Լրահոս
Օրվա լրահոսը

Կարնեգի կորպորացիայի նախագահը՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

Փետրվար 27,2023 14:52

Միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետ եւ ահաբեկչության ուսումնասիրության ոլորտում հայտնի փորձագետ Լուիզ Ռիչարդսոնը կօգնի ընտրելու 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի հաջորդ դափնեկրին 

Փետրվարի 27, 2023 թ., Երեւան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը խթանում է մարդասիրական ջանքերն աշխարհում, ուրախ է հայտարարելու, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը: 

«Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացնում նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը փրկելու համար: Ստեղծումից ի վեր այն ուշադրություն է հրավիրել աշխարհի մի շարք ամենահրատապ եւ անտեսված ճգնաժամերի վրա:

Որպես Ընտրող հանձնաժողովի անդամ՝ տիկին Ռիչարդսոնը սերտորեն կաշխատի ականավոր մարդասերների, իրավապաշտպանների եւ պետությունների նախկին ղեկավարների խմբի հետ՝ միասին ընտրելու «Ավրորա» մրցանակի հաջորդ դափնեկրին:

Մասնագիտությամբ քաղաքագետ Ռիչարդսոնն ահաբեկչության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ է: Նախքան ամերիկյան ամենահին եւ ամենաազդեցիկ դրամաշնորհային հիմնադրամներից մեկին՝ Կարնեգի կորպորացիային միանալը՝ նա զբաղեցրել է Օքսֆորդի համալսարանի փոխկանցլերի պաշտոնը, եղել է Սենտ Էնդրյուսի համալսարանի տնօրենն ու փոխկանցլերը, ինչպես նաեւ Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆի ուսումնասիրությունների ինստիտուտի գործադիր դեկանը:

«Լուիզ Ռիչարդսոնը ոչ միայն նշանավոր ակադեմիկոս է եւ առաջնորդ, այլեւ մեծ մտածող, որն իր գործունեության ողջ ընթացքում իր հսկայական փորձն ու գաղափարներն ուղղել է ժողովրդավարության ամրապնդմանը, խաղաղության առաջխաղացմանը եւ այլոց կյանքը բարելավելուն»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Ինձ համար պատիվ է ողջունել Լուիզի մուտքը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողով, որտեղ նա անկասկած նշանակալի ազդեցություն կունենա»:

«Ուրախ եմ միանալու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որը շարունակում է հանձնառու լինել՝ ուրիշներին օգնելու համար սեփական կյանքը վտանգող մերօրյա հերոսներին մեծարելու իր գործին»,- ասաց Լուիզ Ռիչարդսոնը։ «Ես մեծ հետաքրքրությամբ եմ հետեւել «Ավրորայի» աշխատանքին եւ մշտապես հիացել նրանով, թե ինչպես է այն զորացնում անհատների, որոնք ամեն օր կայացնում են խիզախ որոշումներ՝ պայքարելու խտրականության եւ անհավասարության դեմ եւ ակտիվորեն նպաստելու խաղաղության հաստատմանը»։

Ծագումով իռլանդացի Լուիզ Ռիչարդսոնը պատմություն է ուսանել Դուբլինի «Թրինիթի» քոլեջում, քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ստացել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, կառավարման մագիստրոսի եւ դոկտորի աստիճան՝ Հարվարդի համալսարանում, որտեղ հետո դասավանդել է երկու տասնամյակ: Բարձրագույն կրթության ոլորտում ունեցած ավանդի համար 2022 թ. հունիսին Լուիզ Ռիչարդսոնն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման (DBE, Dame Commander of the Order of the British Empire):

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Հարվարդի համալսարանի Սամների անվան մրցանակի՝ պատերազմի կանխարգելմանը եւ համընդհանուր խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքի համար, ինչպես նաեւ Հարվարդի արվեստի եւ գիտության բարձրագույն դպրոցի Հարյուրամյակի մեդալի՝ տեսլականի եւ առաջնորդության համար:

Լուիզ Ռիչարդսոնը բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է, որոնց թվում են «Ահաբեկչություն եւ ահաբեկչության դեմ պայքար. անցյալից քաղած դասեր» (2007 թ.), «Ինչ են ուզում ահաբեկիչները՝ հասկանալ թշնամուն, զսպել սպառնալիքը» (2006 թ.), «Ահաբեկչության արմատները» (2006 թ.) եւ «Երբ դաշնակիցների շահերը չեն համընկնում. անգլոամերիկյան հարաբերությունները Սուեզի եւ Ֆոլկլենդի ճգնաժամերի ընթացքում» (1996 թ.) աշխատությունները:

Տիկին Ռիչարդսոնը Բուքերյան մրցանակի (Booker Prize) եւ Sutton Trust հիմնադրամների հոգաբարձու է, ինչպես նաեւ Արվեստի եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփա հասարակության եւ Միացյալ Թագավորության սոցիալական գիտությունների ակադեմիայի անդամ:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

 «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է բացահայտել եւ ճանաչման արժանացնել աշխարհի անհայտ հերոսներին: Հիմքում ունենալով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ այն ստեղծվել է ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկել են հայերի կյանքը 1915 թ. Ցեղասպանության ժամանակ: «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: Նրան շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, ինչն էլ ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728