Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե Սամվել Բաբայանը Արցախում ասում է, թե հետ է բերելու նախկինների ամբողջ թալանածը, բա իր թալանա՞ծը ով պետք է հետ բերի». Արդարադատության գեներալ-մայոր

Փետրվար 28,2023 22:33

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անվերապահորեն համաձայնելով, որ 35 տարի առաջ Սումգայիթում եւ Բաքվում հայ ազգաբնակչության նկատմամբ կատարվել են ցեղասպանական գործողություններ, որ դրանք մինչեւ հիմա էլ շարունակվում են, ու մենք կրկին կանգնած ենք ցեղասպանության վտանգի առջեւ, նաեւ նշեց․ «Բայց եթե ավելի հեռու գնանք, չէ՞ որ 1915 թվականին էլ տեղի է ունեցել ցեղասպանություն։ 73 տարի հետո կրկին ցեղասպանություն իրականացվեց,  այս անգամ՝ արդեն  Ադրբեջանի տարածքում։ Եվ այս ամենը հիշելով, պետք է գնահատենք այսօրվա իշխանություն կոչվածների՝ խաղաղության դարաշրջան բացելու աբստրակտ գաղափարները։ Հայը մշտապես պետք է հասկանա, որ թուրքը միշտ եղել եւ մնում է հայասպան գործողություն իրականացնող։ Ադրբեջանը նույն թուրքերն են։ Մենք պե՞տք է հասկանանք, որ թուրքի հետ մենք չենք կարող խաղաղ գոյակցել։

35 տարի առաջ, կարելի է ասել, ես տեսել եմ այն խոշտանգված հայերին, որոնց Ադրբեջանից  ավտոբուսներով բերում էին Հայաստան։ Այդ ժամանակ ես քննիչ էի աշխատում Իջեւանի սահմանային անցակետում։ Մենք մեր հայրենակիցներին ընդունում էինք ու տեսնում, թե ինչպիսի խոշտանգումների են նրանք ենթարկվել․ ֆիզիկական, բարոյական, բռնաբարություններ, կիզումներ։ Ու հիմա այս  իշխանությունները մոռացության են տալիս Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը եւ փորձում քննարկել, թե Արցախը կարող է խաղաղ գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում։ Սա այս իշխանության դավաճանական հերթական քայլերից մեկն է»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը։

Արդարադատության գեներալ-մայորը ափսոսանքով նշեց, որ Արցախում իր գնահատմամբ Հայաստանի վարչապետի տեղապահը, կատարելով նրա եւ Ալիեւի հանձնարարությունը, ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ «Բայց քանի որ Արցախում կա որոշակի լուրջ ընդդիմություն, այդ թվում՝ խորհրդարանում եւ Արայիկ Հարությունյանը չի կարողանում մինչեւ վերջ կատարել Նիկոլի եւ Ալիեւի պատվերները, կարծես,  Արայիկ Հարությունյանին որպես օգնական ուղարկել են Սամվել Բաբայանին, որպեսզի մինչեւ վերջ իրականացվեն պլանները։ Եվ հիմա Սամվել Բաբայանը արցախահայությանը ուզում է ներկայանալ որպես փրկիչ՝ հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Նաեւ կրկնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ հայտարարում է, թե նախկինների ամբողջ թալանը պետք է հետ բերի։ Լավ։ Իսկ նրա՞ թալանը ով է  հետ բերելու։ Փորձենք հիշել ոչ վաղ անցյալում Սամվել Բաբայանին ձերբակալելու ժամանակ նրա տանը կատարված խուզարկությունները․ մեծ քանակությամբ ոսկյա զարդեր, մեքենաներ, անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություններ եւ այլն։ Նա ձերբակալվեց որպես հանցագործ եւ հետո դատապարտվեց նաեւ որպես մահափորձ կատարող անձ։ Ու նա հիմա եկել ու փորձում է Արցախը փրկե՞լ»,-ասաց գեներալ-մայորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728