Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր գոռգոռոցներ ու լարված իրավիճակ․ ոտքի են կանգնել Շիրակի մսագործները

Մայիս 22,2023 14:19

Շիրակի մարզի մսագործներն այսօր բողոքով եկել էին Շիրակի մարզպետարան։

Նրանք նշում էին, որ չեն կարող կատարել օրենքի պահանջը, այն է՝ անասունները մորթել սպանդանոցում, քանի որ Շիրակի մարզում սպանդանոցներ չկան․ Մարալիկի սպանդանոցը չի գործում, իսկ Հայկաձոր հասնելու համար պիտի հսկա ճանապարհ կտրեն՝ 30-90 կիլոմետր անցնեն ու օրերով սպասեն, թե երբ կհասնի իրենց անասունը մորթելու հերթը։

«Զանգում ես սպանդանոց, ասում են՝ ախպեր ջան, ղասաբ գտի: 5 հազար դրամ էլ մորթողների հախն է, ես ղասաբ որտեղի՞ց գտնեմ։ Ամեն օր միլիցիան արձանագրություն է գրում, օրինակ՝ Թորոսի խաչմերուկում կանգնած են թե՛ պարեկները, թե՛ միլիցիայի բաժնի աշխատակիցները: Մեքենաները կանգնեցնում են, մի կիլոգրամ միս գտան, բռնում ու տանում են։ Որտեղի՞ց գտնենք սպանդանոց, օրենք ընդունելուց առաջ չէի՞ն մտածում էդ մասին», -ասում էր բողոքավորներից մեկը։


Մսագործները վրդովված են, որ իրենց «խաբեությամբ» տուգանքների են ենթարկում ՝ 20 հազարից մինչև 100 հազար դրամի չափով, իրենք էլ վարկերի տակ են։ Նրանց համոզմամբ՝ այնպես են անում, որ այս ոլորտը ևս մենաշնորհային դառնա։ «Կաթը մենաշնորհ դարձրեցիք, հիմի էլ միսն եք մենաշնորհ դարձնո՞ւմ։ Սաղ մենաշնորհ դարձրեք, մենք էլ թող սովից արտագաղթենք, սաղ ձեզի վերցրեք»-ասում էին բողոքավորները։

Նրանց հետ հանդիպեցին Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն ու գյուղվարչության պետ  Ռոման Համայակյանը։

Մի պահ կրքերն այնպես  բորբոքվեցին, այնպիսի աղմուկ-աղաղակ էր, որ  մեկը մյուսին չէր կարողանում լսել։

«Մարզում սպանդանոց չկա, ի՞նչ է ուզածները։ Հարցնում ես՝ տուգանո՞ւմ եք, ասում են՝ չէ, ուղղակի գրում ենք՝ ինչքան միս ունես։ Մեկ էլ  էլ տեսնում ես՝ 300 հազար դրամի ակտ է եկել մի ամսվա համար, սա շնո՞րհք է։ Տուգանողներն էլ ոչ թե ՍԱՏՄ-ի աշխատակիցներ են, այլ միլիցեքը։ Գոնե ՍԱՏՄ-ից գան, եթե խնդիր կա, նոր ուղարկեն ոստիկանությանը, մեր վաճառած միսն անվտանգության բոլոր կանոններին համապատասխանում է։

Սպանդանոց չկա,  տուգանք եք գրում, հա՞,  հլը թող գան, ցույց տան մարզի սպանդանոցները։ Զանգեցի սպանդանոց, ասի՝ կովի ոտքը կոտրվել է, եկեք, տարեք, ասեց  40 րոպեից կգանք, մինչև օրս պտի գան», -ասաց բողոքավորներից մեկը։

Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն ասաց, որ ուշ, թե շուտ պիտի անցնեն սպանդանոցային մորթի, նա  խորհուրդ  գրավոր դիմել Շիրակի մարզպետին, որպեսզի հարցը բարձրաձայնեն  կառավարությունում։

Մսագործներն առաջարկում էին սպանդանոց սարքելու վրա մեծ փողեր ծախսելու փոխարեն, այդ նույն գումարը ծախսել ամեն գյուղում մինի սպանդանոց սարքելու վրա, դրանից կշահի գյուղը, միանգամից կզարգանան գյուղական համայնքները։  Նրանք նաև նշում էին՝ դեմ չեն սպանդանոցներին, բայց օրենք ընդունելուց առաջ պիտի ուսումնասիրեն հնարավորությունները։

«Ձեր կառավարությունը խաբելով ման է գալիս, չենք եկել էստեղ ձեզանից պարտքով փող ուզելու։ Էնպես արեք, մարդիկ տուն պահեն», ասաց մսագործ Սարգիս Գինոսյանը։  Փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը հակադարձեց,թե 65 տարեկան մարդ է, իր կյանքում ոչ մեկին չի խաբել։ Մսագործը շարունակեց․ «Էլ  խաբելը ինչ ձևի է լինում, միլիցեքը փողն առնում, վազելով փախնում են, 120 հազար դրամ ակտ են գրել, ինչ ձևի մուծեմ»։

Փոխմարզպետը հիշեցրեց, որ բոլորը պիտի օրենքի դաշտում աշխատեն։«Ինձ մի հատ կբացատրե՞ս  էդ օրենքը հասկանամ, օրենք ունե՞ք, ամեն մարդ էդ օրենքը քաշում է իր բաղարջի տակ, էնպես արեք՝ օրենքը սաղիս հասնի, ուրագի պես մի քաշեք դեպ ձեզ, չենք եկել մուրացկանության»,-պատասխանեց մսագործը։

Փոխմարզպետը հորդորեց հանգիստ խոսել։ « Ինչ հանգիստ, րոպեն մեկ վրեքներս գրում են, ես 100 կիլոմետր ինչ ձևի գնամ, 25 հազար դրամ էլ տամ, որ հասնեմ Հայկաձոր։ Էնտեղ էլ ղասաբ չկա, մորթել չգիտեն, էլ իմ աշխատելու իմաստը ո՞րն է, թողեք ապրենք, ջուրը չտեսած՝ բոբիկացաք»,-ասում էր Սարգիս Գինոսյանը։

Մսագործները դժգոհում էին, որ այսօր Հայաստանի մասին մտածող չկա, միայն կան իրենց գրպանի մասին մտածողներ։

Երկար ժամանակ բորբոքված զրույց ընթացավ, մինչև որ փոխմարզպետը կարողացավ նրանց հանգստացնել ու հորդորել՝ անպայման գրավոր դիմեն իրենց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031