Հարցազրույց էրգոթերապիստ, ՀՊՄՀ դասախոս, «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության գործառնական մասով տնօրեն Տաթև Ղազարյանի հետ։
-Տաթև՛, Դուք մասնագիտությամբ էրգոթերապիստ եք, «Էրգոթերապիա» առարկան եք դասավանդում նաև Երևանի Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում։ Ձեր մասնագիտությունը, ցավոք, լայն տարածում չունի մեր երկրում, սակայն էրգոթերապիստների կարիքը մեծ է։ Կպատմե՞ք, թե ինչու՞ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը։
-Մասնագիտության ընտրությունն իրականում պլանավորված չի եղել. ցանկանում էի ընդունվել ԵՊՀ Հոգեբանության բաժին, սակայն միավորներս չբավարարեցին և հայտնվեցի ՀՊՄՀ-ում: Իսկ, թե ինչպես առհասարակ իմ դիմումի մեջ հայտնվեց «էրգոթերապիա» բառը, ասեմ, որ մորս շնորհիվ, որը պարզապես իր ընկերուհուց լսել էր նման մասնագիտության մասին: Ես նույնիսկ տեղյակ էլ չէի, թե ինչ է դա, ուղղակի մայրս խնդրեց, որ նշեմ այդ մասնագիտությունը երկրորդ հայտի մեջ, բայց ես այնքան վստահ էի, որ պիտի ընդունվեմ իմ ուզած բաժինը, որ կարծում էի՝ նշեմ էլ, ոչինչ չի փոխվի: Հիմա շնորհակալ եմ մայրիկիս, որ այդ րոպեին ինձ ստիպեց նշել այդ մասնագիտությունը, որովհետև վերջինս իմ ճակատագիրը դարձավ, դա այսօր այն ամենահաճելի գործն է, որ անում եմ: Անկեղծ ասած՝ այդքան էլ համաձայն չեմ այն մտքին, որ էրգոթերապիան լայն տարածում չունի ՀՀ-ում: Դեռ 2004 թվականից նկատելի էին այս ոլորտում տեղի ունեցող էական շարժերը: Այսօր էրգոթերապիան վերականգնողական ոլորտում ինձ համար առաջին տեղում է: Ցավոք, քիչ են էրգոթերապիստները. ՀՊՄՀ-ում այս մասնագիտությամբ տարեկան միջինում 10-12 ուսանող է ավարտում, այնինչ չգիտեմ ՀՀ-ում մի վերականգնողական կենտրոն, որ էրգոթերապիստի կարիք չունենա: Տարիների ընթացքում մենք՝ էրգոթերապիստներս, կարողացանք ցույց տալ էրգոթերապիայի արժեքը և կարևորությունը վերականգնողական ոլորտում:
Կարդացեք նաև
-Ձեր մասնագիտական գործունեության մեջ էական տեղ է զբաղեցնում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ-ն, որտեղ որպես գործառնական մասով տնօրեն եք աշխատում արդեն տևական ժամանակ։ «Լիարժեք կյանք»-ը գոյություն ունի մոտ երեք տասնամյակ։ Իր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել է մի շարք ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց և ներառական հասարակության կայացման։ Այժմ իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Leading Equality and Access for Disabilities» ծրագիրը։ Ո՞րն է այս ծրագրի նպատակը, ի՞նչ էական քայլեր են ձեռնարկվել այս ծրագրի շրջանակում։
-Այո՛, ես միշտ ասել եմ և հիմա էլ հպարտությամբ կրկնում եմ, որ «Լիարժեք կյանք» ՀԿ-ն այն վայրն է, չեմ վախենա ասել, որ այն օջախն է, որտեղ իմ առաջին քայլերն եմ կատարել, որտեղ կայացել, ինքնակրթվել եմ և այսօր մեծ հպարտությամբ ներկայանում եմ որպես «Լիարժեք կյանք» ՀԿ ներկայացուցիչ, բայց միշտ չէ որ գործառնական մասով տնօրեն եմ եղել (ժպտում է-խմբ․)․ դեռևս 2016 թվականից եմ սկսել իմ քայլերն այստեղ, երբ նաև «Անկախ կյանք»-ի կենտրոնում որպես էրգոթերապիստ էի աշխատում։ Սկզբում «Լիարժեք կյանք» ՀԿ-ում ծրագրեր էի համակարգում, այժմ արդեն համակարգում եմ մեր երեք կենտրոնները։ Այս տասը տարիների ընթացքում