Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Պետրոսյան․ «Քաղաքացիության, ընտրելու իրավունք, դիմել միջազգային ատյաններ, ունեցվածքի փոխհատուցում, աշխատանք․ արցախցի փախստականների խնդիրները շատ են»  

Ապրիլ 29,2023 18:48

«Ադրբեջանական ագրեսիայի հին եւ նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով այսօրվա համաժողովում «Դիզակ արտ» ՀԿ նախագահ Լիանա Պետրոսյանն անդրադարձավ Արցախի փախստականների խնդիրներին։

Նա իր ելույթում հիշեցրեց, որ Արցախում ապաստանել են բազմաթիվ հայ փախստականներ Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ եւ այլ քաղաքներից, որոնք 88-90-ականների ջարդերից են փրկվել։ Հիշեցրեց նաեւ, որ  91-92 թվականներին ԽՍՀՄ եւ ադրբեջանական ոստիկանական ռազմական կազմավորման, ՕՄՈՆ-ի «Կոլցո»  գործողություների հետեւանքով ամբողջովին հայաթափվեցին Գետաշենը, Շահումյանի, Հադրութի բնակավայրերը․«Այդ տարածքների հայերի մի մասը համալրեցին նախորդ տարիների փախստականների շարքերը։ Նրանցից ոմանք ՄԱԿ-ի կողմից բռնի տեղահանված եզրույթի ընդունումից հետո Արցախում համարվել են որպես ներքին տեղահանվածներ։  Սակայն ճանաչված չլինելով ՄԱԿ-ի եւ որեւէ երկրի կողմից՝ Արցախում ապաստանած փախստականներն ու ներքին տեղահանվածները միշտ զրկված են միջազգային քաղաքական եւ հումանիտար ուշադրությունից, նրանց իրավունքների եւ ինքնորոշման  իրավունքների պաշտպանության մասին միջազգային կառույցներում առհասարակ չի խոսվել։ Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները վերաբնակեցվել են այսպես կոչված հին փախստականներով, հաճախ վերարտադրելով  կորցրած բնակավայրերի անվանումները՝ նոր Մարաղա, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն եւ այլն»։ Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի, Շահումյանի, Շուշիի  շրջանների մեծ մասի նկատմամբ ադրբեջանական ռազմական վերահսկողությունից հետո  այս տարածքների բնակչությունը կրկին դարձան փախստական եւ բռնի տեղահանված։

Նա ասաց, որ ադրբեջանցիների ատելությունը ավելի ու ավելի մեծ չափերի է հասնում, փախստականները, բացի այն, որ պատերազմում հարազատներ են կորցրել, նրանց կորուստներին գումարվում է նաեւ հայրենիքի եւ իրենց գույքի կորուստը։

«Արցախցի տարեցներն ու երիտասարդները չեն պատկերացնում իրենց կյանքը բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերը ատելության թիրախ են։ Բոլորը հասկանում են, որ Բերձոր-Լաչինով Հայաստան-Արցախ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու միջոց է։ Ադրբեջանն անկասկած ուզում է հայերից դատարկված Արցախ եւ եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որեւէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով կամ հնարավոր բոլոր ուղիներով, անելանելի պայմաններ ստեղծելով  արցախաբնակների համար, ինչն այսօր էլ անում է՝ կրակում է դաշտում աշխատող երկրագործ հայերի վրա, բարձրախոսներով նրանց հեռանալու կոչեր է անում, ճանապարհներ փակում, վնասում ենթակառուցվածքները»,-ասաց Պետրոսյանը։  Նա ասաց ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է փորձում հրահել՝ Արցախն առանց հայի ձեռք բերելու նպատակով։

«Ադրբեջանին իրենց անդամ համարող միջազգային կառույցներն նույնպե՞ս նոր պատերազմ են ցանկանում, որ որեւէ ձեւով չեն սաստում, քայլեր չեն ձեռնարկում ադրբեջանական ագրեսիան սանձելու համար։ Մեզ՝ փախստականներիս ու Արցախի բնակչության համար մարդու իրավունքը, փոքրամասնության իրավունքն ու այլ նորմերը  անհամատեղելի են Ադրբեջանի հետ։ Այսօր բնակչությանը խեղդելու նպատակով շրջափակելով Արցախը՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր հետ անհամատեղելի է մարդու կյանքի իրավունքը եւ սա հանդուրժելո՞ւ են արդյոք Ադրբեջանին իրենց անդամը համարող եւ մարդու իրավունքը կարեւորող միջազգային  կառույցները։  Արցախցի փախստականներն ուզում են վերադառնալ հայրենիք՝ Արցախ, սակայն նախեւառաջ պետք է լուծել մեր հայրենիքի բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը, ապա Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապահովող հարցը։

Մեզ՝ փախստականներիս համար անհասկանալի է, թե ինչո՞ւ չի քննարկվում երեսուն տարի ինքնահաստատված եւ փաստացի անկախ պետության լինելիության քննություն բռնած Արցախի ճանաչման հարցը։ Արցախի բնակիչները ինքնուրույն ժողովրդավար պետության ավելի մեծ ցուցանիշներ ունեն, քան Ադրբեջանը, բայց միջազգային մեծ քաղաքականությունը վախենում է ընդունել այդ փաստը։ Արցախի բնակչությունն իրավունք ունի ինքնուրույն  որոշելու իր քաղաքական կարգավիճակն եւ ապրելու սոցիալական կարգը։ Արցախցին չի ուզում եւ չի կարող ապրել ռասիզմի, ատելության, բռնատիրության եւ բռնության երկրում։ Մենք  քաղաքական, քաղաքացիական եւ սոցիալական արդարության իրավունք ունենք եւ կարող ենք մեր հայրենիքում շարունակել կառուցել իրավահավասարության եւ արդարության երկիր»։

Նա ասաց, որ Արցախի փախստականներն այսօր ստանում են առաջնային նվազագույն օգնություն, բնակարանի գնման հավաստագիր, սակայն այդ հավաստագրերը ստացածները մեծ խնդրի առաջ են կանգնել․ «Այս եւ նմանատիպ այլ խնդիրների լուծումն անհնար է գտնել պետական որեւէ կառույցում եւ դրանք շատ են, ինչպես քաղաքացիության, ընտրելու իրավունքի, միջազգային ատյաններ դիմելու, կորսված ունեցվածքի փոխհատուցման, 40-ից բարձր տարիքի մարդկանց  աշխատանքի տեղավորման, բնակարանի վարձի փոխհատուցման անհամաչափության եւ այլ խնդիրներ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930