։

– Նիկոլ Փաշինյանն իրենց խոստացել էր, որ կունենա սահմանադրական մեծամասնություն, սակայն նրա հաշվարկները ճիշտ դուրս չեկան, արդյունքում սահմանադրական հանրաքվե իրականացնելու հարցը բարդանում է, Նիկոլ Փաշինյանը 50+1 ձայն այդպես էլ չկարողացավ ստանալ, արդյունքում՝ Ալիեւին տված նրա խոստումներն այս պահին իրականանալի չեն։ Նիկոլ Փաշինյանին ուղղված այժմ բազմաթիվ հարցեր կան Ադրբեջանի կողմից․ եթե նա չի կարողացել այսքան կեղծիքների ու վարչական ռեսուրսների կիրառմամբ հասնել տեսանելի արդյունքների, ապա բարդանում են հետագա քայլերը։ Որպեսզի հետագա քայլերը չբարդանան, նա փորձելու է գլխատել ընդդիմության ակտիվ զանգվածին եւ առաջնորդներին։ Նա հանրային ազդեցություն ունեցող բոլոր ուժերին իզոլացնելու է, տարբեր խափանման միջոցներով մեկին կալանքի տանելով, մյուսին տնային կալանք տալով, այն մյուսին զրկելով հանրային ակտիվության իրավունքից, եւ այսպես շարունակ։ Նա փորձելու է հասարակության վրա միանձնյա ազդեցություն ունենալ իր եւ Ադրբեջանի քարոզչական թեզերը տարածելու հարցում, այն է՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, պատերազմ տեղի կունենա։ Հիմա մենք հենց այդ փուլում ենք։

– Այսինքն՝ հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ խաղաղության օրակարգը որքան էլ շատերի համար ցանկալի, ամբողջապես կեղծ օրակարգ է։

– Այդ օրակարգը բացարձակ կեղծ էր առաջին իսկ րոպեից։ Ոչ մի գրագետ մարդ չի կարող հավատալ խաղաղության պատրանքին, անգամ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից շատերը դրան չեն հավատում։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930