մենք ունեցել ենք շրջափուլեր, երբ առհասարակ ծրագիր չենք ունեցել և ունեցել ենք տասնյակ ծրագրեր, որոնք արդյունավետ կերպով կարողացել ենք իրականացնել։ Այժմ «Լիարժեք կյանք» ՀԿ-ն իրականացնում է «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը գործընկեր կազմակերպությունների հետ («Ագաթ» ՀԿ, «ՍՈՐՍ» հիմնադրամ, «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ), որն արդեն իր ավարտին է մոտենում։ Կարծում եմ՝ այս ծրագիրը «Լիարժեք կյանք» ՀԿ այն լավագույն ծրագրերից է, որը մենք իրականացնում ենք բարձր մակարդակով։ Ծրագրի շրջանակում պատասխանատու ենք եղել մի շարք գործողությունների համար․ դրանցից ծանրակշիռն էին անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի մասին անցկացված իրազեկման միջոցառումները ՀՀ հինգ մարզերում, անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնող բժիշկների և հարբժիշկների վերապատրաստումները։ Հենց այս ծրագրի շրջանակում է, որ ձեռնարկեցինք միջազգային չորս թեստերի վալիդացման աշխատանքները, որոնք Հայաստանի համար մեծ ձեռքբերում են․ մինչ այժմ վերականգնողական ոլորտում մասնագետները օգտագործում էին գնահատման գործիքներ, որոնք պարզապես անհատական ընտրության արդյունք էին։ Իսկ հիմա ունենք վալիդացման փուլում գտնվող թեստեր։ Սա աննախադեպ քայլ է մեր երկրի վերականգնողական ոլորտում։
-Վերջերս հանրության շրջանում բուռն արձագանք է գտել անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որ վավերացված է «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքով։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են գնահատման այս նոր համակարգի առավելություններն ու թերությունները։
-2023 թ․ ՀՀ-ն պաշտոնապես անցում կատարեց անձի ֆունկցիոլանության գնահատման համակարգին, որը, ըստ իս, վերջին տարիների լավագույն բարեփոխումն էր հաշմանդամության ոլորտում։ Այս գնահատման համակարգի առավելությունների և թերությունների մասին, անշուշտ, կարելի է ժամերով խոսել, բայց վերջինիս ամենակարևոր առավելությունն այն է, որ ի տարբերության գնահատման նախորդ համակարգի, ըստ որի շեշտը դրվում էր անձի հիվանդության, առողջական խնդրի վրա, այս դեպքում փորձ է արվում հասկանալու, թե տվյալ առողջական խնդիրը ինչպես է ազդում անձի առօրյա կյանքի կազմակերպման ՝ ուտելու, ինքնասպասարկման, կենցաղի, համայնքային գործունեության, կրթական գործունեության վրա։ Այսուհետ գնահատումը չի իրականացվում բացառապես բժիշկներից բաղկացած հանձնաժողովի կողմից․ հանձնաժողովի կազմում կան նաև հարբժիշկներ՝ էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ, կինեզիստ, հատուկ մանկավարժ և այլ մասնագետներ, ինչը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է առողջական խնդիրը ազդում անձի հենց ֆունկցիոնալ կարողությունների վրա։ Ինչ վերաբերում է թերություններին, ապա կնշեմ, որ համակարգը թերևս ոչ լիարժեք է գործարկվում մասնագետների պակասի պատճառով, ինչը սուր է արտահայտված մարզերում։ Կա նաև փորձի խնդիր․ համակարգը նոր է, անսովոր, պետք է 30-40 րոպեի ընթացքում կարողանալ ճշգրիտ գնահատել մարդու ֆունկցիոնալությունը և պետք է ծառայություններ ցուցել, ինչը էական է անձի կյանքի որակի բարելավման գործում։ Ուստի, դա բավականին պատասխանատու գործընթաց է և կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, կարողանում ենք արդարացնել մարդկանց սպասելիքները։
