Լրահոս
Օրվա լրահոսը

Մազաթափություն․ որ սննդանյութերն են այս խնդիրը բուժող ազդեցություն ցուցաբերել

Փետրվար 02,2023 09:30 Share

JAMA Dermatology ամսագրում վերջերս հրապարակված զեկույցում ամփոփվել են մազաթափության բուժմանը վերաբերող նախկին հետազոտություններին և սննդային հավելումների փորձարկումներին առնչվող տվյալները։

Հաստատվել է, որ մի շարք հավելումներ, ներառյալ դդմի սերմերի յուղը, ցինկը, վիտամին E-ն, օմեգա ճարպաթթուները և  այլն, խոստումնալից արդյունք են ապահովում մազաթափության որոշ տեսակների բուժման համար։ Սակայն զեկույցում ներառված հետազոտությունները լայնամասշտաբ չեն եղել և ունեցել են սուբյեկտիվ չափանիշներ, ինչն ընդգծում է այդ ուղղությամբ կլինիկական հետազոտությունները շարունակելու անհրաժեշտությունը։

Մազաթափության ընդհանուր տեսակները

Մազերի աճի ցիկլը սովորաբար բաժանվում է 3 փուլի։ Առաջին փուլը, որն անվանում են անագեն, բնորոշվում է մազի ակտիվ աճով ու կարող է տևել մի քանի տարի։ Առողջ գլխամաշկի ֆոլիկուլների 85-90 տոկոսը անագենի փուլում է գտնվում։

Աճի փուլին հաջորդում է կատագենը՝ անցումային փուլը, որը ներառում է մազերի աճի դանդաղումը։ Կատագենի փուլը տևում է մոտ 14 օր, որին հաջորդում է տելոգենը կամ հանգստի փուլը, որից հետո որոշ մազեր թափվում են։ Օրական 50-100 մազի կորուստը նորմալ է համարվում։ Այս ցուցանիշի գերազանցումը խոսում է մազաթափության կամ ալոպեցիայի մասին։

Մազաթափության առաջացման պատճառները բազմաթիվ են՝ տարիքը, գենետիկան, աուտոիմուն հիվանդությունները, հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, ինչպես համոզվեցինք վերջերս՝ քովիդը և այլն։
Մազաթափության ամենատարածված տեսակները ներառում են անդրոգենային մազաթափությունը (տղամարդկային տիպի և կանացի տիպի), օջախային ալոպեցիան և մազերի բարակացումը, որն անվանում են նաև տելոգենային անհետացում:

Տղամարդկանց տիպի մազաթափությունը (անդրոգենային) առավել տարածված տեսակներից մեկն է, որը, ըստ որոշ տվյալների, հանդիպում է մինչև 50 տարեկան կանանց ու տղամարդկանց մոտ 50 տոկոսի մոտ։ Օջախային մազաթափությունը նույնպես բավականին տարածված է, որն առաջանում է աուտոիմուն հիվանդության հետևանքով և բնորոշվում է մազերի տեղային կորստով։

Տելոգենային անհետացումը բնորոշվում է մազի ֆոլեկուլների՝ աճի փուլից վաղաժամ տելոգենի փուլ անցումով, որը հանգեցնում է հանգստի փուլում չափից շատ մազերի կորստի։ Այդ տեսակի մազաթափության պատճառը սովորաբար սթրեսն է, հիվանդությունը, որոշ դեղամիջոցների օգտագործումը, հղիությանը հաջորդող շրջանը և այլն։

Սննդային հավելումների օգտագործումը

Մազաթափության բուժումն առաջին հերթին ենթադրում է հիմնական պատճառի վերացումը․ դա կարող է լինել հիվանդությունը կամ որոշ սննդանյութերի անբավարարությունը։ Կան պերօրալ և տեղային դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են տղամարդկանց տիպի՝ անդրոգենային մազաթափության դեպքում, սակայն դրանք պետք է ընդունել միմիայն բժշկի նշանակումով։

Դեղորայքային բուժման կողմնակի ազդեցությունները բավականին շատ են, և գնալով ավելի է մեծանում սննդային հավելումների օգնությամբ մազաթափությունը բուժելու հանդեպ հետաքրքրությունը։

Վիտամիններ և հակաօքսիդանտներ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մազաթափության որոշ տեսակների՝ ներառյալ օջախային, անդրոգենային ալոպեցիայի և տելոգենային անհետացման պատճառները կապված են օքսիդացման սթրեսի ու սննդանյութերի անբավարարության հետ։

