Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի տիկնոջ՝ Գյումրու փոխքաղաքապետ դարձած ազգականն իր աներորդուն օգնակա՞ն է նշանակել

Հունիս 02,2023 13:54

Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը, որը մարտ ամսին նշանակվեց Գյումրու փոխքաղաքապետ, աշխատանքից ազատել է իր օգնականին՝ Կարեն Վարդանյանին՝ նրա փոխարեն պաշտոնի բերելով իր աներձագ Գևորգ Յայլոյանին։

Վերջինս եղել է Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի վարորդը։

Գևորգ Յայլոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանը, թե ինչ մասնագիտություն ունի՝ նշված չէ։

Շիրակի մարզպետարանում երիտասարդի հետ շփված անձինք փաստում են՝ դաստիարակված անձնավորություն է, սակայն ահազանգողներին վրդովեցրել է ԽԾԲ-ներով երկիրը կառավարելն ու ձևացնելը, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղվում։ Նրանք նաև բարձրաձայնում են վարորդից բարձրաստիճան պաշտոնյա դառնալը, այն էլ՝ խնդիրների մեջ թաղված Գյումրիում։

Մենք Գյումրու քաղաքապետարանից ճշտեցինք, որ Կարեն Վարդանյանն արդեն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Իհարկե, դեռ նոր օգնականի՝ Գևորգ Յայլոյանի աշխատանքի ընդունման հրամանը տրված չէ, սակայն, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, նա մի քանի օր է՝ աշխատանքի է գալիս։ Ճշտեցինք, որ օրինակ՝ նա այսօր քաղաքապետարան է մտել Վահագն Մկրտչյանի հետ։

Ի դեպ, Գևորգ Յայլոյանի ֆեյսբուքյան էջում արդեն նշված է, որ աշխատում է Գյումրու համայնքապետարանում։

Բանն այն է, որ Կարեն Վարդանյանին պաշտոնի բերել է հենց նույն Վահագն Մկրտչյանը, ստացվում է՝ ինքը բերել է, ինքն էլ ազատում է։

Կարեն Վարդանյանի՝ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջում վրիպակներով տեղադրված ինքնակենսագրականի մեջ էլ նշված է, որ աշխատանքի է անցել 2023 թվականի մարտի 15-ից, այսինքն` ճիշտ այն օրը, երբ պաշտոնի է եկել Վահագն Մկրտչյանը։

Ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը և ճի՞շտ է արդյոք աներորդուն օգնական բերելու մասին շրջանառվող տեղեկությունը, այս թեմաների շուրջ պարզաբանում ստացանք փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանից։

Նա ասաց, որ իր օգնական Կարեն Վարդանյանը բիզնես դաշտ է տեղափոխվելու, հենց այդ նպատակով էլ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ի դեպ, Կարեն Վարդանյանի՝ քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրականում նշված է, որ բիզնեսմեն է․ իր անուն-ազգանունով ձեռնարկություն ունի, կաշվե իրերի արտադրությամբ է զբաղվում։

Ինչևէ, Վահագն Մկրտչյանը նաև պարզաբանեց, թե դեռ վերջնական չի որոշել՝ ո՞ւմ կնշանակի օգնական, դեռ փնտրտուքի մեջ է, մի քանի թեկնածուներ կան։

Մեր ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքապետարանից տեղեկացնում, որ իր աներորդին արդեն աշխատանքի է գալիս, փոխքաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ դեռ օգնական չունի։

Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ բարեկամին պաշտոնյա դարձնելը, Վահագն Մկրտչյանը պատասխանեց․ «Օգնականը պետք է վստահելի անձնավորություն լինի, Գևորգը կուսակցական է, մեր թիմակիցն է, իհարկե, դեռ որոշված չէ, թե ով է նշանակվելու օգնական, բայց այս հարցերը ևս դիտարկում ենք` ընտրություն կատարելիս»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930