Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադաստրի վկայականը ո՞վ է մեզ տալու, Փաշինյանի ձեւակերպումը Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր է»․ Շահեն Շահինյան

Հունիս 04,2023 19:55

Գեոդեզիստ, քարտեզագրող Շահեն Շահինյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի»։

«Այդ հայտարարությունն այդ ձեւակերպմամբ Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր է, քանի որ ոչ ոք չգիտի, թե այսպես կոչված կադաստրի վկայականը ով է մեզ տալու, եթե Հայաստանն արդեն իսկ ճանաչված է ավելի քան 150 պետության կողմից։ ՄԱԿ անդամ պետությունները ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը, աշխարհի խոշոր պետությունները հարցականի տակ չեն դնում Հայաստանի Հանրապետության գոյություն ունենալու իրավական հիմքերը»,- ասաց Շահեն Շահինյանը։

Նրա խոսքով՝ կադաստրի վկայականի իմաստին մոտ փաստաթուղթ միջազգային մակարդակում գոյություն չունի։ «Շատ կուզեմ, որ հարց տրվի այն մարդկանց, ովքեր այդ ձեւակերպումը հորինել են՝ կարո՞ղ են աշխարհում ներկայացնել որեւէ պետության կադաստրի վկայականը, դա աբսուրդի ժանրից է։ Կադաստրի վկայական կոչված փաստաթուղթը դա ներպետական փաստաթուղթ է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության ներսում գտնվող պետական լիազոր մարմնի կողմից։ Բոլոր պետություններն իրենց տարածքում ունեն անշարժ գույքի սեփականության վկայականներ, որը մեզ մոտ կոչվում է կադաստրային վկայական, բայց դա տալիս է լիազոր մարմինը։ Եվ ըստ այդմ՝ տվող լիազոր մարմինը նաեւ իրեն իրավունք է վերապահում վիճարկելու այդ կադաստրային փաստաթուղթը։ Ստացվում է, որ մենք ինչ-որ վերացական, մտացածին փաստաթուղթ ենք ուզում ունենալ՝ հետագայում նաեւ ռիսկի տակ դնելով դրա վիճարկելիությունը։ Այսինքն՝ հնարավոր է, որ այդ փաստաթուղթը վիճարկվի»,- ասաց նա։

Ըստ մասնագետի՝ Հայաստանն իր պատմության ընթացքում ունեցել է մի քանի պետականություն, որոնք ճանաչված են եղել գերտերությունների կողմից։ «Եվ աբսուրդ է խոսել կադաստրի վկայականի մասին։ Երբ քո պետությունը ձեւավորված է, ունի պետական մարմիններ, պետական մտածելակերպ ունեցող ազգաբնակչություն, ապա դա ավելին է, քան այսպես կոչված կադաստրի վկայականը։ Ես որպես մասնագետ՝ բազմիցս պնդել եմ հիմա էլ եմ պնդում՝ կադաստրի վկայական ձեւակերպումն անընդունելի է պետության եւ պետական սահմանների վերաբերյալ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930