Վերոհիշյալ զեկույցում ներկայացված տվյալներով ցինկի դերը մազերի աճի խթանման հարցում բավականին մեծ է, իսկ
վիտամին D-ի ու վիտամին B12-ի նշանակության վերաբերյալ ապացույցներն ավելի քիչ են։

Թեև բիոտինը՝ վիտամին B7-ը տարածված բաղադրամաս է մազաթափության դեմ պայքարող միջոցների կազմում, սակայն բիոտինի ազդեցության մասին ուսումնասիրություն չի անցկացվել։

Կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ վիտամին E-ի ընտանիքին պատկանող հակաօքսիդանտային միացություններ համարվող տոկոտրիենոլները, ձկան յուղը (օմեգա-3 և օմեգա-6), սև հաղարջի սերմերի յուղը, լիկոպին հակաօքսիդանտը կարող են արդյունավետ լինել մազաթափության բուժման և մազերի աճի խթանման համար։

Հորմոնային մոդուլյատորներ, իմունոմոդուլյատորներ

Անդրոգենային ալոպեցիան կապված է տեստոստերոնի ածանցյալ համարվող դիհիդրոտեստոստերոն անդրոգենի նկատմամբ մազի ֆոլեկուլների ռեակցիայի հետ։
Կլինիկական փորձարկումների տվյալներով դիհիդրոտեստոստերոնի առաջացումն արգելակող ազդեցությամբ է օժտված դդմի սերմերի յուղը, որը կարող է խթանել տղամարդկանց մազերի աճը։

Հորմոնների պակասը, ինչպիսին՝ ինսուլինանման աճի գործոն 1-ն է, նույնպես կապվում է մազաթափության հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կապսիացինը՝ չիլի պղպեղի ակտիվ բաղադրամասը և հակաօքսիդանտային միացությունների ենթադաս համարվող իզոֆլավոնները կարող են մեծացնել այդ հորմոնի մակարդակը։

Ոչ մեծ կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ կապսիացինն ու իզոֆլավոնները միասին կարող են խթանել մազերի աճը մազաթափություն ունեցող մարդկանց շրջանում։

Խոստումնալից արդյունքներ են ցուցաբերել նաև բուսական միացությունները, օրինակ՝ գլիցիրիզինը (որը ստանում են մատուտակից) և քաջվարդի հյութահանուկը նպաստում են օջախային մազաթափության բուժմանը։

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ խնձորի որոշ տեսակներից ստացված պրոցիանիդին B-2-ը, որը հակաբորբոքային ու հակաօքսիդանտային միացություն է, նույնպես կարող է խթանել մազերի աճը։

Միևնույն ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս․

«Ուշադիր եղեք սննդային հավելումներ ընտրելիս, քանի որ որոշ սննդանյութերի մեծ չափաբաժինները կարող են վնասակար լինել, օրինակ, սելենի ավելցուկը կարող է թունավոր լինել և անգամ շատացնել մազաթափությունը, իսկ բիոտինի բարձր չափաբաժինները կարող են ակնե առաջացնել, ինչպես նաև փոփոխել արյան անալիզի տվյալները»։

Առողջ սնունդ

Մազաթափությունը կանխելու հարցում կարևոր դեր ունի նաև սննդակարգը։ Ինչպես նշել է դոկտոր Ռեյդ Մաքլելանը Հարվարդի բժշկական դպրոցից․ «Սպիտակուցներով ու երկաթով հարուստ սնունդը կարող է կանխարգելել կանանց ու տղամարդկանց մոտ մազաթափության առաջացումը։ Երկաթի դեֆիցիտը կամ սակավարյունությունը մազաթափությանը նպաստող գործոններից են, քանի որ ազդում են անմիջապես մազարմատների վրա»։

«Դուք կարող եք հարստացնել ձեր սննդակարգը տավարի ոսկորի հիմքով արգանակով, հավկիթով, ծովային ջրիմուռներով, կտավատի, չիայի, արևածաղկի սերմերով, ձկան յուղով, հատապտուղներով։ Խուսափեք ալկոհոլից, շաքարից ու վերամշակված մթերքներից»,-խորհուրդ է տալիս բժիշկ Մաքլելանը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր ճանաչողական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728