Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերնպատակը կրթական բոլոր մակարդակներում ներառականության ապահովումն է»

Ապրիլ 06,2023 17:29

 «Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Միջոցառումն անցկացվել է «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որտեղ հաստատության սաները հանդես են եկել համերգային կատարումներով: Կազմակերպվել է նաև երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է կենտրոնի սաներից մեկին: Նշենք, որ կենտրոն հաճախում է 200 սան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այս միջոցառումը հասարակությանը երեխաներին ծանոթացնելու, նրանց հնարավորություններն այլ դիտանկյունից գնահատելու լրացուցիչ հնարավորություն է. «Այսօր երեխաները դրսևորվեցին իրենց լավագույն կողմերով: Եվ այս միջոցառումը հաջողված իրադարձություններից է, որ վստահություն է ներշնչում թե՛ մանկավարժներին, թե՛ ծնողներին՝ չընկճվելու և փորձելու հաղթահարել դժվարությունները՝ նոր արդյունքներ գրանցելով»:

Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ պետության գերակա ուղղություններից է համընդհանուր ներառականության ապահովումը, որն արդեն իսկ իրականացվում է կրթական մի քանի մակարդակներում. «Համընդհանուր ներառականության ապահովումը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի՝ անկախ իր զարգացման առանձնահատկություններից, իր հասակակիցների հետ կրթություն ստանալու, իր պոտենցիալը ռեալիզացնելու»:

Վիճակագրական տվյալներով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8000-ից ավելի երեխաներ սովորում են հանրակրթական դպրոցներում: Փոխնախարարի հավաստմամբ՝ պետության համար առաջնային է հենց կրթության միջոցով այս երեխաներին հասարակության մեջ ներառելու գաղափարը:

Նախորդ տարվանից համընդհանուր ներառականության համակարգը սկսել է ներդրվել նաև նախադպրոցական համակարգում՝ Երևանում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում: Այս տարվանից աշխատանքներ են իրականացվում՝ համընդհանուր ներառականության համակարգը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդնելու ուղղությամբ:

«Գերնպատակը կրթական բոլոր մակարդակներում ներառականության ապահովումն է: Այս ուղղությամբ նաև մասնագետների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումներ են իրականացվում»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա  խոսքով` սեպտեմբերից գործելու է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, ըստ որի՝ յուրաքանչյուր դպրոց ստանալու է նպատակային բյուջե՝ ուղղված դպրոցի միջավայրային պայմանների, մատչելիության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ անհատական կամ խելամիտ հարմարեցումների ապահովմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել