Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղրելու են պետությունը, քանի դեռ չի հայտնվել այն ուժը, որն ամեն մեկին գցի իր տեղը»․ Արթուր Համբարձումյան

Մարտ 22,2023 19:55

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում հաճախակի տեղի ունեցող լեզվակռիվներին, տհաճ միջադեպերին, կարծիք հայտնեց․ «Սա դասական առումով խորհրդարան չէ, սա բացահայտ խայտառակություն է։ Որ ասում եմ՝ սա խորհրդարան չէ, ոչ թե էմոցիոնալ կամ քաղաքական անպատասխանատու գնահատական եմ հնչեցնում, այլ բառացիորեն քաղաքական գնահատական։

Խորհրդարանը պետք է վերահսկողություն իրականացնի կառավարության գործունեության նկատմամբ, սա քաղաքագիտական նորմ է։

Մեր խորհրդարանը կառավարության գործունեության նկատմամբ որևէ վերահսկողական ֆունկցիա չի իրականացնում։ Ասեմ ավելին, կառավարությունն է վերահսկողություն իրականացնում խորհրդարան կոչվածի նկատմամբ, սա աբսուրդ, աննորմալ երևույթ է»։

Ըստ Արթուր Համբարձումյանի, խորհրդարանում պետք է քննարկվեն ազգի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները, լուծումներ առաջարկվեն, սակայն այդ խնդիրներից և ոչ մեկը չի բարձաձայնվում այդ հարթակում։ «Պատգամավորները պետք է շարժվեն միայն իրենց խղճով և համոզմունքներով, կաշկանդված չպիտի լինեն վարչական հրամայական մանդատով։ Մենք տեսնում ենք խորհրդարան, որտեղ պատգամավորները դարձել են այս կամ այն խմբի խմբավարի ամենավերջին մանկլավիկները։ Եվ այսպես շարունակ։ Սա խորհրդարան չէ, կարելի է ասել սա մաֆակումբ է։

Ազգի առջև ծառացած խնդիրներ կան, որոնց բարձրաձայնումը չի բխում այս իշխանության շահերից, բայց զարմանալիորեն այդ խնդիրներին չեն անդրադառնում նաև այսպես կոչված ընդդիմադիրները։

Այնտեղ կա Սերժ Սարգսյանի սանիկը՝ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը բանակում չի ծառայել, հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչու չի ծառայել, հետաքրքիր է նրա գլխում եկե՞լ է այդ հարցը, թե նույն Արարատ Միրզոյանը, որը համագործակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ինքն էլ ընդունել է, որ եղել է ԱԱԾ-ի գործակալ, ինչպե՞ս է իրականացրել հեղափոխություն։

Ընդդիմադիր դաշնակցական Արմեն Ռուստամյանին չի հետաքրքրո՞ւմ, որ չորեքշաբթի՝ հարց ու պատասախանի օրերին Ազգային Ժողովի ամբիոն դուրս գա և ասի՝ պարոն վարչապետ, դուք, որ Արարատ Միրզոյանին ձեզ տեղակալ էիք նշանակում 2018 թվականին, գիտեի՞ք, որ ԱԱԾ գործակալ է, գիտենալով հանդերձ եք նշանակե՞լ։

Վստահեցնում եմ՝ Արարատ Միրզոյանի նման անձինք շատ են Փաշինյանի շրջապատում, տասնյակներ են և ներողություն եմ խնդրում, որ միայն Արարատ Միրզոյանի անունն եմ տալիս ՝ քաջ գիտակցելով, որ դա էլ արդար չէ, այնտեղ լիքը մարդիկ կան», -ասում է Արթուր Համբարձումյանը։

Նրա համոզմամբ, ընդդիմադիր պատգամավորները ևս բացարձակապես կապ չունեն ընդդիմադիր գործունեության հետ։

«Նրանց խոսույթն առավոտից երեկո հետևյալի մասին է՝ հանձնել եք Արցախը, պարտվել եք պատերազմում, նրանք էլ հակադարձում են՝ Արցախը դուք եք հանձել, մենք չենք հանձնել։

Երեկ տեղի ունեցած ամբողջ նիստը դրա մասին էր, Արցախը դուք եք հանձել, չէ՛, դուք եք հանձնել, երկիրը դուք եք թալանել, չէ՛, դուք եք թալանել։ Տղեք, երկուսդ էլ ճիշտ եք։

Էսօր, երբ խոսում են Պապիկյանի Սուրենի ունեցվածքի մասին, ՔՊ-ն ի՞նչ է ասում, ասում է՝ հլը ձեր նախկին նախարարների ունեցվածքին նայեք, սխա՞լ է ասում ՔՊ-ն։

Վիգեն Սարգսյանը՝ «Ազգ բանակ» կոնցեպտի հեղինակը, պատերազմից առաջ Հայաստանի Հանրապետությունում չէր, պատերազմն ավարտվել է, Հայաստանի Հանրապետությունում չէ և չի էլ գնդակահարել ինքն իրեն, բայց ինքը եղել է Պաշտպանության նախարար։

Հիմա Վիգեն Սարգսյանը ի՞նչ իրավիճակում է գտնվում․ ֆինանսական, բարոյական ընկճված վիճակո՞ւմ է։

Պապիկյան Սուրենը՝ կապիտուլացված երկրի պաշտպանության նախարարը, բազմապատկել է, տասնապատկել է իր ունեցվածքը։ Կապիտուլացված, ողբերգության մեջ գտնվող երկրի պաշտպանության նախարարը բազմապատկում է իր ունեցվածքը, սա էլ մի այլ աննորմալություն է։

Չի կարող այսպիսի աննորմալություն տեղի ունենալ աշխարհի որևէ երկրում, բայց Հայաստանում կա։ Պապիկյանը Սուրենը երևի մտածում է, քանի որ ինձանից առաջվա նախարարները գող, ավազակներ են եղել, միլիոններ են տարել, ես էլ կտանեմ, էդ իմ կինն ու երեխան ումի՞ց են պակաս, որ չապրեն նմանատիպ տներում։

Այսինքն՝ իշխանություն-ընդդիմություն խոսույթն ամբողջությամբ սրա մասին է՝ դուք տարել եք, մենք էլ պիտի տանենք, ձեզանից վա՞տն ենք։

Ու այս պրոցեսն անդադար շարունակվելու է, վերջ չի ունենալու, քանի դեռ չի հայտնվել մի ուժ, որը ազդեցիկ դիրքից խոսի և ամեն մեկին գցի իր տեղը․ էս մարդիկ շարունակելու են ծաղրել երկիրը, պետությունը, ազգը»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Նա համոզված է, որ երկուստեք չեն թողնում այդ ուժն ի հայտ գա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031