Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել բացառիկ աշխատություն՝ Հայր Զաքարիայի «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները»

Հունվար 21,2023 20:20

Մաշտոցյան Մատենադարանում կայացավ Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս տեսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատությունը: Գրքում ներկայացված են Դ. դարի ճգնակյաց աստվածաբան եւ խորհրդապաշտ Սուրբ Եւագր Պոնտացու «Յաղագս Ը. խորհրդոցն» եւ «Հարիւրաւորք վեցերորդք» երկերի ԺԴ․ դարի րաբունապետ Կիրակոս Երզնկացու լուծմունքների բնագրերը՝ ուշագրավ ուսումնասիրությամբ։ Վերջինս հայ մատենագրության մեջ պահպանված Սուրբ Եւագրի աշխատության միակ մեկնությունն է, ինչպես նաեւ եզակիներից` ընդհանուր քրիստոնեական համաբնույթ գրականության մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իր աշխատության առանձնահատկությունից՝ Հայր Սուրբը նշեց. «Եւագր Պոնտացին 4-րդ դարի նշանավոր ճգնակյաց հայրերից է, որի երկերը, հատկապես Խորհրդապաշտ մտածողությունը մեծ ազդեցություն են թողել թե արեւելքում, թե արեւմուտքում վանականության շարժման վրա: Իր երկերը երկու անգամ են թարգմանվել հայերեն, առաջինը՝ հինգերորդ դարում Ոսկեդարյան թարգմանություններն են հունարենից, երկրորդը՝ Կիլիկյան շրջանում արդեն ասորերենից: Հետաքրքրական է, որ երբ 553թ Եւագրին դատապարտում է եկեղեցին ոչ ուղղափառ հայացքների համար, իր երկերի մեծ մասը վերախմբագրվում է, ոչնչացվում, շրջանառության մեջ է դրվում այլ հեղինակների անուններով: Եվ հիմա, փաստորեն ասորական եւ հայկական ավանդությունն է, որ պահել է հեղինակային պատկանելությունը: Ու որոշ երկեր հասել են միայն հայերեն»:

Հայր Զաքարիայի խոսքով. «Կիրակոս Երզնկացին եզակի հեղինակ է, որը մեկնել է Եւագրի ութ խորհուրդների մասին երկը՝ «Յաղագս Ը. Խորհրդոցն» եւ «Հարիւրաւորք վեցերորդքը»: Հենց վերջին երկում են գտել ոչ ուղղափառ հայացքները, ինչի համար իրեն դատապարտել են: Փաստորեն, Կիրակոս Երզնկացին մեր ամբողջ մատենագրության մեջ միակ հեղինակն է, որ մեկնություն է գրել այս երկին: Ամենայն հավանականությամբ 79 տարեկան էր Կիրակոս Երզնկացին: 1354թ է գրել այս լուծմունքը, որը գրելու համար ոչ միայն տեսական գիտելիքներ էին պետք, այլեւ աղոթական մթնոլորտ, խորը ճգնակեցական փորձառություն, գիտամանկավարժական գործունեություն: Նա 1340-ական թվականներին գրել էր ութ խորհուրդների մասին մեկնությունը՝ Հովհաննես Րաբունապետի խնդրանքով, եւ երբ 1354թ իրեն խնդրում են գրել, ասում է՝ շատ ծեր եմ, մտքով էլ լուսավոր չեմ, բայց Հովհաննես Րաբունապետին միանում են նաեւ իր հորեղբոր որդին եւ մյուս եղբայրները: Դրանից հետո Կիրակոս Երզնկացին ասում է, որ Աստծո օգնականությամբ դա կկարողանա ձեռնարկել…
Պետք է հաշվի առնել, որ Երզնկայի դպրոցում Եւագրի երկերը դասավանդվում էին իբրեւ դասագիրք: Ամեն ինչ նա արել է այդ տեսանկյունից՝ իբրեւ մանկավարժ, ինքն էլ նաեւ հետաքրքիր հեղինակ է, եւ երբ որեւէ բան է հանձնարարել իր աշակերտներին արտագրելու եւ գրելու, ընտրել է հատուկ…Գրիգոր Տաթեւացին՝ մեր յոթնալույս վարդապետը, գործածել է իր երկերը, բայց երբեք չի նշել իր անունը, այսինքն Կիրակոսն այս առումով էլ է շատ կարեւոր: Իր ամեն ինչը ուղղված է եղել դեպի դպրոցը, դեպի մանկավարժությունը, իր աշակերտները:

