Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենի փոխանցմամբ՝ ոստիկանությունում ստացված բողոքը որեւէ հիմք չունի, որը քննությամբ կապացուցվի

Մայիս 01,2023 11:53

Aravot.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Մեծ Պարնի գյուղի դպրոցի տնօրենը պետությունից ստացել է ջեռուցման համակարգեր, որից մեկը տեղադրել է իր տանը, իսկ իրենց տան չաշխատող կաթսան տեղադրել դպրոցում, ինչի հետեւանքով երեխաները դպրոցում չեն տաքացել:

Aravot.am-ի հետ զրույցում Մեծ Պարնիի դպրոցի տնօրեն Հրաչ Փիլոյանը հերքելով այս ամենը՝ զրպարտանք որակեց, նշելով, որ նախ՝ դպրոցը ողջ ջեռուցման սեզոնին, բացի մեկ դասարանից, ջեռուցվել է անխափան (տվյալ դասարանի դասապրոցեսը կազմակերպվել է այլ հատվածում):

«Դպրոցը անխափան ջեռուցվել է, պարզապես եղել է ծայրամասային 1 դասարան, որը տեղափոխվել է: Մինչեւ ապրիլի 28-ը դպրոցը ջեռուցվել է, եւ այդ մասով երբեւէ որեւէ դժգոհություն աշակերտներից ու ծնողներից չի եղել»,-ասաց տնօրենը:

Ինչ վերաբերվում է ջեռուցման կաթսաներից մեկն իրենց տան հին ու չաշխատող կաթսայով փոխարինելուն, ասաց. «2019թ-ին, երբ ծրագրով դպրոցը ստացավ 4 կաթսա, ստանալու ժամանակ, երբ ներկա էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ես անմիջապես բարձրաձայնեցի, որ կաթսաներից մեկի տուփը բացված ու վնասված է, շինարարական կազմակերպությանն ասացի, որ 4 հատից 1-ը հին է երեւում, քանի անգամ շեշտեցի այդ մասին, ասացին՝ խնդիր չի լինի, եթե խնդիր կլինի, կնորոգեն: Միացնելու ժամանակ խնդիր իսկապես առաջացավ 4-րդ կաթսայի մասով, մասնագետ բերեցին, նորոգեցին, բայց որոշ ժամանակ աշխատեցնելուց հետո կրկին չաշխատեց, էլի մասնագետ կանչեցինք, նորոգեցին…այդ կաթսայի հին լինելու մասին առաջինը եւ նույն պահին ես եմ բարձրաձայնել բոլորի մոտ: Բայց այն, որ ինձ մեղադրում են, թե ես եմ իբր նոր կաթսան իմ տան հին կաթսայով փոխարինել, անհիմն զրպարտություն է, որի համար պատասխան են տալու, թող քննությունը ավարտվի, ես ինքս եմ պատիվ պահանջելու»,-ասաց պարոն Փիլոյանը, հավելելով, որ իրենց տան ջեռուցման կաթսան իրենք գնել են ավելի քան 8 տարի առաջ՝ ապառիկով, որի մասին վկայող ոչ միայն փաստաթղթեր կան, այլ նաեւ լուսանկարներ. «Դա ապացուցելը խնդիր չի, նկարներ կան, փաստաթղթեր կան, թե երբ եմ առել, ու ինչ կաթսա է մինչեւ այսօր տեղադրված մեր տանը, մենք նկարներ ունենք նաեւ դպրոցին տրամադրված կաթսաներից, որի լուսանկարները ուղարկված են նաեւ մարզպետարան: Կաթսաների տրամադրման մասով դպրոցը որեւէ դեր չի ունեցել ոչ ձեռքբերման, ոչ էլ միացման մասով: Մեկ անգամ եւս կրկնում եմ, կաթսաներից մեկի՝ հին լինելու մասով ես նույն պահին եմ բարձրաձայնել, ու ասել եմ նաեւ, որ հետագայում խոսակցություններ կարող են լինել…»:

Տնօրենի փոխանցմամբ՝ ոստիկանությունում ստացված բողոքը որեւէ հիմք չունի, որը քննությամբ կապացուցվի։ Իսկ թե ինչու է դպրոցի ուսուցչուհին նման բողոք ներկայացրել, ասաց, պատճառը տվյալ ուսուցչուհու եւ աշակերտների ու ծնողների հետ ունեցած լարված հարաբերություններն են. «Ծնողները ծնողական ժողով էին հրավիրել, տնօրենից խնդրել ու դիմում ստորագրել, որ տվյալ ուսուցչուհին այլեւս դաս չպարապի իրենց երեխաներին: Հիմա որ դասաժամերը գնալով պակասում են, ինքը նման քայլերի է դիմում…»:

Ոստիկանությունում ստացված ահազանգի հետ կապված՝ իրավապահները տնօրենին դեռեւս չեն հարցաքննել:

 

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Մեծ Պարնիի դպրոցում տեղադրված ջեռուցման կաթսաներն են

Լուսանկարը՝ Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031