-Երևանում հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկվող ծառայությունները, հնարավորությունները ավելի շատ են՝ ի համեմատ մարզերի։ «Լիարժեք կյանք» ՀԿ-ն մասնաճյուղ ունի Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում։ Ի՞նչ ծառայություններ են մատուցվում այնտեղ, ի՞նչ առաջընթաց է հասցրել գրանցել «Լիարժեք կյանք»-ը Ստեփանավանում։
-Ցավոք, ծառայությունների մեծ մասը կենտրոնացված է հենց մայրաքաղաք Երևանում, համաձայն եմ Ձեզ հետ։ «Լիարժեք կյանք» ՀԿ հիմնադրման վայրը եղել է Ստեփանավան քաղաքը, կենտրոն ունենք նաև Տաշիր քաղաքում։ Գորիսում և Սևանում ունեցել ենք կենտրոններ, որտեղ իրականացրել ենք տարբեր ծրագրեր։ Այժմ այդ կենտրոնները չեն գործում՝ պայմանավորված մի շարք գործոններով: Իսկ Երևանի, Տաշիրի և Ստեփանավանի կենտրոնները աշխատում են։ Ստեփանավանի կենտրոնում բավականին մեծ տարածք ունենք ծառայություններ մատուցելու համար։ Կենտրոնը վերանորոգման փուլում է։ Նպատակ ունենք Ստեփանավանի կենտրոնի երկրորդ հարկը դարձնելու անկախ կյանքի կենտրոն՝ մի վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան սովորել առօրյա կյանքի մի շարք հմտություններ՝ ինքնուրույն սնունդ պատրաստել, ինքնուրույն հագնվել։ Ստեփանավանում այս պահին երկու ծրագիր ենք իրականացնում պետական ֆինանսավորմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ։ Այնտեղ շուրջ 150 շահառու ունենք։ Ունենք լոգոպեդի, հոգեբանի, սոց․ մանկավարժի, արտ թերապիստի ծառայություններ, մի շարք խմբակներ, օրինակ՝ արդյունավետ հաղորդակցման, նկարչաթերապիայի, խեցեգործության, խոհարարական հմտությունների խմբակ, որը, ի դեպ, երեխաների ամենասիրելի խմբակն է։ Չեմ կարող չնշել նաև «Լիարժեք կյանք» ՀԿ ամենամյա ճամբարի մասին, որն իրականացվում է Ստեփանավանում՝ բնության գողտրիկ մի վայրում։ Ամեն տարի շուրջ 50-60 շահառուներ իրենց յոթնօրյա հանգիստն են անցկացնում ճամբարում․ իհարկե, խոսքը պասիվ հանգստի մասին չէ․ իրականացվում են տարբեր միջոցառումներ, գործում են տարբեր խմբակներ։ Տաշիրում այս պահին իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություն, դարձյալ պետական պատվիրակմամբ։ Շուրջ 20 շահառուներ ամենօրյա կտրվածքով տարբեր ծառայություններ են ստանում։
– Տաթև՛, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի «Լիարժեք կյանք» ՀԿ-ն։
Գաղափարները շատ են։ Մենք ակտիվ համագործակցում ենք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով իրականացնել տարաբնույթ ծրագրեր։ Կան առաջնային և եզրափակիչ փուլում գտնվող ծրագրեր։ Այս բոլոր ծրագրերը, իհարկե, ուղղված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը։ Մեծ հույս ունենք, որ հաջորդ տարի կկարողանանք վերաբացել նաև «Լիարժեք կյանք» ՀԿ երևանյան կենտրոնը, որտեղ ամսական շուրջ 30-35 շահառու ծառայություններ էր ստանում։
Ես և «Լիարժեք կյանք» ՀԿ ողջ անձնակազմը մեծ սիրով և ոգևորությամբ է աշխատում։ Փորձում ենք անել առավելագույնը ներառական հասարակության կայացման համար։ Լիահույս ենք, որ լավ նորությունները չեն ուշանա։
Զրուցեց Ն․ ԶԱՔԱՐՅԱՆԸ




















































