Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիչներ. «Հաջողությունները ձեռք են բերվում մարզիչների եւ մարզիկների միասնական աշխատանքով»

Ապրիլ 25,2023 13:29

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը «Արմենպրես» լրատվական կենտրոնում ամփոփելով օրերս Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի անդամների մասնակցությունը՝ նշեց, որ բացի Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի նվաճած ոսկե մեդալներից՝ կարող էին նաեւ այլ մեդալներ էլ լինել: Մարզիչը տվեց Հրայր Ալիխանյանի, Արման Ավագյանի, Մանվել Խնձրցյանի անունները, որոնք նաեւ հաղթելու շանս ունեին, սակայն այս անգամ չստացվեց: Հաբեթնակ Կուրղինյանը ասաց, որ դեռ չեն հասցրել մարզչական կազմով ամբողջովին վերլուծել, թե ինչը չստացվեց ըմբիշների մրցելույթներում, սակայն վստահեցրեց, որ անպայման մանրամասն վերլուծելու են բոլորի մասնակցությունը:

Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ընդհանուր առմամբ, գոհ է այս առաջնությանը իր մասնակցությունից: «Շատ լավ էի պատրաստվել թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես: Կառանձնացնեմ իմ եզրափակիչ գոտեմարտը, որի ժամանակ ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ հաղթել Զելիմխան Աբակարովին, որովհետեւ Եվրոպայի այս առաջնությունից հետո տեղափոխվում եմ 57 կգ քաշային կարգ, իսկ նա այդ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն էր»:

Արսեն Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նոր մրցաշար կա, որտեղ ինքն իրեն փորձարկելու է 57 կգ քաշային կարգում: «Եթե լավ հանդես գամ, աշխարհի առաջնությանը կմասնակցեմ այդ քաշային կարգում»,-ասաց մարզիկը:

Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանն ասաց. «Այս մեդալը շատ սպասված էր իմ համար: Շատ ուրախ եմ: Ընդհանուր մասնակցությունս, կարծում եմ, նորմալ էր: Չնայած նրան, որ կա հաղթանակ, բայց կան նաեւ սխալներ, որոնք վերացնելու վրա պետք է աշխատենք»: Նաեւ ավելացրեց, որ իր ծրագրերում աշխարհի առաջնությունն է, որտեղ պետք է օլիմպիական ուղեգիր նվաճել:

Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, թիմը լավ հանդես եկավ, սակայն կարող էր ավելի լավ լինել: «Մենք մեդալ էինք սպասում եւս երեք ըմբիշից, բայց ունենք այն, ինչ ունենք: Այդուհանդերձ, շնորհավորում եմ բոլորի եւ հույս ունեմ, որ աշխարհի առաջնությանը ավելի քրտնաջան կնախապատրաստվենք ու ավելի լավ կմասնակցենք»,-ասաց Ենոքյանը:

Արսեն Հարությունյանի անձնական եւ Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը նշեց, որ հաջողությունները ձեռք են բերվում մարզիչների եւ մարզիկների միասնական աշխատանքով: «Դժվար ու երկար ճանապարհ ենք անցնում: Բայց ամենակարեւորն այն է, որ մեկս մյուսին հավատում, վստահում եւ օգնում ենք: Իսկ աշխատանքի արդյունքը ցույց են տալիս մեդալները»,-ասաց նա:

Վազգեն Թեւանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանն էլ նշեց, որ իր երկար տարիների մարզչական աշխատանքում մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դեռ չէր ունեցել եւ շատ ուրախ է իր սանի առաջին ոսկե մեդալի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930