Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է կասկածում Գյումրու փոխքաղաքապետը «Մայր Հայաստան» հուշահամալիրում կատարված վանդալիզմի մեջ

Հունիս 10,2026 19:55 Share

Գյումրու «Սև Բերդ» ամրոցի հարևանությամբ գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որը քաղաքի խորհրդանիշերից է, հանդիսավորությամբ բացվել է 1975 թվականի մայիսի 9-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի առթիվ և հավերժացնում է պատերազմում զոհված հայորդիների հիշատակը, այսօր պղծվել է։

Այսօր գիշեր անհայտ անձինք պոկել ու աղբարկղ են նետել հերոս քաղաքների ոսկետառ անվանումները։ Կատարված վանդալիզմը հայտնաբերել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, որոնք վաղ առավոտյան տարածքում կանաչապատման աշխատանքներ են կատարել։

Այս մասին ահազանգում է Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունը՝ ռեպորտաժ պատրաստելով ու ցուցադրելով, թե ինչ վայրագությամբ են հանել այդ տառերը։ «Գրությունները պոկվել են բիրտ ուժով, ինչի հետևանքով քարերի վրա մեծ անցքեր ու վնասվածքներ են գոյացել»,- ասվում է ռեպորտաժում՝ ցուցադրելով այդ ամենը։

Քաղաքապետարանի լրատվական ծառայության տեղեկացմամբ, կոմունալ ծառայողները պոկված գրությունները հայտնաբերել են «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղադրված աղբամանների մեջ։

Կոմունալ ծառայության աշխատակիցները հանել են բոլոր տառերը ու փորձում են հատ-հատ կպցնել՝ նույն հերթականությամբ դասավորելով, վերականգնել իրենց տեղերում։

Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ամենն արվել է միտումնավոր՝ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու նպատակով։

«Սկզբում մտածեցինք՝ մետաղ գողացողներն են արել, բայց երբ հայտնաբերեցինք աղբարկղների մեջ, հասկացանք, որ նրանց ձեռքի գործը չէ․ այդ տառերը արժեք չեն ներկայացնում, պլաստմասայից են՝ ոսկեգույն։

Կոպիտ քերել, հանել են՝ չհասկանալով, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրենց պապերի գերեզմանն է, ու իրենք պղծում են սրբավայրը, անարգում նրանց հիշատակը։

Էժան, ճղճիմ, հրեշավոր արարք է, բնութագրելու համար բառեր չես գտնում, ուղղակի խելք չունեցող մարդկանց արարք է։

Կասկածներ ունեմ, որ արևմտամետ ուժերի մատը խառն է»,- ասաց Գագիկ Մանուկյանը։

Գյումրու համայնքապետարանը դիմելու է ոստիկանություն՝ պարզելու «հերոսներին»։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը ևս տեսանյութ է նկարահանել ու տարածել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ կարծիք հայտնելով, որ հակառուսական տարրերը արած կլինեն՝ չմտածելով, որ այստեղ Հայրենական մեծ պատերազմում նահատակված 300 հազար հայերի հիշատակն է հավերժացված։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930