Լրահոս
Օրվա լրահոսը

«94թ․-ին պատերազմում հաղթեցինք, բա ինչի՞ չպարտադրեցինք խաղաղություն»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 18,2023 14:57

«Ինչպես ասում են՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Բանակի ուժեղացման, անվտանգության ապահովման համար ի՞նչ է արվում»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ իր՝ «աղքատությունը մարդկանց մտքում է» արտահայտությունը ժամանակին աղմուկ էր հանել․ «Բանակի փոփոխությունն էլ պետք է առաջին հերթին մտքի փոփոխությունից սկսել։ Ֆիզիկական փոփոխությունը, բովանդակայինը կարեւոր է։ Դեռ 2019թ․-ին քննարկում էինք սպայի, զինվորի բարոյական կոնտեքստի խնդիրը։ Դա հիմա էլ է կարեւոր»։

Անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Սա նշանակում է, որ պետք է համոզված լինել, որ զինվորն ունի մարտական-զինվորական հմտություններ, որոնցից ներքեւ չի կարող հայտնվել։ Զինվորականը պետք է սոցիալական երաշխիքներ ունենա նաեւ։ Պատկերացնո՞ւմ եք 25 տարվա ծառայած սպան չգիտի՝ երեխայի ուսման վարձն ինչպե՞ս վճարի կամ ինչպե՞ս բնակարան ձեռք բերի»։

Հաջորդ հարցը, Փաշինյանի պատկերացմամբ, սպառազինության ձեռքբերումն է․ «Խորը խնդիրներ ունենք, որոնք լուծումը միշտ չէ, որ փողի խնդիր է։ Չի եղել մի հարց, որը չենք լուծել այն պատճառով, որ փող չկա։ Այսօր ասում են՝ «խաղաղությունը պարտադրում են»․․․է հա, 94թ․-ին պատերազմում հաղթեցինք, բա ինչի՞ չպարտադրեցինք։ Իմ կարծիքով՝ խաղաղությունը ստեղծում են, կառուցում»։

Վիգեն Խաչատրյանը նաեւ հարցրեց՝ ՀՀ-Ադրբեջան ռազմական բալանսի մեծ ճեղքվածքը ինչպե՞ս վերականգնել։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ լուրջ ծրագրեր ունեն այդ ուղղությամբ․ «Բայց հարցը հրապարակային չպետք է քննարկենք։ Նման հարցերը միշտ պատրաստ եմ քննարկել փակ ռեժիմով եւ պատասխանել, այդ թվում ընդդիմության հարցերին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930