Ի դեմս Կիրակոսի մենք տեսնում ենք աստվածաբանի, խոստովանահոր, գործնական մի մատենագրի, որը եզակի է: 11 տարիների ընթացքում ես տասից ավելի նոր բնագրեր եմ հրատարակել Կիրակոս Երզնկացուց, եւ հույս ունեմ տարվա վերջում ամբողջական մատենագրությունը տպագրել: Եվ այդպիսով, մեր աչքի առաջ կհառնի մի մատենագիր, որը մոռացությունից փրկված կլինի: Նա այն եզակիներից է, որ իր երկերում պահել է մեր մաքուր ավանդությունը: Սա նախատաթեւացիական աստվածաբանական մեր մտածողությունն է… »:

Նշենք, որ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատության մեջ տպագիր եւ ձեռագիր սկզբնաղբյուրների, ուսումնասիրությունների եւ հեղինակի կատարած հետազոտությունների հիման վրա առաջին անգամ տրվում է Կիրակոս Երզնկացու կյանքի, գործունեության եւ մատենագրական վաստակի ամբողջական պատկերը, անդրադարձ կատարվում Սուրբ Եւագրի կյանքին, երկերի հայերեն թարգմանությունների հանգամանքներին, ութ խորհուրդների արևելյան և արևմտյան տեսություններին, հայկական ավանդության մեջ դրանց ընկալմանը, լուծմունքների գրության շարժառիթներին՝ առանձնաբար վերլուծելով Կիրակոս րաբունապետի աստվածաբանական, մարդաբանական, բարոյախրատական և խորհրդապաշտական հայացքները։
Գրքի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Գէորգ Տէր-Վարդանեանը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ ծանր օրերին գրքի շնորհանդեսը շատ խորհրդանշական է, այդպիսով մեր հսկա պարտքն են վերադարձնում մեր նախնիներին. «Մեր հայրերի, նախնիների ստեղծած ժառանգությունը երբեմն այնքան մեծ է,որ ինքներս մեզ հաճախ հարց ենք տալիս՝ արդյոք արժանի՞ ենք այդ ժառանգությանը: Իսկ արժանի լինելու առաջին քայլերից մեկը նախ եւ առաջ այդ ժառանգությունը, մեր հոգեւոր գանձերը, որ պահվում են Մատենադարանում, այդ գանձարանի վերծանությունն ու հրատարակությունն է, գրական շրջանառության մեջ դնել: Այս գիրքը՝ Կիրակոս Երզնկացու Ժառանգության եւ Եւագր Պոնտացու ժառանգության մեկնության հետ, Հայր Զաքարիաի տասը տարվա աշխատանքից հետո, կարեւոր քայլ է»: Մատենադարանի տնօրենը ներկայացրեց Հայր Զաքարիայի անցած ճանապարհը, նշեց, որ որը նա Մայր Աթոռի միաբան է, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը, դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո սովորել է Սեւանի Վազգենյան հոգևոր դպրանոցում եւ Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2000 թ․ ձեռնադրվել է սարկավագ, 2011-ին՝ կուսակրոն քահանա, 2013 թ․ ստացել է մասնավոր վարդապետության, իսկ 2017-ին՝ ծայրագույն վարդապետության աստիճան; Ծառայել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում, որպես գնդերեց՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, եղել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի վարչական տնօրենը, Մայր Աթոռի Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատուն, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ժողովական գրասենյակների տնօրենը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի եւ Արևադաշտի «Էօրնեկեան» մանկապարտեզի տեսուչը: Հայր Զաքարիան Գեւորգյան հոգևոր ճեմարանում դասավանդել է«Քրիստոնեական» և «Հայ Եկեղեցու հայրեր» առարկաները: Նա Մայր Աթոռի Միջեկեղեցական-Աստվածաբանական խորհրդի, «Էջմիածին» պաշտոնական ամսագրի եւ Մաշտոցյան Մատենադարանի «Մատենագիրք հայոց» մատենաշարի խմբագրական խորհուրդների անդամ է:
Նրա գիտական հետաքրքրության շրջանակում են եկեղեցական մատենագրությունը, հայրաբանական գրականությունը, Եկեղեցու դավանանքն ու Սրբազան Ծեսը։ Հեղինակ է 11 գրքերի, 46 աստվածաբանական, հայագիտական եւ հրապարակախոսական հոդվածների, համահեղինակ՝ մեկ ուսումնական ձեռնարկի, ինչպես նաեւ հեռուստատեսային հաղորդաշարերի:

Վահան Տեր-Ղեւոնդյանը Հայր սուրբի մարդկային կերպարին, որակներին էլ անդրադարձավ: Ընդգծեց, որ նա միշտ ցույցերի, փողոցային ընդվզումների եւ շարժումների ժամանակ եղել է այն հոգեւորականների թվում, որոնք կանգնած են եղել ժողովրդի եւ ոստիկանության միջեւ՝ հնարավոր բախումներ, ընդհարումներ թույլ չտալու համար:
Հայր Զաքարիայի «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատությունը մանրակրկիտ ներկայացրեց Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը՝ ընդգծելով հատորի կարեւոր նշանակությունը: Նա ասաց, որ ցանկացած գրքի ծնունդ հայագիտության ոլորտում, առավել եւս նորահայտ անտիպ բնագրի, իսկապես տոն է, որ ոչ միայն ընդլայնում, ծավալում է հայ մատենագրության տարածությունը, այլեւ հաճախ ստեղծում է բոլորովին նոր հոգեւոր քարտեզագրություն:

Աշխատությանն ու հեղինակին անդրադարձավ նաեւ Հայր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը՝ նշելով, որ շուրջ 25 տարվա ծանոթությունը համարձակություն կտա որոշ անձնական վկայություններ ներկայացնել: «Հայր Զաքարիան այն բացառիկներից է, որ դեռեւս ուսանողական շրջանից հետաքրքրվում է եւ իր ողջ կյանքը, իր ազատ ժամանակի մեծ մասը տրամադրում հայ մատենագրության մեծերի ուսումնասիրությանն ու հրատարակությունը…Դեռեւս սարկավագ վիճակով Հայր Զաքարիան զբաղվում էր Կիրակոս Երզնկացու աշխատություններով: Գրքում դրված են այն բոլոր հոդվածները, որոնք հրատարակվել են, երբ Հայր Զաքարյան դեռեւս Տիգրան սարկավագ Բաղումյան էր»:

Նրա խոսքով. «Հայր Զաքարիայի հիշյալ մենագրությունը եւ բնագրերի հրատարակությունը մի հանգրվանային քայլ է, որտեղ Հայր Զաքարիան փորձում է ամբողջական համակարգված ձեւի մեջ դնել Կիրակոս Երզնկացու մատենագրության սպառիչ հետազոտությունը»: Հայր Շահեի ձեւակերպմամբ, նմանատիպ աշխատությունները ոչ համահայկական, այլեւ միջազգային կարեւորություն ունեն, ոչ միայն ճանաչողական, այլեւ խորքային, գաղափարաբանական վերլուծության տեսանկյունից կարեւորագույն հիմք են լավագույնս ճանաչելու մեր հայկական ինքնությունը եւ ավանդությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031