Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ունի ադրբեջանական կողմը՝ հակամարտության հետեւանքների ամբողջական վերացում ասելով. ՀՀ-ի հատուկ կարծիքն ու Բաքվի վերապահումը

Ապրիլ 26,2023 14:02

Այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով ԱՊՀ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Լենա Նանուշյան

Ըստ փոխնախարարի, համաձայնագրով ԱՊՀ երկրների համագործակցությունը կմեծանա, կկարողանան փոխօգնության միջոցով համաճարակների դեմ պայքարել: ՀՀ-ի կողմից համաձայնագիրը ստորագրվել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանի կողմից ստորագրվել է վերապահումով:

Լուսինե ԲադալյանՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը խնդրեց ներկայացնել ՀՀ հատուկ կարծիքը, որում հայկական կողմը մասնավորապես նշել էր, որ այդ փաստաթղթի դրույթները ՀՀ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կկիրառվեն 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացման վերացման, ագրեսիայի հետեւանքների վերացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման արդյունքների դեպքում՝ միջազգային իրավունքների նորմերի եւ սկզբունքների համապատասխան:

Իսկ Ադրբեջանի վերապահումն այն էր, որ իրենք համաձայնագրի դրույթները չեն կիրառելու ՀՀ-ի նկատմամբ՝ մինչեւ հակամարտության հետեւանքների ամբողջական վերացում եւ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորում:

Արմենուհի Կյուրեղյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց. «Ի՞նչ նկատի ունի ադրբեջանական կողմը՝ հակամարտության հետեւանքների ամբողջական վերացում ասելով, արդյոք դա ավելի լայն պահանջ չէ՞, քան մեր պահանջը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կիրառում: Նանուշյանը պատասխանեց, որ այդ հարցով զբաղվել է ԱԳՆ-ն ու ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել, թե ինչ է նկատի ունեցել Ադրբեջանը՝ այդ վերապահումն ունենալիս:

Նարեկ Զեյնալյան

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրեց՝ բյուջեի վրա ի՞նչ պարտավորություն է լինելու համաձայնագրի ընդունման արդյունքում, ի՞նչ ֆինանսական ծախս է ենթադրվում, օրինակ, 5 տարվա ընթացքում՝ Նանուշյանը պատասխանեց, որ նման մոտավոր գնահատական չի կարող ներկայացնել, քանի որ փոխօգնության խմբերը կազմվելու են՝ ելնելով համաճարակից, ծավալներից:

Համաձայնագրի վավերացման հարցը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930