Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք կհյուրընկալի

Մարտ 29,2023 16:01

911tert.am. «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Մարտի 29-31-ը Երեւանում անցկացվում է վարժանքի պլանավորման հիմնական համաժողովը, որին մասնակցում են Եվրոպական միության ներկայացուցիչները, փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից: Մայիսին կանցկացվի նույն թեմայով հրամանատարաշտաբային վարժանք, իսկ հուլիսին՝ դաշտային վարժանքի պլանավորման վերջին համաժողովը:

Ըստ սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ինչին հաջորդել են բարդ արտակարգ իրավիճակներ: Հայաստանը օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին: Ակտիվանում է Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: Վարժանքի նպատակն է աղետյալ երկրում աշխատող տարբեր երկրների փրկարարական թիմերի գործողությունների համակցման եւ համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:

Հայաստանի փրկարարները միջազգային վարժանքների կազմակերպման եւ մասնակցության հարուստ փորձ ունեն: Մասնավորաբար. սկսած 2000 թվականից Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնը» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) տարբեր երկրներում կազմակերպում է տարերային աղետների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքներ: Հայաստանի փրկարարները մասնակցել են այս վարժանքներին. 2011-ին՝ Մոլդովայում, 2012-ին՝ Վրաստանում, 2015-ին՝ Ուկրաինայում, 2016-ին՝ Մոնտենեգրոյում, 2017-ին՝ Բոսնիա-Հերցոգովինայում, 2018-ին՝ Սերբիայում, 2021-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայում եւ այլն: 2010 թվականին EADRCC-ի դաշտային վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկրի փրկարարական թիմ:

Վարժանքներին զուգահեռ, մեր փրկարարները իրական արձագանքման առաքելությունների են մասնակցում: Վերջին նման արձագանքումն այս տարվա փետրվարին էր՝ հայկական քաղաքային որոնողափրկարարական երկու թիմ մասնակցեց Սիրիայում եւ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների:

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031